Logo

Հայաստան - Կոսովո. Տարվա առաջին հանդիպմանն ընդառաջ

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
11:12 / 21.03.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայասատանի հավաքականն իր առաջին ցիկլը վատ չանցկացրեց: Հայկական թիմը մինչև վերջ մնաց պայքարի մեջ, սակայն նախապես դրված խնդիրը լուծել չկարողացավ:

Մի կողմ դնենք մրցաշարային հետաքրքրությունն ու փորձենք հասկանալ, թե ինչ փոխեց ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականի խաղում:

Նախ չենք կարող չանդրադառնալ որակյալ համալրումներին: Նորեկներն այնքան արագ ինտեգրվեցին, որ ադապտացիոն շրջանի մասին արագ մոռացանք:

Հատկապես տպավորիչ էին Նաիր Թիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Հրանտ Լեոն-Ռանոսի խաղը: Տղաները շատ արագ իրենց դիրքերում դարձան առաջատարներ և ամրագրեցին տեղը մեկնարկային կազմում:

Ալեքսանդր Պետրակովն անցավ կենտրոնական 3 պաշտպանով խաղին: Այս դասավորությունը բավականին բարդ է հղկելը: Դրվագներով մենք տեսնում էինք տնային աշխատանքը, սակայն բարձրակարգ թիմերի հետ խաղերում ակնհայտ երևում էր, որ դեռ երկար աշխատանք կա անելու:

null

Դրական կողմերից պետք է նշել տղաների վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, բայց այդ վստահությունն ընթացքում վերածվեց ինքնավստահության, ինչը չար կատակ խաղաց թիմի հետ: Լատվիայի հավաքականի հետ երկրորդ հանդիպումը դրա վառ օրինակն էր:

Պետրակովը հավաքականում աշխատելու առաջին շրջանը ճիշտ օգտագործեց: Փորձառու մասնագետը հետազոտեց, վերծանեց, ֆուտբոլիստներին և համապատասխան հետևություններ կատարեց: Առաջին շրջանից հետո շատերը հասկացան, որ ազգային թիմում անձեռնամխելի ֆուտբոլիստներ չկան:

Հավաքականը երկիր է ներկայացնում, հետևաբար, խաղալու են նրանք, ովքեր համապատասխան մակարդակ են ցուցադրելու, ընդ որում, դա վերաբերում է նաև կարգապահությանը:

Պետրակովը չի խուսափում պատասխանատվությունից, նա ազնիվ մատնանշում է բոլոր թերություններն ու բարձրաձայնում է խոցելի կողմերը:

null

«Յուրաքանչյուր մարզիչ կախված է ֆուտբոլիստներից»․ այս անկյունաքարային միտքը մարտահրավեր է թե՛ ֆուտբոլիստների, թե՛ հայկական ֆուտբոլի համար: Մենք հիշում ենք, թե ինչպես էր ֆուտբոլասեր հասարակությունը յուրաքանչյուր հաղթանակից հետո անիրատեսական ծրագրեր կազմում, լավը ցանկանալով ճնշում գործադրում տղաների վրա, իսկ հետո հիասթափվում ու թիրախավորում մարզչին:

Այս ամենի մասին կարող ենք երկար խոսել, բայց դեռ ժամանակ կունենանք:

Իսկ այժմ տարին սկսում ենք Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներով:

Ցավոք, թիմին չեն կարողանա օգնել Նաիր Թիկնիզյանը, Արտակ Դաշյանը, Իգոչուկվու Իվուն և Հովհաննես Համբարձումյանը: Բայց շանս կստանան Նարեկ Գրիգորյանը, Էդգար Գրիգորյանը, Դավիդ Դավիդյանը և Էդգար Փիլոյանը:

Խաղային սխեմայի փոփոխություն դժվար է սպասել: Այս պահին մարզիչն այս սխեման օպտիմալ է համարում:

Կոսովոն ամուր թիմ է, այստեղ բավականի որակյալ ֆուտբոլիստներ կան, որոնք հանդես են գալիս թոփ առաջնութուններում: Հյուրերը ֆիզիկական պայքար են առաջարկում, բայց նաև հարուստ են տեխնիկապես, հարկ եղած դեպքում լավ գնդակ են վերահսկում:

Մենք դեռ խաղային առումով շատ բան ունենք շտկելու, սակայն մարզիչն ու թիմը ճիշտ ճանապարհի վրա են: Հանդերձարանում լավ մթնոլորտ է, Պետրակովն էլ հետևողական է յուրաքանչյուր հարցում:

Նոր հավաքականը դեռ կառուցման փուլում է, աշխատանքները շատ են, բայց դրական տեղաշարժը հույս է ներշնչում:

Հայաստան – Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին, կմեկնարկի ժամը 20:00-ին ու կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ