Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ապրիլի 18-ին կայացած ասուլիսում ամփոփել է Թուրքիայի Անթալիա քաղաքում այս ամիս անցկացված աշխարհի երիտասարդական և Եվրոպայի մեծահասակների առաջնությունների արդյունքները և պատմել առաջիկա ծրագրերի մասին։
Անդրադառնալով երիտասարդական ԱԱ-ին՝ Հակոբ Սերոբյանն առանձնացրեց Համլետ Մանուկյանին։ Թուրքիայում Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանն առաջին երկու տեղերն էին գրավել նժույգ թափեր վարժությունում։ Համլետն իրեն հավասարը չէր ունեցել նաև օղակների վարժությունում՝ դառնալով աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն։
«Ամեն ինչ շատ լավ ստացվեց։ Նախատեսել էինք մեդալներ նվաճել, բայց մարզիկները գերազանցեցին մեր սպասելիքները։ Երիտասարդներն իսկապես պատրաստ էին և արեցին հնարավորինս ամեն ինչ։ Չէինք սպասում, որ կարող էինք նման բարձր արդյունքի հասնել թիմային պայքարում։ Հիմա պատրաստվում ենք նույն երիտասարդներին գործուղել ամռանը կայանալիք պատանիների եվրոպական Օլիմպիական փառատոնին, որտեղ նրանք լուրջ պայքար են ծավալելու և կարող են մի քանի մեդալ նվաճել։ Դա իրական է, քանի որ Անթալիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության թիմային պայքարում գրավեցինք 4-րդ տեղը՝ եվրոպական թիմերից աննշան զիջելով միայն Իտալիային։ Նման արդյունքը լուրջ խթան է մեզ համար, շարունակելու ենք աշխատել և գրոհել նոր բարձունքներ։ Միջազգային մրցումներում, կարծես, այլևս առանձնապես չենք կենտրոնանում 3-րդ և 4-րդ տեղերին։ Դա նշանակում է, որ մեր նշաձողն արդեն բարձրացել է, ավելի պահանջկոտ ենք դարձել ինքներս մեզ նկատմամբ։ Մասնակցում ենք ոչ թե կոնկրետ երկրների ներկայացուցիչների, այլ բոլոր մրցակիցներին հաղթելու մղումով։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նժույգ թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը վաստակեց 14,633 միավոր։ Այն դեպքում, երբ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոնի գնահատականը 14,660 միավոր էր։ Այդ վարժությունը ներառում է 10 տարր, որոնք բոլորն էլ Համլետը կատարում է։ Դա սենսացիա էր ամբողջ աշխարհում, բայց ոչ մեզ համար. գիտեինք, որ լավ էինք պատրաստվել։
Եթե նկատել եք, մեր պատանի մարմնամարզիկները խաչակնքվում էին ելույթից առաջ։ Նրանց ասացի, որ լավ բան են անում, առավել ևս՝ Թուրքիայում։ Դա լրացուցիչ հպարտություն հաղորդեց նրանց։ Ունենք որակյալ և հուսալի հերթափոխ։ Միայն թե շատ կարևոր է, որ մեր տաղանդավոր մարզիկներն առանց վնասվածքների հաղթահարեն անցումային տարիքը։
Հայկ Նազարյանին այնքան շատ եմ վստահում, որ մրցումների ընթացքում հանգիստ զբաղվում եմ մրցավարությամբ։ Անթալիայում մեր աշխատանքը համակարգում էինք հեռախոսով։ Համատեղ ճիշտ աշխատանքն է ցանկալի արդյունքի հասնելու գրավականը»,- նշեց գլխավոր մարզիչը։
Հակոբ Սերոբյանը մեկնաբանեց նաև Արթուր Դավթյանի տպավորիչ ելույթները Եվրոպայի առաջնությունում, որտեղ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում ու երրորդ տեղը գրավել նժույգ թափերում։ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում:
«Մեծահասակների առաջնությունում առավել մեծ ակնկալիքներ ունեինք Արթուր Դավթյանից։ Սպասում էինք, որ հենացատկում նա ռևանշի կհասնի Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ, որին անցյալ տարվա առաջնությունում զիջել էր հավասար միավորների պարագայում։ Արթուրը նաև բազմամարտի ծրագրով էր մասնակցում զուտ այն մղումով, որ վարկանիշ ձեռք բերի և բազմամարտով մասնակցի աշխարհի առաջնությանը, ինչը հնարավորինս հեշտացնում է օլիմպիական ուղեգիր նվաճելու խնդիրը։ Բայց Արթուրն այնքան լավ մասնակցեց, որ գրավեց 4-րդ տեղը և շատ մոտ էր երրորդ հորիզոնականին։ 31 տարեկանում բարդ է մասնակցել 6 վարժության։ Բազմամարտի եզրափակիչում անտեսելով վնասվածքի վտանգը՝ մի փոքր բարդացրեցինք ծրագիրը։ Ափսոս միայն, որ մեր թույլ գործիքի՝ պտտաձողի վրա, Դավթյանի արդյունքը փոքր-ինչ ցածր էր ու բազմամարտում նա մնաց 4-րդ տեղում։ Հետագայում, երբ նոր մարզադահլիճ կունենանք, կբարելավենք նաև մեր թույլ վարժությունները։ Արթուրը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ մեդալ նվաճեց նաև նժույգ թափի վրա վարժությունում, որում մրցանակային տեղի հույս չունեինք»,- ասաց մարզիչը։
Խոսելով ազգային հավաքականի մյուս մարմնամարզիկների ելույթների մասին՝ Հակոբ Սերոբյանը նշեց.
«Վահագն Դավթյանը գրանցեց իր լավագույն կատարումը։ Հավասար միավորների պարագայում անթերի կատարման շնորհիվ առաջ անցավ երրորդ տեղը գրաված օլիմպիական չեմպիոնից։ Նշեմ, որ Վահագնը աշխատում է Երևանի քաղաքապետարանում և մարզումների է գալիս ընդմիջման ժամերին։ Եթե լիարժեք մարզվի, ավելի լուրջ նվաճումներ կունենա։
Հարություն Մերդինյանը վաստակաշատ մարզիկ է, որին շատ եմ սիրում և հարգում։ Նա վնասվածք ուներ։ Աչքերիս չհավատացի՝ տեսնելով, որ ընկավ վարժությունը կատարելիս։ Նա կարող էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Նա ընդգրկված է ապրիլի 24-ին Եգիպտոսում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի մեր մասնակիցների թվում։ Հարութին խիստ անհրաժեշտ է գոնե եզրափակիչ անցնել նժույգ թափի վրա վարժությունում։ Վստահ եմ՝ կհաջողի, որովհետև պետք է համապատասխան միավորներ վաստակի, որպեսզի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանա։
Գագիկ Խաչիկյանն ավելացնելու շատ տեղ ունի։ Դժգոհ եմ նրանից, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում նրա հետ։ Նժույգ թափը նրա ամենաուժեղ վարժությունն է, բայց խիստ անհասկանալի ելույթ ունեցավ։ Գագիկը շատ մեծ ներուժ ունի, կարող է մինչև իսկ 14,8 և 15 միավոր վաստակել։ Անթալիայում նրա արդյունքը կարող էր 2 միավորով բարձր լինել։ Նմանապես սպասելիքները չարդարացրեց Արթուր Ավետիսյանը»։
Գլխավոր մարզիչը հայտնեց, որ Կահիրեում Մերդինյանից բացի, ելույթ են ունենալու նաև Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։ Նա առավել կարևորեց աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությունը, որին մասնակցության գերխնդիրը լինելու է օլիմպիական ուղեգիր նվաճելը։
Հակոբ Սերոբյանը գտնում է, որ 2024 թվականին Փարիզում կայանալի Օլիմպիական խաղերին մասնակցելու առավել իրական հնարավորություն ունի միայն Արթուր Դավթյանը։