Բրիտանական հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է կանանց և տղամարդկանց պայքարում «Ոսկե գնդակ-2022»-ի գլխավոր հավակնորդներին:
Կանանց ֆուտբոլում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի գլխավոր հավակնորդը «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասն է՝ չնայած նրան, որ նա ԵՎՐՈ-2022-ից առաջ ստացած ծնկի ծանր վնասվածքի պատճառով վիրահատվել է և խաղադաշտից կբացակայի 1 տարի:
Տղամարդկանց պայքարում բացահայտ ֆավորիտը Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Կարիմ Բենզեման է: Ֆուտբոլիստը 2021/2022 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր, Լա լիգայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հավակնորդների լավագույն հնգյակում են նաև Սադիո Մանեն («Լիվերպուլ»/«Բավարիա» և Սենեգալի հավաքական), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ», Բրազիլիա):
Այս տարի առաջին անգամ «Ոսկե գնդակի» համար պայքարում հաշվարկելու են միայն մրցաշրջանի արդյունքները, տվյալ դեպքում՝ 2021/2022-ի: Այս տարի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները կազդեն «Ոսկե գնդակ-2023»-ի վրա:


