Logo

Համաշխարհային թենիսի նոր արքայազն ու «Ռոլան Գարոսի» շարունակվող խնդիրները

Հեղինակ
Արամ Սահակյան
12:33 / 11.06.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Թենիսի «Մեծ սաղավարտերի» այս տարվա առաջին երկու մրցաշարերում հաղթեցին իտալացի Յանիկ Սիներն ու իսպանացի Կառլոս Ալկարասը: Սա 2003 թվականից հետո առաջին դեպքն է, երբ տարվա առաջին երկու խոշոր մրցաշարերում հաղթանակ չունեն «Մեծ եռյակի» ներկայացուցիչները՝ Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը: Տղամարդկանց մենախաղում դերերի վերջնական փոփոխություն է տեղի ունենում: Իսկ ամենամեծ պատմություն ունեցող մրցաշարերից մեկը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, կազմակերպվածության առումով շարունակում է հարցեր առաջացնել:

FastNews-ը կփորձի բացահայտել, թե ինչ տեղի ունեցավ «Ռոլան Գարոսի» կորտերում նախորդ երկու շաբաթների ընթացքում:

Նվաճում, որով պարծենալ չեն կարող նույնիսկ «Մեծ եռյակի» տղաները

Տղամարդկանց մենախաղի չեմպիոն դարձավ Կառլոս Ալկարասը: 21-ամյա իսպանացին կարիերայի երրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Կառլիտոսն առաջին թենիսիստն է տղամարդկանց մենախաղում, որին հաջողվում է կարիերայի առաջին երեք սաղավարտերը հաղթել երեք տարբեր ծածկույթների՝ հարդի, խոտածածկի ու գրունտի վրա: Ու այս փայլուն նվաճումը նա գրանցում է ընդամենը 21 տարեկանում: Եթե համեմատենք «Մեծ եռյակի» հետ, Ֆեդերերը 21-ում «Մեծ սաղավարտի» տիտղոս դեռ չէր նվաճել, Ջոկովիչը հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունը մեկ անգամ, իսկ Նադալն ուներ արդեն երեք հաղթանակ, սակայն բոլորը հենց փարիզյան կորտերում՝ «Ռոլան Գարոսում»:

Այն, որ Կառլոսը հաղթում է տարբեր ծածկույթների վրա, ցույց է տալիս իսպանացու ունիվերսալ լինելը: Նույն Նադալին բավականին երկար ժամանակ պահանջվեց խոտածածկի վրա հաղթելու համար, Ֆեդերերին ու Նովակին՝ գրունտի վրա հաղթելու համար: Ալկարասն արդեն մեծ հայտ է ներկայացնում թենիսային էլիտայում ամուր ոտքերով կանգնելու համար: Նա արդեն այնքան հաղթանակ ունի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որքան ժամանակին «Մեծ եռյակը» «մեծ քառյակի» վերածած Էնդի Մարեյն ու բոլորի հետ անվերջ կռիվ տվող Սթեն Վավրինկան:

Որակապես թույլ եզրափակիչի պատճառները

Եզրափակիչում Կառլոս Ալկարասի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: Խաղի որակը չափազանց ցածր էր: Բազմաթիվ ոչ պարտադիր սխալներ, եզրափակիչին բնորոշ նյարդեր ու եղանակային բարդ պայմաններ, որոնց թենիսի սիրահարները շատ լավ ծանոթ են, երբ խոսքը փարիզյան կորտերի մասին է: Ալկարասն ամենևին էլ իր լավագույն խաղը չցուցադրեց ո՛չ կիսաեզրափակիչում Յանիկ Սիների դեմ, ո՛չ էլ եզրափակիչում Ալեքսանդր Զվերևի դեմ: Սակայն իսպանացին, բնավորություն ցույց տալով, ապացուցեց, որ հնարավոր է հաղթել այսպիսի մրցաշարերում՝ նույնիսկ երկրորդ շաբաթվա ընթացքում չցուցադրելով իր լավագույն խաղը: Երբեմն այսպես հաղթում էին նաև Ջոկովիչը, Ֆեդերերն ու Նադալը:

Ինչ վերաբերում է Զվերևին, ապա սա նրա երկրորդ եզրափակիչն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Թե ինչ էր եղել առաջինում, հիշում ենք շատ լավ: Սակայն ամենավատն այն է, որ դա մտքից չէր հանել ու գերազանց հիշում էր նաև Զվերևը: 2020-ին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչը սեթերով 2-0 հաղթում էր ավստրիացի Դոմինիկ Տիմին: Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց Սաշայի համար:

«Ռոլան Գարոսի» այս եզրափակիչում Զվերևի բազմաթիվ սխալներն ավելի շատ նյարդային պահվածքի «արգասիքներն» էին: Ալեքսանդրը պահը բաց չէր թողնում մրցավարի հետ տարատեսակ հարցերում վիճելու համար: Թեպետ կար դրվագ, երբ դրա տեղն իսկապես ուներ: Եզրափակիչից հետո կար տպավորություն, որ եթե Զվերևը խաղար իր լավագույն թենիսը, շատ հեշտ կհաղթեր այսպիսի խաղ ցուցադրող Կառլոսին: Եվ հակառակը. եթե Ալկարասն իր ափսեի մեջ լիներ ամբողջությամբ, կհաղթեր ավելի հեշտ:

Եզրափակիչի որակի բացակայության գլխավոր պատճառներից է նաև այն, որ «Մեծ եռյակը» անհավանական նշաձող է դրել, որը գերազանցել գրեթե հնարավոր չէ: Ֆեդերերը, Նադալն ու Ջոկովիչը թենիսի երկրպագուներին այնպիսի բլոքբաստերներ են նվիրել, որ ամեն անգամ եզրափակիչ դիտելիս սպասում ես այդպիսի խաղի: Սակայն հաճախ չէ, որ սպասելիքներն արդարանում են: Ի դեպ, անցած տարի Ուիմբլդոնի եզրափակիչը որակական առումով լավագույններից էր նույնիսկ պատմության մեջ: Նովակ Ջոկովիչը սեղմեց Կառլոս Ալկարասին այնքան, որ իսպանացու գերազանց խաղը սահմաններ չուներ այդ օրը: Այդպես հաճախ է լինում, երբ կորտում «Մեծ եռյակի» տղաների դեմ ես խաղում:

«Ռոլան Գարոսի» խնդիրներն ու խաղի բեկումնային պահը

Ֆրանսիայի բաց առաջնությունը տարիներ շարունակ եղել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մեջ ամենախնդրահարույցը: Նախ, ի տարբերություն մյուս երեք խոշորագույն մրցաշարերի, Փարիզի կենտրոնական կորտը՝ «Ֆիլիպե Շետրիեն», չուներ տանիք: Տարվա այս ժամանակահատվածում Ֆրանսիայի քաղաքամայրը Եվրոպայի ամենաանձրևոտ քաղաքներից է: Խաղերի անվերջանալի թվացող հետաձգումներ, վատ պայմաններ երկրպագուների համար, ու խնդիրներ հեռարձակողների համար. Ֆրանսիայի բաց առաջնությունը ամենաչսիրվածներից էր երկրպագուների կողմից: Այս խնդիրը 2020-ին լուծեցին: «Ֆիլիպե Շետրիեն» այժմ տանիք ունի, ու անձրևի դեպքում այն փակվում է, խաղերն էլ բնականոն շարունակվում են:

Սակայն կա ևս մեկ խնդիր, որի լուծումն առայժմ չեն գտնում Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայում: «Ռոլան Գարոսում» չկա Hawk-Eye տեսակրկնապատկերների համակարգ: Այս սիստեմն աշխատում է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում՝ բացառությամբ Ֆրանսիայի բաց առաջնության: Վիճահարույց դրվագներում հանդիպման մրցավարն իջնում է աշտարակից, նայում գնդակի հետքն ու վերջնական որոշում կայացնում: Օրենքն աշխատում է այսպես. եթե գնդակի հետքի ու կորտի տվյալ հատվածի գծի միջև չկա հստակ երևացող կետ, համարվում է, որ գնդակը եղել է կորտում:

Հենց եզրափակիչում այս խնդիրն առաջին պլան նետվեց ամենակարևոր պահին: Վճռորոշ սեթում՝ 1-2 հաշվի ժամանակ, Կառլոս Ալկարասի մատուցման գեյմում Ալեքսանդր Զվերևն ուներ բրեյք-փոյնթ: Ալկարասը կրկնակի սխալ թույլ տվեց: Մրցավարն իջավ հետքը նայելու ու որոշեց, որ գնդակը կորտում էր: Զվերևը վիճեց, միավորը վերախաղարկվեց ու իսպանացին հաղթեց գեյմը, հետո նաև խաղը: Ալեքսանդրին զրկեցին բրեյք կատարելու հնարավորությունից խաղի ամենակարևոր պահին: Իսկ հետո հեռարձակողների համար աշխատող Hawk-Eye Data Base համակարգը ցույց տվեց, որ գնդակն իրականում հայտնվել էր out-ում:

Զվերևը խաղից հետո անդրադարձավ այս թեմային.

«Իմ բախտը չբերեց: Ես տեսել եմ Hawk-Eye Data Base-ով, որ գնդակն իրականում դուրս էր եկել: Ի՞նչ կարող եմ ասել: Ես ամեն ինչ թողել եմ կորտում, սակայն այդ դրվագը շատ բան փոխեց»:

Իսկ մինչև հետխաղյա ասուլիսը Զվերևը շնորհակալություն էր հայտնել մրցաշարի տնօրենին՝ նախկին թենիսիստուհի Ամելի Մորեզմոյին, ու որոշակի ակնարկներ արել հենց կորտում մրցանակների հանձնման արարողության ժամանակ.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամելի Մորեզմոյին մրցաշարի հրաշալի կազմակերպման համար: Ես անկեղծորեն գիտեմ, թե որքան բարդ է այս ամենը: Մենք շարունակ դժգոհում ենք, ու ձեր գործը բարդ է, սակայն դուք փորձում եք անել առավելագույնը: Շնորհակալ եմ»:

Սաշան իսկապես անկեղծ էր: Նման իրավիճակում կարող էին հայտնվել բոլորը: Այստեղ իսկապես նրա բախտը չժպտաց, թեև հենց եզրափակիչում կորտում բարձրացած քամու պատճառով ավազի բացակայության համար դժգոհել էր նաև Կառլոս Ալկարասը.

«Սա հարդի կորտի է վերածվում: Կորտում բավականաչափ ավազ չկա: Սա խայտառակություն է»,- ասաց Ալկարասը:

Անկախ ամեն ինչից, «Ռոլան Գարոսը» ամենապատմական մրցաշարերից է թենիսում: Եզրափակիչի խաղային որակը կմոռացվի, սխալները՝ ևս: Պատմության մեջ կմնան թենիսի նոր արքայազնի հերթական նվաճումն ու այն ապրումները, որ ունեցել են խաղացողներն ու երկրպագուներն ամբողջ մրցաշարի ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա