Logo

«Հարդ Ռոք» ստադիոնում կլասիկա չի հնչելու. Կոպա Ամերիկայի եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
12:06 / 14.07.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Արգենտինա - Բրազիլիա, թե՞ Արգենտինա - Ուրուգվայ. հարավամերիկյան սուպերկլասիկո, թե՞ Կոպա Ամերիկան ամենաշատը հաղթած հավաքականների դերբի՝ «Կլասիկո դել Ռիո դե լա Պլատա»:

ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի զույգերի հայտնի դառնալուց հետո շատերն այս եզրափակիչներներից մեկն էին կանխատեսում, բայց Կոլումբիայի հավաքականն իսկական փոթորիկ առաջացրեց ու գեղագիտական հաճույք պատճառող խաղով հասավ չեմպիոնական պայքարի եզրագծին: Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում կլասիկա չի հնչելու. վճռորոշ խաղում «բախվելու» են Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները:

Արգենտինայի հավաքականը հոբելյանական 30-րդ անգամ է հասել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ: «Ալբիսելեստեն» 15 անգամ հաղթել է Կոպա Ամերիկան և Ուրուգվայի հետ ռեկորդակիր է այդ ցուցնաիշով։

Կոպա Ամերիկայի գործող գավաթակիրը վերջին տարիներին մեծ թափ է հավաքել ու Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում: Արգենտինայի հավաքականը նախորդ Կոպայի եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասավ Բրազիլիայի նկատմամբ ու 28 տարվա դադարից հետո կարողացավ նվաճել բաղձալի տիտղոսը: Դա Լեո Մեսիի առաջին գավաթն էր ազգային թիմի կազմում: Այդ հաջողությունից հետո Արգենտինայի հավաքականը նվաճեց նաև Ֆինալիսիման ու դարձավ աշխարհի չեմպիոն:

Ընդհանրապես զարմանալի չէր, որ արգենտինացիներն այս Կոպային մոտեցել են գլխավոր ֆավորիտի կարգավիճակում: Լիոնել Սկալոնին «Ալբիսելեստեն» գլխավորում է 2018 թվականից: Նրա ղեկավարությամբ «Կապտասպիտակները» պաշտոնական խաղերում կրել են ընդամենը 4 պարտություն, որոնցից միայն մեկն է եղել ճակատագրական (2019թ․ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում թիմը 0-2 հաշվով պարտվել էր Բրազիլիային):

Արգենտինայի հավաքականը շատ վստահ տեսք ունի նաև Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում: Թիմը խմբային փուլում խնդիրների չհանդիպեց, սակայն քառորդ եզրափակիչում արգենտինացիներին լուրջ պայքար առաջարկեց համեստ Էկվադորի թիմը. Մեսիի չստացված «Պանենկան» չդարձավ ճակատագրական, որովհետև հերթական անգամ տպավորեց «4 ձեռքանի» Էմիլիանո Մարտինեսը. Արգենտինան հաղթեց 11-մետրանոց հարվածաշարում և ուղևորվեց կիսաեզրափակիչ, որտեղ էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Կանադայի հավաքականի դարպասը: 37-ամյա Մեսին այդ խաղում աչքի ընկավ դարպասի գրավմամբ ու դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել 6 տարբեր Կոպաներում:  

Կանադայի հավաքականի դեմ խաղից հետո Անխել Դի Մարիան հայտարարեց, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան հավաքականում, Մեսին նույնպես ակնարկեց հեռանալու մասին: Սա նշանակում է, որ Արգենտինայի հավաքականի հավանական հաջողությունը Կոպա Ամերիկայի այս խաղարկությունն ավելի վառ ու գունազարդ կդարձնի, քան 2016 թվականին կայացած հոբելյանական մրցաշարն էր, որի հանգուցալուծումը Մեսիի արցունքներն ու Չիլիի հավաքականի «ոսկե» հաջողությունն էին:

Կոլումբիայի հավաքականը միայն երրորդ անգամ է մասնակցելու Կոպա Ամերիկայի եզրափակիչին: «Լոս Կաֆետերոսը» նախորդ անգամ այս փուլ հասել էր 2001 թվականին ու կարողացել էր նվաճել տիտղոսը՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով Մեքսիկայի հավաքականի հետ պայքարում:

23 տարի անց Կոլումբիան կրկին հնարավորություն Ամերիկայի գավաթը հաղթելու, բայց «Դեղիններին» շատ լուրջ փորձություն է սպասում: 

Կոլումբիայի հավաքականը խմբային փուլում վաստակեց 7 միավոր, քառորդ եզրափակիչում չնկատեց Պանամայի թիմին, կիսաեզրափակիչում էլ հաղթեց Մարսելո Բիելսայի ջանքերով հավակնոտ ֆուտբոլ ցուցադրող Ուրուգվայի հավաքականին: Նեստոր Լորենցոյի գլխավորությամբ Կոլումբիայի հավաքականը դեռ չի զգացել պարտության ցավը. 25 խաղ, 19 հաղթանակ, 6 ոչ-ոքի:  Մինչև Դոն Լորենցոյի «գահակալությունը» կոլումբացիները տարել էին 3 անընդմեջ հաղթանակ. այսպիսով, «Լոս Կաֆետերոսն» անպարտելի է 28 խաղ շարունակ և վերջին անհաջողությունը գրանցել է հենց Արգենտինայի դեմ խաղում՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլում պարտվելով 0-1 հաշվով:

Այս Կոպայում կոլումբացիներից փայլում է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն արդեն 6 գոլային փոխանցում է կատարել ու դարձել է Ամերիկայի գավաթի մեկ խաղարկության ընթացքում ամենաշատ ասիստ գրանցած ֆուտբոլիստը: Բրազիլական «Սան Պաուլուի» 33-ամյա ֆուտբոլիստը գերազանցել  է 2021 թվականին Լեո Մեսիի գրանցած ցուցանիշը (5 գոլային փոխանցում):

10 տարի անց Խամես Ռոդրիգեսի աստղը կրկին փայլում է, և նա կարող է որոշիչ նշանակություն ունենալ եզրափակիչում:

Կոպա Ամերիկան հաղթելու ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է, բայց Կոլումբիայի թիմն արդեն ապացուցել է, որ հեղինակություններ չի ճանաչում: «Կաֆետերոսը» հոգեբանական բարձունքում է ու միանշանակ փորձելու է լուրջ խնդիրներ առաջարկել աշխարհի չեմպիոնին:

Երկու թիմերում էլ շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են և կարելի է ենթադրել, որ «Հարդ Ռոք» ստադիոնում ծանր ու հավասար պայքար է լինելու: 

Մեսիի ռեկորդից մինչև «անիծված 11-մետրանոցներ». Ուշագրավ փաստեր Կոպա Ամերիկայի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ