Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մարտի 7-ին տեղի ունեցած ասուլիսում ամփոփել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում հաջորդաբար տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության առաջին ու երկրորդ փուլերը, որոնցում հայ մարզիկները նվաճել էին 4 մեդալ (2 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե)։ Նա անդրադարձել է նաև մրցաշրջանի ծրագրերին և պատմել Դոհայում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին։
Խոսելով հայ մարմնամարզիկների արդյունքներից՝ գլխավոր մարզիչը նկատել է. «Աշխարհի գավաթի խաղարկության առաջին երկու փուլերը նախորդ տարվա համեմատ զարմանալիորեն աչքի ընկան թեժ մրցակցությամբ։ Նույն Դոհայում մրցանակային եռյակում էին աշխարհի 2022 թվականի առաջնության մեդալակիրները, որոնք պարզապես այլ հաջորդականությամբ էին կանգնել պատվանդանին։ Գերմանիայում ուժեղ մրցակցություն կար հատկապես հենացատկում, նժույգ թափերի և օղակների վրա վարժությունում։ Մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն մարմնամարզիկները։ Արթուր Դավթյանն ապացուցեց, որ իրավմամբ է աշխարհի գործող չեմպիոնը։ Շատ ուրախ ենք, որ նրա մոտ չեմպիոնի հոգեբանություն է ձևավորվել։ Նրանից էին մեդալի մեր հիմնական սպասելիքները։
Գերմանիայում հաճելի անակնկալ էր նժույգ թափեր վարժությունում Գագիկ Խաչիկյանի երկրորդ տեղ գրավելը։ Եթե վերլուծենք, ապա կարող ենք արձանագրել, որ նշված մրցաձևի աշխարհի չեմպիոնը գրավել էր 5-րդ, իսկ փոխչեմպիոնը՝ 7-րդ տեղը։ Այսինքն, Խաչիկյանը շատ լավ գնահատականներով արծաթե մեդալ նվաճեց նման ուժեղ մրցակցության պայմաններում և ընդհատեց անցյալ տարվա իր անհաջողությունների շղթան։
Իսկ Հարություն Մերդինյանն արեց ավելին, քան կարող են անել սովորական մարզիկները։ Նա դաստակի հետ կապված խնդիր ունեցավ, որը, ճիշտ է, վերացվեց, բայց մարզիչ Սոս Սարգսյանը նրան խնդրեց ամբողջությամբ չկատարել վարժությունը։ Սակայն, Հարությունի ցանկությունն այնքան մեծ էր, որ նա անսալով մարզչի հորդորը՝ փորձեց լիարժեք կատարել վարժությունը։ Ուղղակի վերջում չստացվեց, չկարողացավ։ Գովելի է, որ 38 տարեկանում պահպանել է ձգտումը։ Այնտեղ անցավ բուժզննում, Հայաստանում էլ կստուգվի, որովհետև առաջիկայում ունենք կարևորագույն մրցում՝ Եվրոպայի առաջնությունը, որին նա պատվով կմասնակցի։
Անակնկալ էր նաև օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանի երրորդ տեղ գրավելը։ Անկեղծ ասած՝ նման հույս չունեինք, քանի որ տեսնում էինք, որ այդ վարժությանը մասնակցում է օլիմպիական չեմպիոնը, աշխարհի երկու չեմպիոններ։ Շատ ուրախ եմ, որ այդ մրցաձևում նույնպես մեդալակիր ունեցանք։ Նույն մրցաձևին ներկայացած Վահագն Դավթյանի մոտ պարզապես չէր ստացվում վարժության ավարտական փուլում անթերի կանգնելը՝ ավելորդ քայլից խուսափելը։ Հենց այդ պատճառով Դոհայում մեդալ չունեցանք օղակների վարժությունից։ Փոքր-ինչ դժգոհ էի, թեպետ ցանկացած երկրի համար մեծ հաջողություն է 5 մարզիկի պարագայում եզրափակիչ փուլի չորս մասնակից ունենալը։ Մենք ամենից առաջ մեր հանդեպ ենք պահանջկոտ», ասաց մարզիչը։
Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ այս տարի հայ մարմնամարզիկները կմասնակցեն նաև աշխարհի գավաթի՝ Եգիպտոսում կայանալիք փուլին։ Նա գտնում է, որ Արթուր Դավթյանը 90 տոկոսով լուծել է ընդհանուր հաշվարկով երկրորդ տարին անընդմեջ աշխարհի գավաթակիր դառնալու խնդիրը։
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև Կատարում տեղի ունեցած առեղծվածային և տհաճ պատմությանը։
«Մեր ելույթներին անդրադարձավ նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին Դոհայի օդանավակայանում անհասկանալի պատճառով արգելեցին մուտք գործել Կատար։ Հետագայում հայտնի դարձավ, որ նրան 5 տարով արգելել են այցելել այդ երկիր։ Որևէ պատճառ չեն նշում։ Մեր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը պատրաստվում է գրությամբ բացատրություն ստանալ արտաքսման պատճառների վերաբերյալ։ Հայկը 2018 թվականին Կատարում մասնակցել է նաև աշխարհի առաջնությանը։ Կատարցի ոստիկանը նշեց, որ խնդիրը կապված է իրենց երկրի միգրացիոն կենտրոնի հետ»,- պատմեց Հակոբ Սերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի հովանավոր Նարեկ Նալբանդյանի շնորհիվ թիմի անձնակազմում առաջին անգամ ընդգրկվելու են մերսող և բժիշկ։ Անչափ կարևոր է, որ դա տեղի է ունենում հիմա, երբ հավաքականը պատրաստվում է ապրիլի 11-16-ին Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մարզիչի խոսքով՝ այդ մրցմանը մասնակցելու են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։ Նրանք մարտի 25-ից ապրիլի 8-ը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնելու։ Հակոբ Սերոբյանը գտնում է, որ իր հրաշալի հնգյակի բոլոր անդամներն էլ առնվազն եզրափակիչ անցնելու լուրջ հնարավորություն ունեն։
Իսկ նույն Անթալիայում մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանը և Մամիկոն Խաչատրյանը․ «Նրանցից շատ լուրջ ակնկալիքներ ունենք։ Եթե հանդես գան հնարավորությունների սահմանում, վստահ եմ, որ լավ լուր եք լսելու»,- հայտարարեց մարզիչը։
Արթուր Դավթյան. «Ամեն ինչ կանեմ, որ լավ ելույթ ունենամ Օլիմպիական խաղերում»


