ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում առաջին անգամ հաղթած անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան նվաճել է մարզչական կարիերայի 36-րդ տիտղոսը, հաղորդում է MisterChip։
Այդ ցուցանիշով 52-ամյա իսպանացի մասնագետը գերազանցել է Կիևի «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, որն ունի 35 տիտղոս (42 տարում)։
Ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը շարունակում է մնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Կարիերան ավարտած շոտլանդացի մասնագետը 39 տարում նվաճել է 49 տիտղոս։
Խոսեպ Գվարդիոլան պատմության մեջ առաջին մարզիչն է, որը երեք ակումբների հետ դառնում է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ Նա նման հաջողության հասել էր նաև կատալոնական «Բարսելոնայի» (2009, 2011) ու Մյունխենի «Բավարիայի» (2013) հետ։
Գվարդիոլան նաև կրկնել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ցուցանիշը՝ չորրորդ անգամ հաղթելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։
15 տարվա մարզչական կարիերայի ընթացքում իսպանացին 14 տիտղոս նվաճել է «Բարսելոնայի» հետ, 7 տիտղոս՝ «Բավարիայի», 15 տիտղոս՝ «Մանչեսթեր Սիթիի»։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում անգլիական ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Եվրոպա լիգայի գործող գավաթակիր իսպանական «Սևիլիային»։ Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:


