Logo

Գյուղում…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
1542365031 9658405 - Գյուղում...

Գյուղում մարդիկ սարքում են երկհարկանի դղյակներ: Երկրորդ հարկը զարդարում Մալաթիա տոնավաճառի ամենաթանկ վարագույներով՝ փայլուն ծոփքերով, ծաղկազարդ: Հյուրասենյակում կաշվից թանկագին բազմոց են դնում ու որ այն չվնասվի, ծածկում են մաշված անկապ կտորներով, ռոկոկո սեղաններ են առնում, վրան էլ անպայման վազ` արհեստական ծաղիկներով: Դռները ամենաթանկ ու պարտադիր փորագրություններով: Հատակին գորգեր:

Ննջարանները մալազիական անհավանական կահույք է դրված: Պահարաններում կախված են սիրուն փայլ ու քարիկներով շորեր՝ անհարմար, գունագեղ, թուրք ու չինացի գլամուր դիզայներների մտքի թռիչքի արդյունքները: Էդ շորիկները տարիներ շարունակ ծառայում են իրենց տիրուհիներին՝ ամենատարբեր հարսանիք-կնունք-ծնունդ գնալիս, մազերը վարդ սանրվածք անելիս:

Անկողինների վրա անպայման ինչ-որ մեծ ու չափազանց փափուկ խաղալիք կա՝ փոշու բուն իրականում ու վագրի տեսքով հիմնականում: Վագր, որը ենթագիտակցորեն կապ ունի էն ամենի հետ, ինչ պետք է անել այդ անկողնում վրա:

Իսկ առաջին հարկում կա սեղան՝ վրան անջրաթափանց սփռոց, ճանճերին բռնող ինչ-որ հարմարանք, մրգի վազ, մոխրաման: Կա անպայման թախտ, խառը, սովետական ժամանակներից մնացած աթոռներ ու վարագույր, որը վերոնկարագրյալ ճաշասենյակը բաժանում է ննջարան կոչվածից՝ մի հատված, որտեղ քնում են բոլորը միասին:

Առաջին հարկում կա մի առանձին հսկա տարածք, որտեղ մինչև առաստաղ հասնող պոլկաներ են՝ վրան պահածոների լիքը բանկաներ: Այդ բանկաները դեռ ամառվա կեսերին լցվում են, ու դեռ ձմեռվա կեսին վերջանում:

Գյուղում մարդիկ ապրում են հանուն երկրորդ հարկի, բայց անպայման առաջին հարկում: Երկրորդ հարկ ամռանը շաբաթը մեկ են բարձրանում, այն էլ միայն կանայք՝ մաքրություն անելու: Երեխաների ու փոշոտ տղամարդկանց մուտքն արգելված է:

Կանայք բարձրանում են մի քանի ժամով, մաքրում, պլպլացնում, վերցնում, նորից տեղը դնում վագրին՝ փոշին թափ տալուց հետո: Ապա նորից իջնում են առաջին հարկ՝ ապրելու, երեխաների վրա մի կուշտ գոռգոռալու, ամուսիններին հաց մաց սարքելու:

Գյուղում մարդիկ շատ են աշխատում: Կոշտանում են նրանց ձեռքերը, ճաքճքում, տառապանքը հող ու կեղտի տեսքով լցվում է ճաքերի արանքները:

Կոշտ ու ճաքճաք է դառնում նաև մարդկանց հոգիները, խանձվում ու մգանում են արևից դեմք, սիրտ, ոտք, ուսեր: Պնդանում, կոշտանում են:

Գյուղի մարդիկ էնքան են աշխատում, որ մեռնելու ուժ էլ չի մնում:

Գյուղի մարդիկ քաղաքը չեն սիրում: Քաղաքը նրանց ճնշել, ստորացնելու հատկություն ունի: Վերևից է նայում նրանց քաղաքը, քմծիծաղում: Ցանկացած գյուղացի դա անշուշտ զգացած կլինի: Ու դրանից ջղայնացած, վիրավորված, դրա դեմ պայքարած, հաղթած կամ պարտված կլինի:

Գյուղում՝ օդի մեջ տանջանքի հոտ կա: Քրտինքի:

Գյուղում՝ օդի մեջ սիրո հոտ կա:

Գյուղում սերն ուրիշ է: Մի տեսակ տանջանքով, ծառերի խշշոցով, հողի հոտով, խոպանի ճամփեքի քաղցրությամբ, կարոտով, տարվա մեջ իրար մի երկու ամիս տեսնելու հետ անկռիվությամբ:

Գյուղի սերը ավելի լուռ է, ավելի զուսպ, ավելի ուժեղ, ավելի փխրուն:

Գյուղի կարոտն արտահայտվել չգիտի: Լուռ է: Գյուղում կարոտը մեկ-երկու ամսում նոր երեխա ստեղծելու ու նախորդներին մի քիչ ճանաչելու միջոցով է: Գյուղում տղամարդ լինելն էլ էդ է:

Գյուղում կին լինելը դժվար է: Տուն տեղ, սկեսուր սկեսրայր, տալ տեգր, հարևան, բարեկամ, հող, գոմ, անասուն, հավ, նապաստակ, շուն ու կատու բոլորը կնոջ հոգսն են: Կնոջ անելինքն ու խնամելիքը:

Գյուղը կանանց ուսերին է թիկն տվել, բարձրացել, նստել է ուսերին, ոտքերը անհոգ կախ է գցել ու տմբտմբացնում է շվշվացնելով: Գյուղը կանանց տանջված, մի քիչ առաջ ծռված, արևից խանձված ու տաս շերտ մաշկ ունեցող ուսերին էդպես նստած ապրում է արդեն հազար տարի:

Գյուղում կանայք իրենց չեն խնամում: Ժամանակ չունեն: Ուժ չունեն: Չգիտեն՝ ոնց:

Գյուղի կանայք երազում են, որ իրենց աղջիկները քաղաք գնան, սովորեն ու անպայման քաղաքում ամուսնանան «որ իմ պես էշ չլինեք»,- ասում են իրենց դուստրերին՝ ակամա ատելություն ներշնչելով գյուղի հանդեպ:

Գյուղի աղջիկները շուտ են հասունանում: Դեմքի անցակնալի մազերն ավելի շուտ են աճում, կանացի տհաճ ցավերն ավելի շուտ են սկսվում, կյանքն ավելի շուտ է սկսվում:

Գյուղի աղջիկներն արդեն 10 տարեկանից լրիվ պատրաստ են կյանքին: Արդեն 10 տարեկանում գյուղի ցանկացած աղջիկ կկարողանա գյուղի ցանկացած մեծ ու ավելի մեծ ընտանիք տիրություն անել, պահել, էփել թափել, խնամել, դիմանալ, սիրել, 10 երեխա ունենալ, դաշտ, հավ, կով, սկեսուր, ամուսին, սեր ու անսեր մի կյանք ապրել:

Գյուղի աղջիկների աչքերն ավելի անմակերեևույթ խորն են: Անփայլ ու սիրուն: Ավելի մեծ ու լայն:

Գյուղի աղջիկները համարյա երբեք մանկական չեն հագնվում: Դեռ փոքրուց հագնում են շորեր, որ մեծերի շորերից են լրիվ, ուղղակի փոքր չափով կարված:

Գյուղի աղջիկները փոքրուց ամաչել են սովորում: Ամաչել ամեն ինչի համար. նոր-նոր երևացող կրծքերի, ոտքերին արտահայտիչ դառնալ սկսող մազերից, հայրերին գրկելուց, եղբայրներին հակաճառելուց: Ամեն ինչ մեջները պահել ու հարմար պահի հարմար մեկի վրա թափել են սովորում դեռ փոքրուց:

Գյուղի՝ քաղաք ամուսնացած աղջիկները եզակի բախտավորներ են համարվում: Քաղաքից գյուղ էկածները՝ միամիտ:

Գյուղում ապրելուց հետո, անգամ եթե Փարիզում էլ լինես, մեկ է՝ գյուղը մեջդ ծաղկում է յասամանի պես չքնաղ:

Գյուղը քեզ սովորեցնում է լինել համբերատար, աշխատասեր, նպատակային:

Գյուղը քեզ սովորեցնում է, որ վերևն Աստված կա: Գյուղը քեզ սովորեցնում է չհավատալ Աստծուն:

Գյուղը քեզ սովորեցնում է չհանձնվել:

Սովորեցնում է սիրել այն ամենը, ինչը հեռու է գյուղից:

Իսկ իրեն սիրել սովորում ես, երբ հեռու ես իրենից: Երբ մոտ ես ինքդ քեզ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ