
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 2-ի իրադարձությունների քրոնիկոնը:
«Եվրո-2019», ընտրական փուլ. Հայաստանի Մ-21 1-0 Ջիբրալթարի Մ-21. միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփել է հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանը: Արթուր Ոսկանյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 10-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Ավստրիայի հասակակից ընտրանու հետ:
Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրած 4 խաղից հետո 7-րդ խմբի առաջատարն է՝ վաստակած 7 միավորով: 2 խաղ անցկացրած Ռուսաստանի ընտրանին 4 միավորով 2-րդ տեղում է: 1-ական հանդիպման մասնակցած Սերբիան, Ավստրիան և Մակեդոնիան վաստակել են 3-ական միավոր, իսկ 5 անգամ խաղադաշտ մտած Ջիբրալթարի հավաքականը միավոր չունի:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպումից հետո հանդիպել է լրագրողների հետ:
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: Առաջին մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Գեղամ Կադիմյանի ու Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների, ովքեր ընտրանուն են միացել երեկոյան: Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանն էլ հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 3-ի առավոտյան:
Ֆրանսիայի 6-րդ դիվիզիոն, Մեդիտերանե շրջան, 2-րդ տուր. «Արձիվ» 2-1 «Ֆրեժյուս-2». Էրիկ Բերբերյանի գլխավորած «Արձիվը» մրցաշարային աղյուսակում ընթանում է 7-րդ տեղում:
«Արձիվի» ֆուտբոլիստները հանդերձարանում այսպես են տոնել այս հաղթանակը:
Աղվան և Վոլոդյա Պապիկյան եղբայրները ստացել են Լեհաստանի քաղաքացիություն: Աղվանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, «Փյունիկում» և «Ուլիսում», իսկ այժմ պաշտպանում է լեհական «Ռակուվի» մարզական պատիվը, որը ներկայացնում է երկրի 1-ին դիվիզիոնը: Վոլոդյան մրցելույթներ է ունենում լեհական մեկ այլ ակումբում՝ «Բելհատուվում»: Եղբայրները ծնվել են հենց Լեհաստանում:

Ֆրանսիայի 7-րդ դիվիզիոն, Փարիզի շրջան, A խումբ, 3-րդ տուր. «Էվրի» 0-0 «Արարատ Փարիզ». «Արարատը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոն, 9-րդ տուր. «Ռոդեզ» 2-0 «Լիոն-Դյուշեր». Մատյո Եզիկյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Լիոն-Դյուշերն» ընթանում է 6-րդ տեղում:
Իրանի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Գոստարեշ» 1-2 «Տրակտոր». Անդրանիկ Թեյմուրյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: «Գոստարեշը» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում կայացած 2 հանդիպումները դարձել են 10 հետաքրքիր փաստի հիմք: Դրան կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
