Logo

Գոլային երաշտն ավարտվեց, առաջին պարտությունը տնային խաղում. «Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:08 / 13.12.2024Ֆուտբոլ
null

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում տնային խաղում 1-3 հաշվով պարտվեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Հայաստանի փոխչեմպիոնը 5 խաղում վաստակած 4 միավորով խփած և բաց թողած գոլերի 3-12 տարբերությամբ մրցաշարային աղյուսակում 31-րդ տեղում է:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում 3-րդ պարտությունը կրեց: Վերջին 4 խաղերում Ռուի Մոտայի գլխավորած թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ նախորդ տուրում Երևանում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով իսլանդական «Վիկինգուրի» հետ:

Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում «Նոան» 13-րդ խաղն անցկացրեց: Երևանյան թիմը տոնել է 6 հաղթանակ, կրել է 5 պարտություն, 2 խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնը 21 գոլ է խփել, բաց է թողել 18 գնդակ:

 

2. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում տնային խաղում առաջին պարտությունը կրեց: Իսկ մինչև այդ սեփական դաշտում անցկացրած նախորդ 6 խաղերում 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել, մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնն աչքի էր ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 17 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Միակ գոլը տնային խաղում «Նոան» բաց էր թողել հունական ԱԵԿ-ից Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում:

3. «Նոային» վերջապես հաջողվեց ընդհատել Եվրագավաթներում 328 րոպե տևած գոլային երաշտը: Նախորդ գոլը Ռուի Մոտայի գլխավորած թիմը խփել էր Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղի 76-րդ րոպեին, երբ Վիրժիլ Պինսոնը գրավել էր չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը:

 

4. «Նոան» Եվրագավաթներում առաջին անգամ մրցեց Կիպրոսի ներկայացուցչի հետ: ԱՊՕԵԼ-ից կրած պարտությունը հայկական թիմերի համար 10-րդն էր կիպրոսյան ակումբների հետ անցկացրած եվրագավաթային 12 հանդիպումներում: Հայաստանի ներկայացուցիչներն ընդամենը մեկ հաղթանակ են տոնել, մեկ խաղ էլ ավարտել են ոչ-ոքի, խփել են ընդամենը 5 գոլ, բաց են թողել 27 գնդակ:

5. «Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը Եվրագավաթներում երկու երկրների ակումբների 7-րդ դիմակայությունն էր, որը ևս ավարտվեց մրցակցի հաղթանակով: Հայկական ակումբներից միակ հաղթանակը տարել է Աբովյանի «Կոտայքը», որը 1996/97թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության է մատնել ԱԵԿ-ին, սակայն հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը ու դուրս է մնացել հետագա պայքարից:

 

6. Հայկական մյուս թիմերն էլ անհաջողության են մատնվել Կիպրոսի ներկայացուցիչների հետ դիմակայությունում: «Անորտոսիսի» հետ դիմակայությունում պայքարից դուրս են մնացել «Շիրակը» (0-4, 2-2, 1996/97թթ., ՈՒԵՖԱ-ի գավաթ) «Փյունիկն» (0-1, 0-2, 2008/09թթ., ՉԼ) ու «Բանանցը» (0-3, 0-1, 2010/11թթ., ԵԼ):

2016/17թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Բանանցը» (0-1, 1-4) և 2020/21թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Արարատ-Արմենիան» (0-1) չեն կարողացել հաղթահարել «Օմոնիայի» արգելքը:

7. Իսկ ահա խորհրդային տարիներին «Արարատը» գերազանց արդյունքներ է գրանցել Կիպրոսի թիմերի հետ եվրագավաթային հանդիպումներում՝ առավելության հասնելով ԷՊԱ-ի (1-0, 1-0, 1972/73թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ) և «Անորտոսիսի» (9-0, 1-1, 1975/76թթ. Գավաթակիրների գավաթ) նկատմամբ: Ընդ որում «Անորտոսիսի» հետ 1975թ. սեպտեմբերի 17-ին «Հրազդան» ստադիոնում կայացած խաղում Էդուարդ Մարգարովը դարձել էր 5 գոլի հեղինակ:

8. Մաթեուս Այասը Եվրագավաթներում 4-րդ գոլը խփեց, որը երկրորդն էր Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: Նախորդ գոլը նա խփել էր չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը, իսկ մինչև այդ էլ 2 անգամ աչքի էր ընկել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ հանդիպումներում: Խփած գոլերի քանակով Մաթեուս Այասը հավասարվեց Վիրժիլ Պինսոնին: Իսկ լավագույն ռմբարկուն 6 գոլով Գոնսալո Գրեգորիոն է:

 

9. Ալեքսեյ Պլոշադնին մինչև ԱՊՕԵԼ-ի հետ հանդիպումը Եվրագավաթներում հայկական թիմերի դարպասը պաշտպանած 63 դարպասապահներից միակն էր, որ գոլ բաց չէր թողել: Մինչև առաջին գոլը բաց թողնելը, Պլոշադնին Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում 202 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել:  Ռեկորդակիրը «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանն է, որը Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 335 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:

 

10. Արտակ Դաշյանը Եվրագավաթների մրցաշարերում 45-րդ խաղն անցկացրեց ու շրջանցեց փյունիկցի իր նախկին խաղընկեր Տարոն Ոսկանյանին: Անցկացրած խաղերի քանակով Դաշյանը զիջում է միայն Արտակ Գրիգորյանին, որը 53 խաղի է մասնակցել:

Իսկ ահա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկություններում անցկացրած խաղերի քանակով (26) Դաշյանը ռեկորդակիր է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա