Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Daily Mail-ը։
Ավելի վաղ կատալոնացի մասնագետը խոստացել էր հեռանալ, եթե պարզվի, որ անգլիական ակումբի ղեկավարությունը խաբել է իրեն՝ թաքցնելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումը։
Փետրվարի 6-ին Պրեմիեր լիգան պաշտոնապես հայտարարել էր, որ 2009-2018 թվականներին «Մանչեսթեր Սիթին» թույլ է տվել շուրջ 100 ֆինանսական խախտում։ Ակումբը կարող է հեռացվել Պրեմիեր լիգայից կամ զրկվել միավորներից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։
2020 թվականին ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիի» վրա 2 տարվա տրանսֆերային արգելք էր դրել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար և տուգանել 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ 5 ամիս անց պատժամիջոցը չեղարկվել էր բողոքարկման արդյունքում, իսկ տուգանքը հասել էր 9 միլիոն ֆունտ ստերլինգի։ Դրանից հետո Խոսեպ Գվարդիոլան աջակցել էր ակումբին՝ պնդելով, որ որևէ խախտում չի եղել։ Նա նաև ընդգծել էր, որ կհեռանա, եթե պարզվի, որ ակումբի ղեկավարությունը խաբել է իրեն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 21 խաղից հետո 45 միավորով երկրորդ տեղում է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:


