Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 31-ի իրադարձությունների քրոնիկոնը:
«Եվրո-2019», ընտրական փուլ. Ռուսաստանի Մ-21 0-0 Հայաստանի Մ-21. Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 81%-19%, հարվածներ՝ 9-2, հարվածներ դարպասին՝ 2-0, սեյվեր՝ 0-2, խախտումներ՝ 9-4, դեղին քարտեր՝ 1-1:
Հայաստանի ազգային հավաքականի պատվիրակությունը ժամանել է Ռումինիա, անցկացրել նախախաղային մարզում, իսկ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են նախախաղյա մամուլի ասուլիսի: Ռումինիա – Հայաստան մրցավեճը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 22:45-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում:
Մոսկվայի «Արարատի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը, ով նախօրեին հայտարարել էր պաշտոնից առողջական խնդիրների պատճառով հեռանալու մասին, մեղադրվում է ակումբից 20 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Ըստ ակումբի՝ այդ կորուստը հայտնաբերվել է ֆինանսական ստուգումից հետո: Գումարը հաշիվներից հանվել է առանց համապատասխան փաստաթղթերի: Գումարները փոխանցվել են Հովհաննիսյանի հաշվին: Ակումբը դիմել է իրավապահ մարմիններին:
«Զենիթի» երիտասարդական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Եփրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի Սանկտ-Պետերբուրգի մեկ այլ ակումբում՝ «Դինամոյում»: Նրա հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Վարդանյանը հայտավորված կլինի գլխավոր թիմի կազմում, բայց կանոնակարգով հնարավորություն կունենա խաղալու նաև ՊՖԼ-ում:
2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ, ասիական գոտի, 9-րդ տուր. Սիրիա 3-1 Քաթար. Մարտիկ Մարտիկյանը դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ երրորդ գոլի ժամանակ: Նա փոխարինման է մտել 89-րդ րոպեին: Սիրիայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Կիսապաշտպան Սերգեյ Կուզնեցովը համալրել է Մոսկվայի «Արարատի» շարքերը: 31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: Սերգեյն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լուչ-Էներգիայում», այնուհետև խաղացել է Մոսկվայի «Դինամոյում» և «Լոկոմոտիվում», Սամարայի «Կռիլյա Սովետովում», Կրասնոդարի «Կուբանում», «Ռոստովում», «Խիմկիում», Սարանսկի «Մորդովիայում» և Տուլայի «Արսենալում»:
Ընկերական խաղ. «ԿՎՎ Կույկ» 0-6 «Հերակլես». Գոռ Աղբալյանը 80-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին՝ 6-րդ գոլը: Նա մասնակցել է երկրորդ խաղակեսին:
Հայկական ֆուտբոլի վերջին նորություններին տեղեկանալու համար կարող եք բաժանորդագրվել՝

