Թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում:
Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն են կրել: Մ12 միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գևորգյանը:
Հայ պատանի թենիսիստները մրցավայր էին մեկնել մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:
Մրցաշարերին մասնակցել են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ պատանի թենիսիստները բավականին գոհացնող մրցելույթներ են ունեցել:
«Մեր պատանի թենիսիստներն, իսկապես, լավ արդյունքներ են գրանցում և որակապես բավականին հաջող խաղ են ցուցադրում: Այդուհանդերձ, ավելի հաջող ենք հանդես գալիս զուգախաղում, բայց վստահ եմ՝ մենախաղում ևս արդյունքները կբարելավենք ու կկարողանանք կրկնել Միքայել Ավանեսյանի ցուցանիշը. Եվրոպայի զարգացման առաջնության 20 տարվա պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ավանեսյանն է 2022 թվականին դարձել մենախաղի հաղթող»,- Գևորգ Կարամանուկյանի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է՝ մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստներ են մասնակցում:


