
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 12-ին և 14-ին Սերբիայում ընկերական 2 հանդիպում կանցկացնի այդ երկրի հասակակից ընտրանու հետ: Նախապատրաստվելով այդ խաղերին՝ Տիգրան Առաքելյանի սաներն ամսի 8-10-ը հավաք կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստներ: Նրանցից 10-ը ներկայացնում են «Բանանցը» (Արման Ղազարյան, Սերգեյ Մկրտչյան, Գարիկ Կարապետյան, Նարեկ Գրիգորյան, Պետրոս Մանուկյան, Հենրիկ Համբարձումյան, Նարեկ Աղասարյան, Էրիկ Փիլոյան, Միքայել Միրզոյան, Սևակ Ավետիսյան), 4-ը՝ «Փյունիկը» (Հարություն Մելքոնյան, Կարեն Մուրադյան, Արտակ Ասատրյան, Գրենիկ Պետրոսյան):
Հայաստանի Մ-17 հավաքականում ևս 3 ներկայացուցիչ ունի «Ավան Ակադեմիան» (Ժիրայր Շաղոյան, Պատվական Ավետիսյան, Արամ Քոլոզյան), մեկական ֆուտբոլիստ էլ ներկայացված են Ռուսաստանի «Կռիլյա Սովետովից» (Թելման Մովսեսով), Գերմանիայի «Ռոստոկ Հանզայից» (Սարգիս Մարտիրոսյան), Ռուսաստանի «Լոկոմոտիվ Մոսկվայից» (Էմիլ Պետրոսյան), Բելգիայի «Սերկլ Բրյուգեից» (Դավիթ Դավթյան):
«Փյունիկի» ֆուտբոլիստներ Լևոն Հայրապետյանը և Ալիկ Առաքելյանը շարքից դուրս չեն մնա երկար ժամանակով: Հայրապետյանը, ով փոխարինվել էր Հայաստան – Դանիա հանդիպման առաջին խաղակեսում, կապաքինվի 2 շաբաթ անց, ինչպես և երիտասարդականի կիսապաշտպան Առաքելյանը, ով խնդիրներ ունի մենիսկի շրջանում:

Մոսկվայի «Արարատի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ին բանակցություններ կանցկացնի ակումբի հնարավոր նոր սեփականատերերի հետ: Նա նախորդ շաբաթ լքել էր պաշտոնն առողջական խնդիրների պատճառով: Ակումբը մեկ օր անց հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Հովհաննիսյանն «Արարատից» հափշտակել է 20 մլն ռուբլի: Վերջինս կտրականապես հերքել է այդպիսի մեղադրանքը:
Վալերի Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Матч ТВ» հեռուստաալիքի կայքին, սակայն այդ նյութը շուտով հեռացվել է: «Արարատի» նախկին նախագահը պատմել էր ակումբի հովանավորի հետ կոնֆլիկտի մասին և նշել էր, որ վախենում է ձերբակալվել կամ նույնիսկ սպանվել: Նա ասել էր, որ այդ հովանավորը սկսել է խառնվել ակումբի գործերին՝ կոնկրետ ֆուտբոլային տեսանկյունից: Այդուհանդերձ, Հովհաննիսյանը չի նշել այդ հովանավորի անունը:
Արշակ Կորյանը և Արտյոմ Գալաջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում հայտավորված են Եվրոպա լիգայի խմբային փուլին:
«Վորսկլայի» հարձակվող Գեղամ Կադիմյանն՝ իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Օլիմպիկի» հետ խաղից առաջ. «Ամեն ինչ հիանալի է, ունեինք հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ: «Օլիմպիկի» հետ հետաքրքիր խաղ է սպասվում: Ինչ-որ հատուկ զգացողություններ ունեմ, քանի որ խաղալու եմ նախկին թիմիս դեմ: Նաև այդ ակումբի արժանիքն է, որ այլ թիմեր ուշադրություն դարձրին խաղիս վրա»:
Ռուսաստանի ՖԼ, 12-րդ տուր. «Ավանգարդ Կուրսկ» 2-0 «Ֆակել». Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ֆակելն» ընթանում է 19-րդ հորիզոնականում:
Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

