Գրքի և գրականության եռօրյա իսկական տոն, նոր գրքերի շնորհանդեսներ։ Դեկտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին «Անտարես» հրատարակչությունն ու «Դարան» գրախանութը կիրականացնեն ավանդական դարձած տարեմուտի մեծ գրավաճառք-տոնավաճառ։
Երեք օրերի ընթացքում կկազմակերպվեն նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ սիրված հեղինակների ու թարգմանիչների հետ, իսկ ճանաչված մարդիկ խորհուրդ կտան, թե ինչ գրքեր կարելի է ընթերցել։
Մասնավորապես, դեկտեմբերի 18-ին կանցկացվի արդի ամերիկյան գրականության ուշագրավ դեմքերից մեկի՝ Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը և այլ պատումներ» ժողովածուի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Արմեն Հայաստանցի)։ Նույն օրը կկայանա նաև Հովիկ Աֆյանի սպասված «Քաղցր կյանք» գրքի շնորհանդեսը։ Աֆյանի նախավերջին՝ «Կարմիր» գիրքն, ի դեպ, ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Կանցկացվեն նաև Լիլիթ Կարապետյանի «Անապատի գուշակը» գրքի, ինչպես նաև նոր այլ հրատարակությունների շնորհանդեսները։
Ընթերցողներին գրքեր կարդալ խորհուրդ կտան թարգմանիչներ և խմբագիրներ Զավեն Բոյաջյանն ու Նունե Թորոսյանը, ժամանակակից գրողներ Հովիկ Չարխչյանը, Հուսիկ Արան, Գրիգը, Հրաչյա Սարիբեկյանը, Արտավազդ Եղիազարյանը, Գրիշ Սարդարյանը, Ջեսահը, թարգմանիչներ Ռուզան Պետրոսյանը և Արեգ Բագրատյանը, մանկավարժ Արսեն Վարդանյան և այլք։
Գրքի տոնավաճառի գաղափարի հեղինակը գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է, որը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ գրքի և գրականության հանրահռչակման, ինչպես նաև հեղինակ-ընթերցող կապի ամրապնդման համատեքստում։ Ընթերցողներին սպասվում է իսկական եռօրյա տոն՝ լի բազում միջոցառումներով։