Հոկտեմբերի 28-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլը:
FastNews-ը ներկայացնում է գավաթային հանդիպումների անոնսը։
«Արարատի Արաքս» - «Շիրակ»
Հոկտեմբերի 28, ժամը՝ 14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատի Արաքսը» 2-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Թիմի նորամուտը գավաթի մրցաշարում անհաջող էր: Նախորդ խաղարկության նախնական փուլում «Արարատի Արաքսն» Արմավիրում 0-2 հաշվով զիջել էր «Գանձասարին»:
Գավաթի ընթացիկ խաղարկության մեկնարկը հաջող էր թիմի համար, որը սեպտեմբերի 16-ին Չարենցավանում կայացած նախնական փուլի խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում 7-6 հաշվով հաղթել էր «Լեռնային Արցախին»: Հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Հաշիվը բացել էր Վլադիմիր Զաքարյանը, որին «Լեռնային Արցախը» պատասխանել էր փորձառու Ռումյան Հովսեփյանի խփած գոլով:

2. «Շիրակն» այս խաղով սկսում է գավաթային պայքարը: Հայաստանի կրկնակի գավաթակիրը, որ վերջին անգամ պատվավոր մրցանակը նվաճել է 2016/17թթ. մրցաշրջանում, գավաթի նախորդ խաղարկությունում պայքարից դուրս էր մնացել հենց առաջին փուլից՝ 1/8 եզրափակչում սեփական դաշտում 0-3 հաշվով պարտվելով «Վանին»:
3. «Արարատի Արաքսն» Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում 12 խաղում վաստակած 13 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Առաջնության վերջին խաղում «Արարատի Արաքսը» սեփական դաշտում 0-2 հաշվով զիջել է «Հայքին»: 4 գնդակով թիմի ռմբարկուն Սամվել Հակոբյանն է:
4. «Շիրակն» էլ Fastex Պրեմիեր լիգայում անհաջող է հանդես գալիս: 11-րդ տուրում շիրակցիները հյուրընկալվելիս «Ուրարտուի» հետ մրցավեճում 5 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: «Շիրակը» 11 խաղում վաստակած 6 միավորով ընթանում է նախավերջին՝ 9-րդ տեղում:

«Ուրարտու» - «Վան»
Հոկտեմբերի 28, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-0
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ուրարտուն» 29-րդ անգամ է մեկնարկելու Հայաստանի գավաթի խաղարկություններում: Նախորդ մրցաշրջանում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը գավաթի մրցաշարում անհաջող ելույթ ունեցավ: 1/8 եզրափակչում ԲԿՄԱ-ին 4-0 հաշվով հաղթելուց հետո «Ուրարտուն» հաջորդ փուլում պարտվեց «Արարատ-Արմենիային» (0-1, 1-2) ու դուրս մնաց հետագա պայքարից:
Իսկ դրան նախորդած 3 մրցաշրջաններում էլ «Ուրարտուն» մտել էր եզրափակիչ: Թիմի համար հաջող էր 2022/23թթ. գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթելով «Շիրակին», «Ուրարտուն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճել էր մրցանակը:

2. «Ուրարտուն» Հայաստանի առաջին գավաթակիրն է: 1992թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց ՀՄԸՄ-ին: 2007թ. «Բանանցը» չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ դարձավ կրկնակի գավաթակիր՝ եզրափակչում լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթելով «Արարատին»:
2016թ. «Ուրարտուն» 3-րդ անգամ դարձավ գավաթակիր՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:
3. «Վանը» 7-րդ անգամ է մասնակցելու գավաթի մրցաշարին: Թիմի համար ամենամեծ հաջողությունը կիսաեզրափակչում խաղալն է: Առաջին անգամ «Վանը» նման հաջողության է հասել 2021/22թթ. խաղարկությունում, որում էլ կայացել է «Ուրարտուի» հետ գավաթային միակ հանդիպումը: 2022թ. ապրիլի 3-ին Երևանում կայացած կիսաեզրափակիչ այդ խաղում «Ուրարտուին» հաղթանակ էին պարգևել Արթուր Միրանյանի, Ուգոչուկվու Իվուի և Ջոնել Դեսիրեի խփած գոլերը:
Գավաթի նախորդ խաղարկությունում էլ «Վանը» հասավ մինչև կիսաեզրափակիչ, որում երկու խաղերի ընդհանուր արդյունքով պարտվեց ապագա գավաթակիր «Նոային» (0-2, 1-0):

4. «Ուրարտուի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան գավաթային հանդիպմանը, քանի որ առաջնության վերջին խաղում 5-0 խոշոր հաշվով հաղթել էին «Շիրակին»: Իսկ «Վանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:
«Անդրանիկ» - ԲԿՄԱ
Հոկտեմբերի 29, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է ԲԿՄԱ-ն, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-6
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Անդրանիկը» 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ երկու խաղարկություններում Վարդենիսը ներկայացնող թիմը նախնական փուլում մեկական խաղ է անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3):
Եվ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև առաջին հաղթանակը տարավ պատվավոր մրցանակի մրցաշարերում՝ նախնական փուլում 3-0 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: Թիմի առաջին գոլի հեղինակն Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն էր:
2. ԲԿՄԱ-ի համար գավաթի ընթացիկ խաղարկությունը հոբելյանական՝ 10-րդն է: Առայժմ ամենահաջողը 1997, 2020/21 և 2023/24թթ. գավաթի խաղարկություններն էին, որոնցում ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել:
3. Մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել է 2023թ. հոկտեմբերի 8-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Նախնական փուլի այդ խաղում 6-0 հաշվով տարած հաղթանակը ԲԿՄԱ-ի համար ամենախոշորներից էր գավաթի մրցաշարերում: Նույնպիսի հաշվով բանակայինները հաղթել էին ՀՄՄ-ին 1997թ. գավաթի մրցաշարի 1/16 եզրափակչում:

4. «Անդրանիկը» բավական հաջող է հանդես գալիս առաջնությունում՝ 13 խաղում վաստակած 28 միավորով զբաղեցնելով 2-րդ տեղը: Նախորդ տուրում «Անդրանիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է առաջատար «Սարդարապատին», որից 8 միավոր պակաս է վաստակել:

5. ԲԿՄԱ-ն ևս անհաջող խաղաց՝ առաջնության նախորդ տուրում 1-2 հաշվով պարտվելով իր ամենաանհարմար մրցակից «Արարատ-Արմենիային»: Ընդ որում բանակայիններն առաջինն էին բացել խաղի հաշիվը:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
ԲԿՄԱ՝ Սամվել Հակոբյան – 2 գոլ:
«Փյունիկ» - «Գանձասար»
Հոկտեմբերի 29, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Մրցակիցները 5 օրում 2-րդ անգամ են մրցավեճի բռնվելու: Հոկտեմբերի 25-ին Աբովյանում կայացած առաջնության խաղում «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով: Առաջնության առաջին շրջանի խաղում էլ փյունիկցիները «Գանձասարին» պարտության էին մատնել նվազագույն հաշվով: Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև կայացած բոլոր 5 խաղերն էլ ավարտվել են «Փյունիկի» հաղթանակով:

2. Հայաստանի ութակի գավաթակիր «Փյունիկն» արդեն 10 տարի է, ինչ պատվավոր մրցանակի նվաճման բերկրանքը չի վայելել: «Փյունիկը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Միկային»: Դրանից հետո գավաթի եզրափակչում փյունիկցիները միայն մեկ անգամ են խաղացել՝ 2017թ. 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:
Գավաթի վերջին 3 խաղարկություններում փյունիկցիները հասել են մինչև կիսաեզրափակիչ: 2022/23թթ. մրցաշարում «Փյունիկը» զիջել էր «Շիրակին» (1-1, 3-5` 11մ), իսկ հաջորդ երկու մրցաշարերում եզրափակչի ճանապարհը թիմի առջև փակել էր «Արարատ-Արմենիան» (2023/24թթ.՝ 0-1, 2024/25թթ.՝ 0-2, 2-0, 2-4՝ 11մ):
3. «Գանձասարը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է նախնական փուլից՝ 2-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»: Թիմին հաղթանակ էին պարգևել Բերտրան Մանիի և Նարեկ Ալավերդյանի խփած գոլերը:

«Գանձասարը» 4-րդ անգամ է մասնակցում գավաթի մրցաշարին: Թիմի նորամուտը կայացել է գավաթի 2022/23թթ. խաղարկությունում, որում էլ գանձասարցիներն առայժմ ամենամեծ հաջողությանն են հասել՝ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: 1/8 եզրափակչում «Գանձասարը» 2-1 հաշվով հաղթել էր «Միկային», ապա հաջորդ փուլում հետխաղյա 11մ հարվածաշարում (5-4) պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել): Կիսաեզրափակչում մրցակիցն «Ուրարտուն» էր, որը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Գանձասարի» ավագ Տարոն Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղը կանցկացնի:
«Սարդարապատ» - «Արարատ»
Հոկտեմբերի 30, ժամը՝ 15:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում նորամուտը նշած նորաստեղծ «Սարդարապատը» հաղթանակով մեկնարկեց գավաթի մրցաշարում՝ նախնական փուլում 2-1 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ: Թիմին հաղթանակ պարգևեց Վրեժ Մկրտչյանի գրանցած դուբլը:

«Սարդարապատը» գերազանց է հանդես գալիս նաև առաջնությունում՝ 13 խաղում վաստակած 36 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 13-րդ տուրում «Սարդարապատն» Արմավիրում Գոռ Աբրահամյանի խփած միակ գոլի շնորհիվ կարևոր հաղթանակ տոնեց 2-րդ տեղում ընթացող «Անդրանիկի» նկատմամբ, որի շնորհիվ մրցակցից միավորների տարբերությունը հասցրեց 8-ի:
Հետաքրքիր է, որ միակ պարտությունն առաջնությունում «Սարդարապատը» կրել է 9-րդ տուրում «Արարատ-2»-ից (1-2), որի գլխավոր թիմի հետ մրցելու է գավաթի 1/8 եզրափակչում:
2. Հայաստանի վեցակի գավաթակիր «Արարատը» նախորդ 3 մրցաշրջաններում անհաջող է խաղացել՝ պայքարից դուրս մնալով առաջին իսկ փուլից: Վերջին անգամ արարատցիները գավաթը նվաճել են 2021թ.՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:
«Արարատը» չափազանց անհաջող է խաղում ընթացիկ առաջնությունում՝ 2 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում արարատցիները հերթական պարտությունը կրեցին «Նոայի» հետ խաղում՝ 0-3:
«Սյունիք» -«Կիլիկիա»
Հոկտեմբերի 30, ժամը՝ 15:00, Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Գավաթի ընթացիկ խաղարկությունը 21-րդն է «Սյունիքի» համար: Թիմն այս անվանումով հանդես է գալիս 2022/23թթ. մրցաշրջանից, իսկ մինչև այդ կրում էր «Գանձասար-Կապան» անվանումը: Հենց վերջինս էլ ակումբի պատմության մեջ գրանցել է ամենամեծ հաջողությունը՝ դառնալով գավաթի 2017/18թթ. խաղարկության հաղթող:
«Գանձասար-Կապանն» Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել էր «Ալաշկերտին»: Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չէր բացվել, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Գավաթի այդ խաղարկությունում անցկացրած 5 խաղերում գանձասարցիներն անպարտելի էին մնացել:
Դա գավաթը նվաճելու գանձասարցիների 2-րդ փորձն էր: 2013/14թթ. մրցաշարի եզրափակչում կապանցիները եզրափակչում 1-2 հաշվով պարտվել էին «Փյունիկին»:
2. Գավաթի ընթացիկ խաղարկության նախնական փուլում «Սյունիքը» Կապանում 3-1 հաշվով հաղթել է «Հայքին»: Գոլերի հեղինակներ են դարձել Յոահիմ Ամիեկորին, Ալեն Կարապետյանն ու Արմեն Հովհաննիսյանը:

3. Սիրողական Ա լիգայում հանդես եկող «Կիլիկիան» 3-րդ անգամ է մեկնարկելու գավաթի մրցաշարերում: Գավաթի 2023/24թթ. խաղարկությունում «Կիլիկիան» նորամուտի խաղում 9-1 հաշվով պարտության էր մատնել «Ֆալկոնսին»: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել: Հաջորդ փուլում Կարապետյանի դուբլի շնորհիվ «Կիլիկիան» 2-1 հաշվով հաղթել էր «Միկային», իսկ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով պարտվել էր «Շիրակին»:
Գավաթի նախորդ խաղարկությունում «Կիլիկիան» պայքարից դուրս մնաց նախնական փուլում՝ 1-6 հաշվով պարտվելով ԲԿՄԱ-ին: Միակ գոլի հեղինակն Ալեքսանդր Կարապետյանն էր, որը 7 գնդակով թիմի ռմբարկուն է գավաթի մրցաշարում:

4. «Սյունիքն» Առաջին խմբի առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներում վաստակել է 25 միավոր և եզրափակում է առաջատար եռյակը: Վերջին խաղում կապանցիները Երևանում 2-1 հաշվով հաղթել են «Փյունիկ Ակադեմիային»: 7 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն Արմեն Հովհաննիսյանն է:
5. «Կիլիկիան» գերազանց է հանդես գալիս սիրողական Ա լիգայում, որում անցկացրած 5 խաղերում էլ հաղթել է ընդհանուր 25-0 հաշվով: Օլուէբուբե Միրաքլ Օնուոհան 10 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուն է:


