Մարկ Մայլոդը չարախինդ սոցիալական երգիծանքի ժանրում նորեկ չէ։ Նա ղեկավարել է ժանրի լավագույն ներկայացուցիչներից «Ժառանգները» (Succession) սերիալի կենտրոնական էպիզոդները, 2000-ականների սկզբի գլխավոր կինոսկանդալիստ Սաշա Բարոն-Քոենի մասնակցությամբ «Ալի Ջին խորհրդարանում» (Ali G Indahouse) սև կատակերգությունն ու, ընդհանուր առմամբ, սոցիալական սուր հայտարարությունների թեմայով կինոյում իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում։ Օրինակ, «Ժառանգներն» անխնա ծաղրում են կորպորատիվ Ամերիկան` խոշոր մեդիա ընկերության սեփականատեր ընտանիքում շեքսպիրյան կրքերի բորբոքման տեսանկյունից, ու երբեմն դրանք այնքան են թեժանում, որ լիովին փոխարինում են սերիալում դասական առումով էքշնի գրեթե իսպառ բացակայությունը։
«Մենյուն» (The Menu) նույն «Ժառանգների» պրոդյուսերական թիմի աշխատանքի արդյունքն է, կրկին սոցիալական երգիծանք, կրկին չարախինդ ծաղր` ուղղված գրեթե ամեն ինչին։ Սակայն այս ստեղծագործությունում ինչ-որ բան բացակայում է։
Մենք դիտել ենք ֆիլմն ու կփորձենք հասկանալ, թե ինչի պատճառով է ֆիլմը ոչ բավարար կծու։
Երիտասարդ զույգն ուղևորվում է հեռավոր կղզում գտնվող ռեստորան, որի շեֆ խոհարարն իր հարուստ ու ազդեցիկ այցելուներին ընտիր խորտիկների հետ միասին հրամցնելու է ցնցող անակնկալներ։
Առաջին հայացքից, «Մենյուն» ռեստորանային մշակույթը ծաղրելու բավականին անհարթ փորձ է։ Մի կողմից, բարձր խոհանոցի քննադատների պրետենցիոզ, հաճախ` չափազանցված լուրջ վերաբերմունքը սեփական առաքելության նկատմամբ, կարծես բիզնեսի ճակատագիրն ամբողջությամբ իրենց ձեռքում է, ներկայացված է բավականին սրամտորեն։ Մյուս կողմից, գաստրոնոմիկ դրախտում իրենց միակ ու անփոխարինելի աստծո շուրջ անդադար պտտվող սու-շեֆերի ու մյուս աշխատակիցների ինքնամոռաց, աղանդավորական կուլտի աստիճանի նվիրվածությունը վերին գաղափարին մի տեսակ մտացածին է ու կարիք ունի բանակային կազարմա հիշեցնող ննջասենյակը մի քանի վայրկյան ներկայացնելուց շատ ավելի հստակ բացատրության։ Նման բացատրություն մենք չենք ստանա, ինչի հետևանքով շեֆ խոհարար Սլովիկի «ծառայակիցների» վարքագիծը թվում է անտրամաբանական ու որևիցե բանով չհիմնավորված։
Սակայն ռեստորանային մշակույթի ծաղրը ֆիլմի հարձակման միակ ճակատը չէ։ Մայլոդը փորձում է ճոխ ընթրիքի համար մեկ կրակոցով միանգամից մի քանի նապաստակ սպանել, ինչից ի վերջո տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի գնդակ թիրախին չի կպնում։ Ֆիլմի տարօրինակ, երբեմն` բավականին սրամիտ պատման ընթացքում հեղինակները սպիտակ թելերով կարված այլաբանություններով կչարախնդան աշխատակցի ու ղեկավար կազմի, ծառայություններ մատուցողի ու դրանք սպառողի, արվեստի գործ ստեղծողի ու այն քննադատողի, անգամ` մարդկության` որպես գլոբալ սպառողի ու Բնության` որպես այդ սպառման աղբյուրի հարաբերությունների թեմայով, որոնցից ոչ մեկը, սակայն, բավարար սուր ատամներ չի ունենա արյուն բերելու համար։
Իսկ ավելի խորը ուսումնասիրության ընթացքում կարելի է հայտնաբերել, որ բոլոր ճակատներով հարձակումը հավասար է ընդհանրապես հարձակման բացակայությանն, ու, միգուցե, պետք էլ չէ որևիցե ասելիք, սոցիալական մեկնաբանություն փնտրել այս ծայրահեղ գեղեցիկ բեմադրված ու վարպետորեն խաղացած ֆիլմում։ Հնարավոր է` Ռեյֆ Ֆայնսի ու Անյա Թեյլոր-Ջոյի կերպարների միջև անդիմադրելի քիմիայով, «Ջումանջիի» նման` «իսկ ի՞նչ կլինի հետո» տիպի ինտրիգով ու շոշափելի թույլ վերջաբանով Մայլոդն ինքը փորձում էր զվարճանալ, անգամ` (չնայած մի փոքր մտացածին կհնչի) ծաղրել ասելիքներով ու մետաֆորներով լի ֆիլմերը, որոնք, վերջին հաշվով, ոչինչ էլ չեն ասում, բացի կինոքննադատների հորինածից։ Ինչպես դպրոցում էր, երբ ուսուցիչը որևիցե հաստափոր գրքի ընթերցումը հանձնարարելուց հետո պահանջում էր պատմել` ի՞նչ էր ուզում ասել հեղինակը։ Իսկ հեղինակն, այդ ընթացքում, ոչինչ էլ չէր ասում, նրա միակ ցանկությունը պատմություն պատմելն էր։
Կարդալ նաև՝
Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ
Իդեալական ամառային բլոկբաստեր... «Սև Ադամն» այնքան վատը չէ, որքան ասում են
Հասարակության ծնած հրեշը... Սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին նեթֆլիքսյան սերիալը
Դատապարտվածները. Հաշտվելու ու ապրումակցելու մասին Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբը»
Սուպերհերոսների աշխարհի հրեշները. ինչպիսի՞ն էր գայլամարդու մասին Marvel-ի առաջին սփեշլը
Երբ ավարը դառնում է որսորդ... ու հակառակը. «Ավար» ֆանտաստիկ թրիլլերը վերակենդանացնում է այլմոլորակային որսորդի մասին ֆրանշիզը


