UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը հայտարարել է, որ իր համար կարևոր չէ, թե ում հետ օկտագոն դուրս կգա. միևնույն է տապալելու է մրցակցին:
«Ալի Աբդել-Ազիզը մտավ սենյակ ու ինձ ասաց այդ լուրը: Խենթություն է, բայց ես պատրաստ եմ: Երբ գլադիատորն ասպարեզ է մտնում, երբեք չի ընտրում իր մրցակցին: Երբեք: Պարզապես ուղարկեք ինձ պայմանագիրը, ահա և վերջ: Կարևոր չէ, թե ում հետ օկտագոն դուրս կգամ. միևնույն է տապալելու եմ նրան»,- ասել է Մախաչևը UFC-ի հրապարակած տեսանյութում:
He couldn't leave everyone without a fight! 💪@MAKHACHEVMMA is ready to defend against anyone!
— UFC (@ufc) January 18, 2025
[ #UFC311 | 10pmET SAT LIVE ON @ESPNPlus PPV ] pic.twitter.com/tHBgnwaRhU
ESPN-ի եթերում խոսելով արդեն նոր մրցակցի մասին՝ Իսլամ Մախաչևը Մոյկանոյին «կանխատեսելի» է անվանել. «Նա վտանգավոր տղա է, վերջին շրջանում մի քանի լավ մենամարտ է անցկացրել: Նա դեռ վտանգավոր է: Ես հարգում եմ նրան, քանի որ նա ընդունեց այս մենամարտը: Նա էլ պետք է շնորհակալ լինի, քանի որ ես նրան տիտղոսային մենամարտի հնարավորություն եմ տվել: Նրա մասնակցությամբ մի քանի մենամարտ դիտել եմ, բայց պետք է նորից ուսումնասիրենք: Նա շատ կանխատեսելի է: Գիտեմ՝ ինչպես է պայքարում: Լավ ըմբիշ է, բայց ես երբեք մեջքս չեմ տալիս մրցակցին: Չեմ ուզում նրան որևէ հնարավորություն տալ, բայց ես նրան հարգում եմ: Եկեք կազմակերպենք այս մենամարտը բոլորի համար: Ես չեմ պատրաստվում հեռանալ առանց կռվելու»:
Հիշեցնենք, որ UFC 311-ի գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևի մրցակիցը պետք է լիներ հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել պայքարից:
UFC 311-ը կկայանա հունվարի 19-ին և կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում (iOS, Android)՝ սկսած ժամը 05:00-ից:


