Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Եվրո-2024-ի մասնակիցներից Սլովենիայի թիմի դեմ և պարտվեց 1-2 հաշվով:
Սլովենիայի հավաքականի կազմում 11-րդ րոպեին հաշիվը բացեց իտալական Բ սերիայում հանդես եկող «Պիզայի» հարձակվող Յան Մլակարը: Գոլի դրվագում խորվաթական «Օսյեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը տուգանային հրապարակում գլխով անհաջող հեռացրեց գնդակը, ինչից հետո Մլակարը գեղեցիկ հարվածով գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասը:
Սլովենացիներն առաջին խաղակեսի վերջին րոպեին կարող էին երկրորդ գնդակն ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն Չանչարևիչը մեկ դրվագում երկու սեյվ կատարեց:
Առաջին խաղակեսում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը մեկ շեղ հարված կատարեց, 1-2 անգամ էլ հարվածները փակվեցին մինչև դարպասին հասնելը:
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսը սկսեց շատ ակտիվ՝ վտանգավոր գրոհներով: Մրցակցի դարպասին սպառնացին Արթուր Միրանյանը, Արթուր Սերոբյանը և Էդգար Սևիկյանը:
Հյուրերի ակտիվությունը 56-րդ րոպեին վերածվեց գոլի, մրցակցի դարպասը գրավեց չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի իրացրած անկյունայինից հետո հավաքականի ավագը գլխի հարվածով է գրավեց մրցակցի դարպասը:
Այս գոլից 7 րոպե անց տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ 2-1: Խորքից կատարված փոխանցումից հետո Չանչարևիչի դարպասը գրավեց իտալական «Ատալանտայի» նախկին հարձակվող Յոսիպ Իլիչիչը, որն այժմ հանդես է գալիս սլովենական «Մարիբորում»: 36-ամյա վինգերն աչքի ընկավ փոխարինման մտնելուց րոպոներ անց՝ վերջակետ դնելով խաղին։
Սա Հայաստանի հավաքականի չորրորդ անընդմեջ պարտությունն էր, երրորդը՝ այս տարվա ընթացքում: Ալեքսանդր Պետրակովի թիմը 9 խաղ անընդմեջ չի հաղթում՝ 7 պարտություն, 2 ոչ-ոքի: Ազգային թիմի նախորդ հաղթանակից անցել է գրեթե մեկ տարի, 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի տնային խաղում եղել էր 2-1 հաշվով հաղթանակ Լատվիայի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղում կմրցի Ղազախստանի հավաքականի դեմ:
Ընկերական խաղ
Սլովենիա - Հայաստան՝ 2-1 (տեսանյութ)
Յան Մլակար, 11, Յոսիպ Իլիչիչ, 63 - Վարազդատ Հարոյան, 56
Ֆոտո՝ ՀՖՖ