Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է կատալոնական ակումբ տեղափոխվելու որոշումը:
«Ես շատ երջանիկ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Բարսայի» հետ: Ոգեշնչված եմ նոր մրցաշրջանից առաջ: Եթե պետք է հեռանայի «Մանչեսթեր Սիթիից», ապա միայն «Բարսելոնա»: Մանկուց երազել եմ հագնել այս թիմի խաղաշապիկը: Ցանկանում եմ «Բարսելոնային» օգնել վերադառնալ այնտեղ, որտեղ պետք է լինի այս ակումբը»,- գերմանացու խոսքը փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը 2016 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:
Ընդհանուր առմամբ՝ Գյունդողանն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 304 հանդիպման, խփել 60 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում:


