![Համո Սահյան [սիրային] սահյան - Համո Սահյան [սիրային]](https://www.vnews.am/uploads/uploads/2019/11/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
***
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ
Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային։
Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին…
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին։
Տենչում էի հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին,
Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
Արժանանամ ես այդ փառքին։
Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհինգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից։
Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
Կրակված էր իմ սիրտն անբիծ,
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից։
Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն…
Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ։
Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ։
Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ։
Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի…
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի։
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն – առանց մեզ:
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:
Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:
Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում: