Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ որակավորման երրորդ փուլին մասնակցելու է հայկական ակումբ: Ճակատագրի հեգնանքով Հայաստանի չեմպիոնին բաժին է հասել այդ փուլի ամենաբարդ մրցակիցներից մեկը:
Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» հետզհետե ավելի է ուժեղանում և հայկական թիմին հանդիպելու է իր լավագույն մարզավիճակում:
VNews-ը ներկայացնում է «Փյունիկի» մրցակցին:
Պատմությունը

«Ցրվենա Զվեզդան» (Կարմիր աստղ) հիմնվել է 1945 թվականին Հարավսլավիայի Երիտասարդական մարզական միության կողմից: Ընդ որում՝ Մարզական միությունն ստեղծել է միանգամից 7 տարբեր մարզաձևերի ակումբներ, որոնցից մեկը՝ ֆուտբոլային:
Բելգրադի թիմն արագ բարձրացել է Հարավսլավիայի ուժեղագույն առաջնություն և հսկայական հեղինակություն է ձեռք բերել: Հետագայում «Կարմրասպիտակները» դարձել են Հարավսլավիայի՝ ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբը:
Արդեն 50-ականներին «Ցրվենա Զվեզդան» դարձել է բալկանյան ֆուտբոլի հեգեմոն՝ 10 տարում նվաճելով չեմպիոնական 6 տիտղոս: 60-70-ական թվականներին բելգրադցիները պահպանել են երկրի ուժեղագույն թիմերից մեկի կոչումը՝ յուրաքանչյուր տասնամյակում նվազագույնը 3 անգամ դառնալով չեմպիոն: 80-ականների վերջում «Ցրվենա Զվեզդան» կրկին սկսել է գերիշխել բալկանյան երկրներում:
Հարավսլավիան ծանր պատմությամբ երկիր է, որի սահմաններն ու անվանումները հաճախ փոխվում են: Դրա պատճառով «Կարմրասպիտակներն» իրենց պատմության ընթացքում հասցրել են ելույթն ունենալ Հարավսլավիայի առաջնությունում, Հարավսլավիայի Դաշնակից Հանրապետությունների Առաջին լիգայում և Սերբիայի Սուպերլիգայում: Այդ մրցաշարերում «Ցրվենա Զվեզդան» 33 անգամ դարձել է չեմպիոն և 25 անգամ՝ գավաթակիր:
Այժմ թիմը կրկին գերիշխում է սերբական ֆուտբոլում: Վերջին 5 տարում «Ռեդ Սթարը» երկրի անփոփոխ չեմպիոնն է: Նույնիսկ նրանց «հավերժ» մրցակից «Պարտիզանը» ոչինչ չի կարողանում անել «Փյունիկի» առաջիկա մրցակցի դեմ:
Թիմի ֆանատների «Делије Север» շարժումը համարվում է ամենասարսափազդուներից մեկը Եվրոպայում: Նրանք ստադիոնում այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ նույնիսկ ամենահեղինակավոր ակումբներին կարողանում են լուրջ անհարմարություններ պատճառել խաղերի ժամանակ: Սերբական գրանդի երկրպագուները նաև բարեկամական հարաբերությունների ունեն «Օլիմպիակոսի» և Մոսկվայի «Սպարտակի» ֆաների հետ: Նրանց միավորում են ընդհանուր գույները (կարմիր և սպիտակ):
Ստադիոնը

Ռայկո Միտիչի անվան ստադիոնը կառուցվել է 1963 թվականին: Պաշտոնապես այն տեղավորում է 55 հազար հանդիսական, սակայն պատմության ընթացքում քիչ չեն եղել դեպքեր, երբ ստադիոնում զգալիորեն ավելի շատ մարդ է ներկա եղել: Որոշ տվյալներով՝ 1975 թվականին «Ֆերենցվարոշի» դեմ կայացած Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչին ներկա է եղել ապշեցուցիչ՝ 110 հազար երկրպագու:
«Փոքր Մարականան», ինչպես ստադիոնն անվանում են «Կարմրասպիտակների» երկրպագուները, կառուցվել է ակումբի նախկին ստադիոնի փոխարեն: Կառուցման համար պահանջվել է 3 տարի:
Բելգրադում գտնվող ստադիոնում կայացել են ֆուտբոլի պատմության կարևորագույն խաղերից: 1973 թվականին այդ ստադիոնում անցկացվել է Չեմպիոնների գավաթի եզրափակիչը, որում «Այաքսը» 1:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»:
1976 թվականին Հարավսլավիայում կայացել է Եվրոպայի առաջնությունը, որի եզրափակիչն անցկացվել է հենց այս ստադիոնում: Այդ խաղում Չեխոսլովակիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց ԳՖՀ-ի ընտրանուն: Այդ օրն Անտոնին Պանենկան իրացրել է ֆուտբոլի պատմության ամենահայտնի 11-մետրանոց հարվածը, որը կոչվում է նրա անունով:
2014 թվականին ստադիոնն անվանակոչվում է «Զրվենա Զվեզդայի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Ռայկո Միտիչի պատվին: Դրանից դեռ 2 տարի առաջ սերբական ակումբը պայմանագիր էր ստորագրել չինական և պորտուգալական ընկերությունների հետ, որոնք պետք է վերակառուցեին ստադիոնը: Արդեն 10 տարի է՝ տարբեր պատճառներով «Փոքր Մարականայի» վերակառուցման աշխատանքները չեն սկսվել, բայց սպասվում է, որ նորոգումից հետո այն տեղավորելու է 50 հազար երկրպագու: 35հա տարածքում կլինի ոչ միայն ստադիոնը, այլ նաև 5 աստղանի հյուրանոց, գրասենյակների բազմահարկ շենք, ֆիթնես կենտրոն, շտապօգնության հոսպիտալ, բազմասենյականոց բնակարաններով շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի և այլ միջոցառումների սրահներ: Նախագծի բյուջեն 450-600 մլն եվրո է:
Եվրագավաթային փորձ

Չեմպիոնների լիգայում հայկական ակումբները հազվադեպ են մրցել «Ցրվենա Զվեզդայի» պես եվրագավաթային նվաճումներ ունեցող ակումբի հետ: Միայն այն, որ սերբերը պատմության 23 ակումբներից են, որոնք դարձել են Չեմպիոնների լիգայի (գավաթի) հաղթող, արդեն իսկ տպավորիչ է: Բալկանյան ֆուտբոլի այդ մեծագույն նվաճումը գրանցվել է 1990-91 մրցաշրջանում:
Կիսաեզրափակիչում բելգրադցիները դժվարությամբ հաղթահարել են «Բավարիայի» արգելքը, իսկ եզրափակիչում գերազանցել Մարսելի «Օլիմպիկին»: Իտալական Բարի քաղաքում գրանցվել է 0:0 հաշվով ոչ-ոքի, իսկ 11-մետրանոց հարվածաշարում «Կարմրասպիտակներն» ավելի դիպուկ են եղել՝ 5:3:
Նույն տարում «Ցրվենա Զվեզդան» նվաճել է նաև Միջմայրցամաքային գավաթը՝ 3:0 հաշվով հաղթելով չիլիական «Կոլո Կոլոյին»:
Դրանից հետո Հարավսլավիայում սկսված պատերազմի պատճառով երկրի ակումբներին 4 տարով հեռացրել են միջազգային մրցումներից: Դա ծանր հարված է հասցրել «Ցրվենա Զվեզդային», որի առաջատարները՝ Սինիշա Միխայլովիչը, Դեյան Սավիչևիչը և մյուսները տեղափոխվել են թոփ լիգաների թիմեր:
«Ցրվենան» եվրոպական ֆուտբոլ վերադարձել է 1996-97 մրցաշրջանում՝ հասնելով Գավաթակիրների գավաթի 1/8 եզրափակիչ: Այնտեղ նրանց ճանապարհին կանգնել է «Բարսելոնան», որի կազմում խաղում էին Ռոնալդոն, Ֆիգուն, Ստոիչկովը, Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն և այլ աստղեր: Նույնիսկ նման թիմի դեմ սերբերը համառ պայքար են մղել և «Կամպ Նոուում» 1:3 հաշվով զիջելուց հետո սեփական խաղադաշտում 1:1 հաշվով ոչ-ոքի են կորզել: Այդ մրցաշրջանում հենց կատալոնական թիմը դարձավ գավաթակիր:
Նման հաջողությունների ֆոնին «Ցրվենայի» նվաճումները 21-րդ դարում ավելի համեստ են: Բելգրադցիները 7 անգամ դուրս են եկել եվրագավաթների խմբային փուլ, սակայն այն հաղթահարելիս փլեյ-օֆֆի հենց առաջին մրցակցից դուրս են մնացել:
Այդպիսի եվրագավաթային ելույթներից մեկը 2020-21 մրցաշրջանում էր, երբ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում «Ցրվենա Զվեզդան» մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ: Կիպրոսում կայացած խաղում սերբերը հաղթեցին 2:1 հաշվով:
Նախորդ մրցաշրջանում էլ բալկանյան թիմը հաղթահարեց Եվրոպա լիգայի խմբային փուլը, սակայն 1/16 եզրափակիչում նրա ճանապարհին կանգնեց ապագա փոխչեմպիոն Գլազգոյի «Ռեյնջերսը» (2:1, 0:3):
Ելույթներն ընթացիկ մրցաշրջանում

Սերբիայի առաջնությունը մեկնարկել է հուլիսի սկզբին. «Կարմրասպիտակներն» արդեն հասցրել են 4 խաղ անցկացնել: Սուպերլիգայի չեմպիոնը մեկնարկեց «Ռադնիչկի Նիշի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակով: Մինչև այդ «Ցրվենա Զվեզդան» ավելի քան մեկ ամիս պաշտոնական խաղ չէր անցկացրել: Նախորդը Սերբիայի գավաթի եզրափակիչն էր, որում Դեյան Ստանկովիչի թիմը 2:1 հաշվով հաղթեց «Պարտիզանին» և «ոսկե դուբլ» ձևակերպեց:
2-րդ տուրում չեմպիոնը 5:0 հաշվով ջախջախեց «Կոլուբարային», ընդ որում՝ բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում: Այնուհետև Ստանկովիչի թիմը 2:1 հաշվով հաղթեց «Մլադոստին», իսկ «Փյունիկի» դեմ խաղին նախորդած մրցավեճում 6:0 հաշվով ջախջախեց «Ռադնիկին»:
«Զրվենան» 4 խաղում 17 գոլ է խփել և բաց թողել ընդամենը 1-ը: Այս գերիշխանությունը Սերբիայում արդեն սովորական է դարձել: Եթե որոշ թիմեր 5 տարի անընդմեջ չեմպիոն դառնալուց հետո կորցնում են մոտիվացիան և հետզհետե ավելի դժվարությամբ տիտղոս նվաճում, ապա «Կարմրասպիտակներն», ընդհակառակը, վերջին տարիներին իրենց լավագույն խաղն են ցուցադրում: Սերբիայի Սուպերլիգայի նախորդ 2 առաջնությունում «Ցրվենան» 100 և ավելի միավոր է վաստակել: Ճիշտ է՝ նախորդ մրցաշրջանում «Պարտիզանն» էլ կատաղի պայքար մղեց իր սկզբունքային մրցակցի դեմ, բայց զիջեց 2 միավորով:
Ստանկովիչի թիմը նախորդ 2 առաջնությունում անցկացրել է 75 խաղ և կրել ընդամենը 1 պարտություն: Այս վիճակագրությունը բոլոր խոսքերից համոզիչ է:
Մարզիչը

Դեյան Ստանկովիչը 21-րդ դարում «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստներից է: Սերբը 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել բազմաթիվ այլ տիտղոսներ, որոնց թվում է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Մարզչական կարիերան նա սկսել է 2014 թվականին «Ուդինեզեում», որտեղ օգնում էր գլխավոր մարզչին: Սակայն հետո սերբը որոշել է այլ աշխատանքի անցնել «Ինտերում» և ՈՒԵՖԱ-ում: Միայն 2019 թվականի դեկտեմբերին Ստանկովիչը լիարժեք անցավ մարզչական աշխատանքի՝ գլխավորելով «Ցրվենա Զվեզդան»:
Հենց Ստանկովիչը դարձավ այն մարդը, որ երկրորդ շունչը հաղորդեց բելգրադցիների հաղթանակներին: Նրա օրոք թիմը 125 խաղում 100 հաղթանակ է տարել, 16 ոչ-ոքի գրանցել և ընդամենը 16 պարտություն կրել: Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը նույնպես տպավորիչ է՝ 321-81:
Դեյանը հարձակողական ոճի սիրահար է: Ընդ որում՝ սերբը կարողանում է այդ խաղաոճը պահպանել անկախ խաղային սխեմայից: Այս տարիների ընթացքում «Ցրվենա Զվեզդան» 4-5 հիմնական սխեմա է ունեցել և բոլոր դեպքերում երկրի ամենաշատ գոլ խփող թիմերից է եղել:
Արդեն տևական ժամանակ է՝ Ստանկովիչը մտածում է կարիերան Իտալիայում շարունակելու մասին: Նախորդ տարի նա 2 առաջարկ է ստացել «Սամպդորիայից»: 2021-ի դեկտեմբերին նա նույնիսկ ընդունել է այդ առաջարկը, սակայն «Ցրվենան» հրաժարվել է բաց թողնել իր մարզչին: Դժվար է ասել, թե որքան ժամանակ Դեյանը կմնա Սերբիայում, բայց ավելի ուժեղ լիգա տեղափոխությունը կարծես ժամանակի հարց է:
Կազմը

Պատմականորեն «Ցրվենա Զվեզդան» և «Պարտիզանը» Սերբիայի բոլոր տաղանդներին իրենց կողմը գրավելու մեծ հակում ունեն: Դրան գումարելով լեգեոնականների ճիշտ սելեկցիան՝ այդ ակումբները կարողանում են ամեն տարի լինել երկրի լավագույնները:
«Ցրվենա Զվեզդայում» նաև հաջող աշխատանք են կատարում այլ երկրների քաղաքացի, բայց սերբական արմատներ ունեցող ֆուտբոլիստներին հրավիրելու վերաբերյալ: Այդպես թիմի ներկայիս առաջատարներից են կիսաչեռնոգորցի կիսապաշտպան Միրկո Իվանիչը և Վիեննայում ծնված պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը:
Նախորդ մրցաշրջանում փայլեց հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեքսանդր Կատաին, որը Սերբիայի նախորդ առաջնությունում 24 գոլ էր խփել, իսկ ընթացիկում մեկնարկել է 4 խաղում 4 գոլ ցուցանիշով:
Թիմի հիմնական խաղարկող Միրկո Իվանիչը նախորդ առաջնությունում գրանցած 17+7 ցուցանիշն այս տարի շարունակել է 4 խաղում 1+5 արդյունքով:
Վերջին ամիսներին մարզավիճակի վերելք ունի նաև հարձակվող Միլան Պավկովը: Նա թիմում սկսած 5-րդ մրցաշրջանում վերջապես սկսել է ռմբարկուին հատուկ խաղ ցուցադրել և նախորդ 4 խաղում 5 գոլ է խփել:
Տպավորիչ է նաև վինգեր Էլ Ֆարդու Բենի խաղը: Եզրային հարձակվողի համար 2018-ին սերբերը կես միլիոն եվրո են վճարել «Օլիմպիակոսին», սակայն ստացել են ֆուտբոլիստի, որը 180 խաղում 81 գոլ է խփել և 44 ասիստ գրանցել: Սակայն նոր մրցաշրջանում վինգերը դեռ չի խաղացել:
«Ցրվենա Զվեզդայի» հաղթանակներում նաև հսկայական նշանակություն ունեն փորձառու ֆուտբոլիստները՝ դարպասապահ Միլան Բորյանը, ձախ պաշտպան Միլան Ռոդիչը և կիսապաշտպան Գուլոր Կանգան: Նախորդ մրցաշրջանում նրանք թիմի թոփ-5 ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներից էին:
Բարդ ժամանակներ

Մարզական տեսանկյունից «Ցրվենա Զվեզդայի» ուժեղ կողմերն ակնհայտ են, բայց կան հանգամանքներ, որոնք կարող են անկանխատեսելիորեն ազդել թիմի վրա: Եղիշե Մելիքյանի «Փյունիկն» արդեն կատարել է իր առջև դրված խնդիրը և ապահովել եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր (նվազագույնը՝ Կոնֆերենցիաների լիգա): Դա նշանակում է, որ VBET Հայաստանի Պրեմկեր լիգայի հաղթողը կարող է ավելի անկաշկանդ գործել:
Միաժամանակ Սերբիայում վերջին օրերին բոլորի ուշադրությունն ամենևին ֆուտբոլի կողմը չէ. կրկին սրվել են Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները: Երկու երկրների ղեկավարները միմյանց են մեղադրում, իսկ Կոսովոյում գտնվող սերբերը բողոքի ակցիա են իրականացնում: Այդ ամենը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ առաջիկա խաղի վրա, սակայն պարզ չէ, թե ինչպիսի...
«Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադում: Սկիզբը՝ ժամը 22:45-ին:
Դեյան Ստանկովիչ. «Պետք է անցնել «Փյունիկին», և ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ ինչպես»
Կովալենկո. «Ուզում եմ՝ «Փյունիկը» դուրս գա խմբային փուլ»
Չեմպիոնների լիգա. «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի հաղթողի հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում


