Ghibli ստուդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն թողարկել «Ինչպե՞ս եք» անիմեի թրեյլերներն ու գովազդային նյութերը, գրում է Hollywood Reporter-ը։
«Ամերիկյան ֆիլմ կա, որը թողարկվում է այս ամառ՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում: Այն ունի երեք թրեյլեր, որոնք թողարկվել են առանձին-առանձին: Եթե երեքն էլ դիտեք, կիմանաք այն ամենը, ինչ տեղի է ունենալու այս ֆիլմում»,- ասել է Ghibli-ի գլխավոր պրոդյուսեր Տոշիո Սուձուկին:
Ըստ Սուձուկիի՝ անիմացիոն ֆիլմի մասին այլ տեղեկություն չի լինի, մինչ կինոթատրոններում դրա հայտնվելը։ Նա նշել է, որ անիմեն չգովազդելու որոշումը քննարկել է ստուդիայի ամբողջ թիմը, որը հիմնադրել է Հայաո Միյաձակին։
Ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Ինչպե՞ս եք» լիամետրաժ մուլտֆիլմը կթողարկվի հուլիսի 14-ին։ Ֆիլմը հիմնված է ճապոնացի գրող Յոշինո Գենձաբուրոյի համանուն գրքի վրա, որը հրատարակվել է 1937 թվականին։ Նախագիծը կպատմի հոր մահից հետո փոքրիկ տղայի հուզական և փիլիսոփայական զարգացման մասին։ Անիմեն կլինի 82-ամյա Միյաձակիի վերջին աշխատանքը։


