Logo

Հայաստան - Կիպրոս. Դիմակայությունների պատմությունը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:33 / 28.03.2023• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Երկու հավաքականներն էլ անհաջող են մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականը սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել էր թուրքերին: Կիպրոսի հավաքականն էլ Գլազգոյում 3 անպատասխան գնդակ էր ընդունել շոտլանդացիներից:

Մրցակիցների հերթական հանդիպումը 7-րդն է: Հայաստանի հավաքականին առայժմ ընդամենը մեկ անգամ է հաջողվել հաղթել կիպրոսցիներին, մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, 4 խաղում հաղթել է մրցակիցը: Հայաստանի հավաքականը խփել է 6 գոլ, բաց է թողել 12 գնդակ:

Առաջին պաշտոնական խաղը Երևանում

Հայաստանի և Կիպրոսի հավաքականների առաջին հանդիպումը կայացել է 1994թ. հոկտեմբերի 8-ին «Հրազդան» ստադիոնում: Դա Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումն էր: Մրցակիցներն անհաջող էին մեկնարկել ընտրական մրցաշարում և ձգտելու էին երևանյան խաղում առաջին միավորները վաստակել:

Հայաստանի հավաքականն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ ընտրական մրցաշարը սկսել էր սեպտեմբերի 7-ին Բրյուսելում բելգիացիներից 0-2 հաշվով կրած պարտությամբ: Կիպրոսի հավաքականն էլ նույն օրը սեփական դաշտում 1-2 հաշվով զիջել էր խմբի ֆավորիտ իսպանացիներին:

Կիպրոսցիների հետ հանդիպումը Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական խաղն էր Երևանում: Մինչև այդ սեփական խաղադաշտում անցկացրած ընկերական խաղերում Հայաստանի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել մոլդովացիների հետ և նվազագույն հաշվով հաղթել էր մալթացիներին:

Երկու հավաքականներն էլ շատ ջանքեր գործադրեցին հաղթելու համար, սակայն այդպես էլ դարպասները մնացին անառիկ: Հայաստանի հավաքականը խաղն անցկացրեց հետևյալ կազմով. Հարություն Աբրահամյան, Երվանդ Սուքիասյան, Վարդան Խաչատրյան (Երվանդ Կրբաշյան, 46), Արամայիս Տոնոյան (ավագ), Սարգիս Հովհաննիսյան, Հարություն Վարդանյան, Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան, Արտաշես Ադամյան, Արսեն Ավետիսյան, Համլետ Հ. Մխիթարյան (Վարազդատ Ավետիսյան, 79):

Նոյեմբերի 16-ին Լիմասոլում կայացավ մրցակիցների պատասխան հանդիպումը, որում դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Արդեն 7-րդ րոպեին Անդրեաս Սոտիրիուն բացեց հաշիվը, խաղի ավարտից 4 րոպե առաջ Կոստաս Ֆասուլիոդիսը 2-րդ անգամ գրավեց Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը:

Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում վաստակած 5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 6-րդ տեղը:

Երկու դիմակայություն Կիպրոսի մրցաշարում

Հայաստանի և Կիպրոսի հավաքականների միջև կայացած հաջորդ 4 հանդիպումներն ընկերական բնույթ են ունեցել:

Մրցակիցների 3-րդ հանդիպումը կայացել է 2000թ. փետրվարի 4-ին Կիպրոսում անցկացված ընկերական մրցաշարում: Հայաստանի հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում՝ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտության մատնելով մոլդովացիներին: 2-րդ խաղում մրցելով Կիպրոսի հավաքականի հետ, հաղթողին որոշելու համար կրկին հարկ եղավ լրացուցիչ ժամանակ անցկացնել խաղադաշտում:

Նիկոսիայում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձան Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը, տանտերերից աչքի ընկան Վասուս Մելանարկիտիսն ու Միլենկո Սպոլյարիչը: Լրացուցիչ ժամանակում մրցավարը Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Միլենկո Սպոլյարիչը՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին:

6 տարի անց մրցակիցները կրկին հանդիպեցին Կիպրոսի մրցաշարում: 2006թ. մարտի 1-ին Լիմասոլում կայացած խաղում Կիպրոսի հավաքականը հաղթեց Յոանիս Օկասի և Խրիստոմոս Միխայելի խփած գոլերի շնորհիվ: Այդ խաղում Հայաստանի հավաքականը գլխավորում էր հոլանդացի Հենկ Վիսմանը:

Հաջորդ տարվա սեպտեմբերի 8-ին  Ախնայում կայացած ընկերական խաղում էլ Կիպրոսի հավաքականը հաղթեց 3-1 հաշվով: Շոտլանդացի Իան Պորտերֆիլդի մահվանից հետո այդ խաղում Հայաստանի հավաքականը գլխավորում էր նրա օգնական Թոմ Ջոնսը, որին օգնում էր Վարդան Մինասյանը: Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակը Ռոբերտ Արզումանյանն էր: Կիպրոսցիներից Հայաստանի հավաքականում նորամուտը նշած Մայիս Ազիզյանի պաշտպանած դարպասը գրավեցին Խրիստոմոս Միխայելը, Յոանիս Օկասն ու Միխալիս Կոնստանտինուն:

Միակ հաղթանակը՝ մրցակիցների 6-րդ մրցավեճում

Եվ միայն մրցակիցների միջև կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց հաղթել կիպրոսցիներին: Այդ խաղը կայացել է 2017թ. նոյեմբերի 13-ին «Հանրապետական» ստադիոնում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-2: Հավաքականը մարզում էր Արթուր Պետրոսյանը:

Առաջին խաղակեսում Հայկ Իշխանյանի և Վարազդատ Հարոյանի խփած գոլերի շնորհիվ դաշտի տերերը հաղթում էին: Ընդմիջումից քիչ անց Կոնստանդինոս Լայֆիսը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց հարվածով վերականգնեց 2 գնդակի առավելությունը: Խաղավերջում Պիերոս Սոտիրիուին հաջողվեց գրավել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ կրկին կրճատելով հաշվի տարբերությունը:

Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Հայկ Իշխանյան, Կամո Հովհաննիսյան (Արտյոմ Սիմոնյան, 75), Ռումյան Հովսեփյան, Էդգար Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 63), Գեղամ Կադիմյան (Արաս Օզբիլիս, 71), Մարկոս Պիզելի (Տիգրան Բարսեղյան, 46), Հենրիխ Մխիթարյան (ավագ, Գաել Անդոնյան, 79), Ռուսլան Կորյան (Արտակ Գրիգորյան, 63):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ