Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոստովանել է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ բան է սովորեցրել իրեն:
«Նախքան «Մանչեսթեր Սիթիին» միանալը, ես կարծում էի, որ հասկանում եմ ֆուտբոլից: Ես 25 կամ 26 տարեկան էի, շատ բան էի տեսել: Խաղում էի Չեմպիոնների լիգայում, բայց հիմա, 7 տարի Պեպի դպրոցն անցնելուց հետո, կասեմ, որ նախկինում ոչինչ չգիտեի ֆուտբոլի մասին: Նրա ներգործությունը թիմի և անձամբ իմ վրա ահռելի է»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից էր խաղում «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 51 խաղի, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա մանչեսթերյան թիմի հետ նվաճել էր թրեբլ՝ հաղթելով Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Այս ամառ գերմանացին միացավ «Բարսելոնային» և կնքեց երկու տարվա պայմանագիր։