Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը 25-րդ խաղում անընդմեջ չկարողացավ դարպասը պահել անառիկ և կորցրեց խմբում առաջին տեղ գրավելու շանսերը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր ու մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն Վահան Բիչախչյանի ու Էդուարդ Սպերցյանի հարվածները բարձր ստացվեցին հարմար դիրքերից։ Մակեդոնացիների գրոհները վտանգավոր չէին առաջին խաղակեսում։ Խաղի սկզբնամասում հյուրերը գրավեցին Օգնյեն Չանչարևիչի դարպասը, բայց դարպասի գրավումը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միջամտեց նաև VAR համակարգը։ Խաղակեսի վերջնամասում դարպասը գրավելուն մոտ էր Արթուր Միրանյանը, որը մոտ տարածությունից գլխի շեղ հարված կատարեց։ Թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվի պայմաններում։
Դաշտի տերերն ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսն ու սկզբնամասում կարող էին բացել հաշիվը։ Այս անգամ Արթուր Միրանյանի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին։
Ընդմիջումից հետո Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սկսեց ավելի ակտիվ գործել։ 62-րդ րոպեին Էնիս Բարդիի իրացրած տուգանային հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը Հայաստանի հավաքականին փրկեց գոլից։
72-րդ րոպեին մակեդոնացիները բացեցին հաշիվը։ Դարպասը գրավեց իսպանական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միյովսկին, որը Հայաստանի հավաքականին գոլ էր խփել նաև առաջին շրջանի խաղում։
Վերջնամասում դաշտի տերերը փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում։ Փոխարենը հյուրերը 85-րդ րոպեին խփեցին նաև երկրորդ գոլը։ Տպավորիչ հարվածով խաղի վերջակետը դրեց ռումինական «Սեպսիի» կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը վաստակեց 10 միավոր և վստահորեն գլխավորում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան հավաքել է 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր: Լատվիան ու Ֆարերյան կղզիները չորրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 13-ին։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ ընդունելով Ֆարերյան կղզիներին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը մրցաշարի խմբային փուլը կավարտի Լատվիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպումով։
Ազգերի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
C դիվիզիոն, չորրորդ խումբ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա` 0-2 (տեսանյութ)
Բոյան Միյովսկի, 72, Իսնիկ Ալիմի, 85
Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան (Արտակ Դաշյան, 74), Սերգեյ Մուրադյան (Գոռ Մանվելյան, 81), Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր (Գեորգի Հարությունյան, 64), Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Էդգար Սևիկյան, 74), Լուկաս Սելարայան, Արթուր Միրանյան (Հրանտ-Լեոն Ռանոս, 64):