Բակունց, Մահարի, Չարենց. այս երեք մեծանունները դարձան ստալինյան բռնապետության զոհ: Նրանց կյանքն ու գործը ընդհանտվեց՝ միմիայն վոժձի քմահաճույքով…
Գուրգեն Մահարի

Հակախորհրդային Մահարին. առաջին ազդակներ
1922թ.-ին Մահարին ընդունվում է Պետական համալսարան և հենց այդ տարում հիմնվում է Հայաստանի պրոլետարիական գրողների ընկերակցությունը նաիրի Զարյանի քարտուղարությամբ, Գուրգենն անդամակցում է միությանը, իսկ արդեն 1923թ.-ին գրողն անդամակցում է նաև Չարենցի նախաձեռնած «Նոյեմբեր» միությանը: Այս երկու գրական կազմակերպությունները հակառակ բանակներում էին. խորհրդային իշխանությունները չէին հանդուրժում ըմբոստ չարենցականներին: Արդյունքում 1927թ.-ին Մահարին վտարվում է Միացյալ Գրողների Միությունից, վտարումը տեղի է ունենում գրողի որբատան ընկեր Նաիրի Զարյանի անմիջական մասնակցությամբ:
Ուղիղ հալածանքներ, 1936 թվական…
«Օգոստոսի 9-ի գիշերը ես ձերբակալվեցի, ինձ տարան «Ին տուրիստ» ռեստորանից, Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էինք խմում և ձմերուկով թարմացնում կոկորդներս»:
Մինչև 1938թ.-ի Մահարին Երևանի բանտում էր: Նրա գործը լսվում էր առանց վկաների, պաշտպանող կողմի և գրողի, իսկ որոշումը կայացվում է ընդամենը 15 րոպեում. այդպիսի կարևորություն ուներ այդ տարիներին մարդու ճակատագիրը՝ 15 րոպեի միակողմանի քննարկման: Մահարին դատապարտվում է 10 տարվա բանտային կալանքի, ինչն էլ թղթաբանական սխալի պատճառով մի տարով ավելի է երկարում: Արդյունքում 11 տարի Կրասնոյարսկի ու Նովոիվանովսկի բանտերում…
Ազատության 444 օր…
Մինչ այդ մահացել էր Մահարու մայրը, կինն էլ, պարզվեց, լքել է ամուսնուն: Ազատության սկզբնական շրջանում անտուն մնացած գրողը նախ բնակություն է հաստատում Վանաձորում, հետո՝ Քանաքեռում: Երբեմնի գրչակից ընկերները արդեն իսկ միանշանակ չեն ընդունում աքսորից վերադարձած գրողին:
Մահարին կրկին ձերբակալվում է, կրկին՝ «Ազգայնականություն և հակախորհրդային գործունեություն», այո՛, խորհրդային ժամանակները գրկաբաց էին ընդունում միայն անհայրենիքներին: Այս անգամ Մահարին հայտնվում է Սիբիրում իբրև ազատ աքսորյալ. նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Նա աշխատում է որպես խոզապահ և միաժամանակ գրում «Երիտասարդության սեմին» վիպակը։ Աքսորի տարիներին Մահարին ամուսնանում է 2-րդ անգամ. Անտոնինան նույնպես աքսորական էր, նա դառնում է գրողի հետագա ողջ կյանքի ուղեկիցը: Զույգն ունենում է մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։
1954թ. հուլիս, Աքսորականներն ազատ են արձակվում
31 տարեկանում առաջին անգամ ձերբակալված Մահարին աքսորավայրերից հայրենիք է վերադառնում, երբ արդեն 50-ն անց էր:
Վերջապես ազատության մեջ հայտնվելով Մահարուն հաջողվում է ավարտին հասցնել դեռևս 1935թ.-ին սկսած «Այրվող այգեստանները»՝ հայրենի Վանի ու հայրենակից վանեցիների մասին այդ վեպը լույս ընծայվեց 1965թ.-ին, երբ տեղի էր ունենում Գրողների Միության համագումարը: Մահարին մեծ ոգևորությամբ մակագրում ու նվիրում է վեպը կոլեգաներին: Հետագայում նա պատմում է՝ գիտեր, որ գիրքը միանշանակ չի ընկալվելու, քննարկումների առիթ է դառնալու, բայց նման մեծ աղմուկի չէր սպասում: Իսկ աղմուկն այնպիսին էր, որ Մահարին այլևս չվերընտրվեց Միության վարչական կազմ: Բայց դա վեպի հալածանքների միայն սկիզբն էր. շուտով վեպը վարկաբեկող հատուկ հայտարարություն է տարածվում, աշխատավորական կոլեկտիվները սկսում են ժողովներում քննադատել ու պարսավել այն: Ազգայնականության մեղադրանքով երկար տարիներ աքսորավայրերում անցկացրած Մահարուն այժմ կոչում էին ազգադավ: Ասում էին՝ վեպի գլխավոր հերոսի նկարագիրը վայել չեն հայ մարդուն…
Վեպի հրատարակությունից մի քանի օր անց գիրքը հայտնվում է գրողի տան պատուհանի տակ՝ կրակների մեջ:
Ակսել Բակունց

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936 թվականի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937 թվականի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:
«Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք»…
Հատված Բակունցի՝ բանտում գրված նամակից
1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, իսկ որդուն՝ Սևադային հանձնում են Բակունցի եղբորը: Հայտնի է, որ Բակունցի կնոջը 8 ամիս պահում են բանտում՝ հատուկ խորհրդակցության որոշմամբ, որպես հայրենիքի դավաճանի կին։ Այնուհետև Վարվառային ութ տարով աքսորում են Տեմինկովյան ճամբար, որտեղից նա վերադառնում է 1945-ի աշնանը:
Մեզ են հասել Բակունցի կնոջ վկայությունները՝ իր և աքսորյալ ամուսնու վերջին տեսակցությունների մասին…
Եղիշե Չարենց

Նրան սկսեցին մեղադրել գրական անհարիր գաղափարախոսության, նացիոնալիստական միտումների մեջ: Խանջյանն ամեն կերպ զգուշացնում էր Չարենցին, բայց 1926 թվականի կրակոցից հետո պոետի անունը բանսարկությունների ենթարկվեց: Նրան մեղադրում էին ամուսնացած լինելով հանդերձ՝ անբարոյական վարքի մեջ: Ճակատագրական կրակոցից 2 օր անց նրան զրկում են կոմկուսի անդամագրությունից և նոյեմբերի 9 դատական նիստում Չարենցը դատապարտվում է 3 տարվա ազատազրկման: Այդ ընթացքում վատանում է կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը, և արտարգանդային հղիության պատճառով նա մահանում է Երևանի թիվ մեկ հիվանադանոցում:
Չարենցն անչափ ծանր տարավ կնոջ մահը՝ նրան նվիրելով «Էպիկական լուսաբաց» ժողովածուն և «Նավզիկե» պոեմը: Այս պատահարից 4 տարի անց Չարենցը կրկին կամուսնանա: Նրա կինը՝ 22 ամյա Իզբելլա Նյազովան է լինելու, որից Չարենցն ունենալու է 2 դուստր՝ Արփիկին ու Անահիտին:
Թեև Չարենցն ազատության մեջ էր, բայց նրա դավադիրների խումբը ստվարացել էր:
Մոսկվան արդեն հասկացնել էր տալիս, որ Չարենցի լիազորություններն այլևս սպառված են, նույնիսկ Աղասի Խանջյանն իր հեղիկանությամբ չի կարողանում բացել «Գիրք ճանապարհի» ուղին, որն արգելվել էր տպագրել՝ հայկական կենտկոմի և գրչակից ընկերների թեթև ձեռքով: Արգելված գրքի ձևավորողն էր Հակոբ Կոջոյանը: Ընկերներն նրան բանսարկու և դավաճան էին անվանում: Չարենցի առաջ վերջնականապես փակվում են բոլոր դռները՝ Թիֆլիսում Աղասի Խանջյանի սպանությամբ, որը բեմադրվել ու պաշտոնապես ներկայացվել էր որպես ինքնասպանություն: Սպանության հեղինակը հետագայում պարզվեց, որ Լավրենտի Բերյան էր:
Չարենցին սկսել էին բացահայտ զրպարտել այնպիսի գրողներ, ինչպիսիք էին Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը:
Ամեն ինչ արվեց՝ Չարենցի անունը ոչնչացնելու համար: Հարյուրավոր մատնիչներ, որ բարեկամների շղարշի տակ ընկերակցում էին նրան, տեղեկացնում մոսկովյան ատյաններ՝ խեղաթյուրելով իրականությունը:
«Այդ Չարենցը խաղ է անում մեզ հետ»…
Եկել էր Մոսկվայից նախազգուշացնող լուրը:
1933 թվական, նոյեմբեր…
Չարենցը նամակ է գրում Ստալինին, որում բանաստեղծը բողոքում է, թե ինչ արգելքների է հանդիպել նրա «Գիրք ճանապարհի» ստեղծագործությունը: Նամակը մնում է, իհարկե, անպատասխան, և գիրքը չի հրապարակվում մինչև 1934 թվականի հուլիսը:
1936 թվականին Մահարին և Բակունցը վկայություն են տալիս Չարենցի դեմ՝ նրան մեղադրելով հակասովետական տրամադրվածության մեջ. Չարենցը միակ բանաստեղծն էր, որը Ստալինի կենդանության օրոք գրիչ վերցրեց ու քննադատեց վոժդին:
1937 թվականի հուլիսի 26. Չարենցին ձերբակալեցին:
Թե ինչ տեղի ունեցավ նրա հետ բանտում, մինչև օրս մնում է անհայտ: Ականատեսների վկայությամբ բանտում Չարենցին սպանել են, մի ռուս սպա կոշիկով աննդհատ հարվածել է գետնին ընկած Չարենցի գլխին: Նրա դին գիշերով տեղափոխել են հացի մեքենայի մեջ՝ բրեզենտի մեջ փաթաթված: Բանտի պահակները փոս են փորել և մարմինը թաղել են հենց այդ այգիներում:

