Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում երկրորդ հաղթանակը տարավ:
Հայ շախմատիստուհիները երկրորդ տուրում 4-0 հաշվով հաղթեցին Մեքսիկայի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես եկան սպիտակ խաղաքարերով, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը՝ սևերով։
Ի դեպ, Մարիամ Մկրտչյանի և Տանիա Ռոդրիգեսի պարտիան տևեց 5 ժամից ավելի:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիադ և Տոբագոյին:
Բացի Հայաստանի հավաքականից, երկու տուրից հետո ևս 39 երկրի թիմ ունի 100-տոկոսանոց արդյունք:
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։