Logo

Հայաստանի առաջնությունների «ամենաերկարակյաց» ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:20 / 05.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման 33-ամյա պատմության ընթացքում քիչ չեն այն ֆուտբոլիստները, որոնք երկար տարիներ հանդես են եկել Բարձրագույն խմբում:

FastNews-ն այսօր կանդրադառնա ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 15 և ավելի մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստներին:

Յուրօրինակ ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որը 22 մրցաշրջան հանդես է եկել Բարձրագույն խմբում: Իհարկե, փորձառու դարպասապահի ռեկորդային ցուցանիշը կարող էր ավելի բարձր լիներ, եթե որոշ ժամանակահատված չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում: Նա չի մասնակցել 2003 և 2007թթ. Հայաստանի առաջնությանը, իսկ 2008-2010, 2012/13, 2013/14թթ. առաջնությունների միայն մի հատվածում է հանդես եկել՝ կարճ ժամանակով վերադառնալով Իրանից:

Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն ընդհանուր առմամբ 24 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում էր: Նա ֆուտբոլային կարիերան սկսել էր դարպասապահի համար բավական վաղ տարիքում՝ 1997թ. 17 տարեկանում պաշտպանելով Բարձրագույն խմբում հանդես եկող Արտաշատի «Դվինի» դարպասը, որի լուծարումից հետո 1999թ. ելույթները շարունակել է «Ղարաբաղում»:

Հաջորդ 3 տարիներին երիտասարդ դարպասապահը պաշտպանում էր Երևանի «Զվարթնոցի» դարպասը, որի կազմում 2002թ. արժանացավ իր առաջին պարգևին՝ արծաթե մեդալի: Մրցաշրջանի ավարտից հետո թիմը լուծարվեց, իսկ Կասպարովը մեկնեց Իրան: Հաջորդ մրցաշրջանում արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը պաշտպանեց «Միկայի» դարպասը՝ ստանալով իր 2-րդ արծաթե մեդալը:

Կասպարովն իր կարիերայի բարձրակետին հասավ «Փյունիկում» 2005-2006թթ. խաղալիս՝ դառնալով ՀՀ կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ թիմի հետ նվաճելով Սուպերգավաթը::

Հետագա տարիներին Կասպարովը կրել է «Ուլիսի» (2008-2009թթ.), «Ալաշկերտի» (2015/16-2016/17թթ.) և «Գանձասար-Կապանի» (2017/18-2019/20թթ.) մարզաշապիկները, իսկ ֆուտբոլային հարուստ կարիերան ավարտել է 40 տարեկանում՝ 2020/21թթ. առաջնության աշնանային հատվածում պաշտպանելով «Շիրակի» դարպասը:

Ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած ֆուտբոլիստների ցանկում 2-րդ տեղում «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանն է: Նա միակն է, որ անփոփոխ մասնակցել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին 20 առաջնություններին: Թահմազյանը նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն է: Նա «Շիրակի» և «Միկայի» կազմում ընդհանուր առմամբ 461 խաղ է անցկացրել:

Ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում Թահմազյանն արժանացել է հայկական ֆուտբոլում խաղարկվող բոլոր մրցանակներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 19 տիտղոս: «Շիրակի» կազմում անվանի վետերանը դարձել է ՀՀ եռակի չեմպիոն, 5 անգամ արժանացել է արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մեդալների, 3 անգամ նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը:

2004թ.-ից մինչև 2007թ. առաջին շրջանը հանդես գալով «Միկայի» կազմում, Հովհաննես Թահմազյանը 2 անգամ վայելել է Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը, ինչը նրան չէր հաջողվել «Շիրակում»: Բացի այդ, նա ևս մեկ անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացել է արծաթե, մեկ անգամ՝ բրոնզե մեդալների:

Հովհաննես Թահմազյանն իր ֆուտբոլային հարուստ կարիերայի վերջին հանդիպումն անցկացրել է 2011թ. օգոստոսի 6-ին Կապանում, տեղի  «Գանձասարի» հետ մրցավեճում: Այդ օրը հայկական ֆուտբոլի անվանի վետերանը 41 տարեկան 207 օրական էր:

Ընդհանրապես գյումրեցի ֆուտբոլիստներն աչքի են ընկել ֆուտբոլային երկարակեցությամբ: Արարատ Հարությունյանն ու Հրայր Մկոյանը 18-ական մրցաշրջան են անցկացրել Հայաստանում, ընդ որում «Շիրակի» ներկայիս ավագը 3 մրցաշրջան էլ հանդես է եկել Իրանում: Այլապես Մկոյանը լավ հնարավորություն կունենար հավասարվելու կամ նույնիսկ գերազանցելու Կասպարովի ռեկորդային ցուցանիշը:

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստներից Տիգրան Դավթյանը, Կարեն Ալեքսանյանը, Անդրանիկ Բարիկյանը, Ռայմոնդ Զադուրյանը 16-ական մրցաշրջան են անցկացրել Հայաստանում:

Ֆուտբոլային կարիերան սկսելով Գյումրիի «Արագածում», Արարատ Հարությունյանը 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանից հանդես է եկել «Շիրակում», որի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն և գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, 4 անգամ արժանացել է արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մեդալների:

Ճակատագրի քմահաճույքով Արարատ Հարությունյանը 3 տարի (2004-2006թթ.) բացակայեց «Շիրակից»՝ մեկական մրցաշրջան անցկացնելով «Բանանցում», «Էսթեղլալ-Կոտայքում» և «Ուլիսում», որից հետո կրկին վերադարձավ հարազատ ակումբ:  

Երկարակյաց ֆուտբոլիստների ցանկում է նաև 17 մրցաշրջան Հայաստանում անցկացրած Արթուր Քոչարյանը, որը 4 տարի էլ խաղացել է արտերկրում: Դեռ 18 տարին չլրացած, Քոչարյանը նորամուտն է նշել Հայաստանի անդրանիկ առաջնությունում՝ 23 գնդակով դառնալով «Մալաթիայի» լավագույն ռմբարկուն: Արմեն Սարգսյանի հրավերով մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվեց «Արարատ», որի կազմում հասավ նշանակալի հաջողությունների՝ դառնալով ՀՀ չեմպիոն ու քառակի գավաթակիր, մեկական անգամ արժանանալով նաև արծաթե և բրոնզե մեդալների:

Հետագա տարիներին Քոչարյանը կրել է հայկական ևս 7 ակումբների՝ «Զվարթնոցի», «Միկայի», «Փյունիկի», «Սպարտակի», «Կոտայքի», «Գանձասարի» և «Ուլիսի» մարզաշապիկները, ինչպես նաև հանդես է եկել Լիբանանում և Իրանում:

2001թ. «Փյունիկի» կազմում Քոչարյանը 2-րդ անգամ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ուլիսում» և «Գանձասարում» խաղալիս մեկական անգամ արժանացավ բրոնզե պարգևի: 2009թ. նա «Ուլիսում» 15 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

Քոչարյանը նախորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթի խաղարկությունների յուրօրինակ ռեկորդակիր դարձավ՝ սիրողական «ԷկոՎիլ» թիմի կազմում մասնակցելով «Միկայի» հետ գավաթի նախնական փուլի հանդիպմանը: Այդ խաղում Քոչարյանը 49 տարեկան 23 օրական էր: Նա դարձավ Հայաստանի գավաթի խաղարկությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը:

Ուշադրության են արժանի նաև նախկին փյունիկցիներ Սարգիս Հովսեփյանն ու Արսեն Ավետիսյանը, որոնք մասնակցել են Հայաստանի 15 առաջնության: Երկուսն էլ ամենաերկարակյաց ֆուտբոլիստների ցանկում առաջատար դիրքերում կլինեին, եթե ֆուտբոլային կարիերայի որոշ ժամանակահատված չանցկացնեին արտերկրում:

Հովսեփյանը 1998-2003թթ. հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգում», որից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: «Փյունիկի» նախկին ավագը ելույթներն ավարտել է 2012թ. սեպտեմբերին՝ վերջին խաղն անցկացնելով 39 տարեկան 318 օրականում:

Արսեն Ավետիսյանն էլ Հայաստանից բացակայել է 2001-2005թթ.՝ հանդես գալով Ռուսաստանի առաջին խմբի առաջնության մասնակից Սոչիի և Բուդյոնովսկի «Ժեմչուժինայում» ու Պյատիգորսկի «Մաշուկում»: 2006թ. վերադառնալով «Փյունիկ», 33-ամյա հարձակվողն արդյունավետության տարիքային ռեկորդ սահմանեց՝ առաջնությունում խփելով 15 գնդակ: Եվ միայն 13 տարի անց այդ ռեկորդը գերազանցեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն՝ 33 տարեկանում դառնալով 16 գոլի հեղինակ:

 

2008-2011թթ. Արսեն Ավետիսյանը հանդես է եկել Կապանի «Գանձասարում», որտեղ էլ ավարտել է ելույթները 38 տարեկանում: Նա կապանյան թիմում ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 37 տարեկան 302 օրական:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 15 և ավելի մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Մրց.

Թիմ

Խաղ

Թվական

1. Գևորգ Կասպարով

22

9

348

1997-2002, 2004-2006, 2008-2020/21

2. Հովհաննես Թահմազյան

20

2

461

1992-2011

3. Հրայր Մկոյան

18

7

369

2004- 2013/14, 2017/18-2024/25

4. Արարատ Հարությունյան

18

5

336

1995-2012/13

5. Արտակ Գրիգորյան

17

6

404

2008-2024/25

6. Արթուր Քոչարյան

17

9

357

1992-96/97, 1999-2003, 2006-2012/13

7. Արտակ Եդիգարյան

17

5

347

2007-2013/14, 2015/16-2024/25

8. Տիգրան Լ. Հովհաննիսյան

17

10

305

1992-2008

9. Գևորգ Նռանյան

17

7

292

2004-2020/21

10. Տիգրան Դավթյան

16

4

409

1999-2014/15

11. Կարեն Ալեքսանյան

16

5

324

1998-2004, 2008-2016/17

12. Անդրանիկ Բարիկյան

16

2

291

1998, 2001-2015/16

13. Հայկ Իշխանյան

16

9

279

2008-2023/24

14. Ռայմոնդ Զադուրյան

16

1

264

1992-2004, 2006-2008

15. Ռաֆայել Նազարյան

16

7

260

1993-2008

16. Արթուր Ավագյան

16

10

259

2005, 2008-2022/23

17. Էդիկ Երիցյան

16

9

248

1992-2007

18. Սարգիս Հովսեփյան

15

1

365

1992-1997, 2004-2012/13

19. Արսեն Ավետիսյան

15

4

329

1992-2000, 2006-2011

20. Նորայր Գրիգորյան      

15

5

319

2001-2006, 2008-2016/17

21. Կարեն Սիմոնյան

15

6

314

1992-1994, 96/97-2007

22. Արամ Բարեղամյան

15

4

304

2005-2019/20

23. Սարգիս Նազարյան

15

8

299

1992-2006

24. Կարեն Զաքարյան

15

5

282

1996/97-2001, 2004-2012/13          

25. Արմեն  Պետիկյան

15

3

280

1992-2003, 2005-2007

26. Վահագն Մինասյան

15

6

270

2003-2011, 2013/14-2018/19

27. Արտակ Դաշյան

15

5

265

2006-2009, 2011-2013/14, 2016/17-2019/20, 2021/22-2024/25թթ.

28. Կարեն Նավոյան

15

9

264

1996/97-2002, 2004-2010, 2012/13

29. Ալեքսանդր Պետրոսյան

15

5

221

2002, 2004-2017/18

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ