Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնաբանել է ռուսաստանցի առաջատար գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի՝ մարզական քաղաքացիության հնարավոր փոփոխությունը:
«Մեր գեղասահքի ֆեդերացիան զբաղվում է Ադելիա Պետրոսյանի՝ մարզական քաղաքացիության հնարավոր փոփոխության հարցով։ Ես չեմ լսել, որ նա հրաժարվել է փոխել քաղաքացիությունը»,- Metaratings.ru-ի հետ զրույցում հայտնել է Գիլոյանը։
Օրեր առաջ նույն աղբյուրը հայտնել էր, թե 17-ամյա մարզուհին մերժել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի առաջարկը՝ հրաժարվելով փոխել մարզական քաղաքացիությունը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից էլ ТАСС լրատվական գործակալությանը հայտնել էին, որ կապ չեն հաստատել Պետրոսյանի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան Պետրոսյանին 2024/2025 մրցաշրջանի համար ընդգրկել էր կանանց մենասահքի թիմում:
Հիշեցնենք, որ հայ մարզուհին մենասահքի Ռուսաստանի գործող չեմպիոնն է: Ռուսաստանցի գեղասահորդները 2022 թվականից զրկված են միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից: