Փետրվարի 19-ին կկայանա Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչից հետաձգված «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպումը: FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Նոա» - «Ալաշկերտ»
Փետրվարի 19, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ, հեռուստաալիքը՝ «Ֆասթ Սպորտ»
7 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 5 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-16
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի այս հանդիպումը նախատեսված էր անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին, սակայն հետաձգվել էր, քանի որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղում հյուրընկալելու էր Չեխիայի «Մլադա Բոլեսլավին», որին հաղթեց 2-0 հաշվով: Գավաթային այս խաղում հաջողության հասած թիմը քառորդ եզրափակչում կմրցի «Գանձասարի» հետ:
2. Գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները 5-րդ անգամ են հատվում: Նրանց առաջին հանդիպումը կայացել է գավաթի 2017/18թթ. խաղարկությունում, որում իր նորամուտն էր նշում այն ժամանակ «Արցախ» անվանումը կրող նորաստեղծ թիմը: 2017թ. սեպտեմբերի 21-ին «Միկայի» մարզադաշտում «Ալաշկերտի» հետ կայացած այդ խաղն «Արցախի» առաջին հանդիպումն էր գավաթի մրցաշարերում:
Տիգրան Եսայանի գլխավորությամբ «Արցախն» Առաջին խմբում հաջողությամբ պայքարում էր Բարձրագույն խմբի ուղեգրի համար, իսկ գործող չեմպիոն «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ առաջնության առաջատարն էր:

«Արցախին» չհաջողվեց լրջորեն դիմակայել մրցակցին՝ պարտվելով 1-3 հաշվով: Թեև արդեն 9-րդ րոպեին Գրիգոր Աղեկյանը հաշվի մեջ առաջ մղեց «Արցախին», սակայն հետագայում Միհրան Մանասյանը դուբլի հեղինակ դարձավ, Արթուր Եդիգարյանն էլ հստակ իրացրեց 11մ հարվածը:
Հոկտեմբերի 19-ին մրցակիցների քառորդ եզրափակիչ պատասխան խաղում չեմպիոնը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Արցախի» դարպասը: Արթուր Եդիգարյանը հեթ-տրիկ ձևակերպեց, գոլերից մեկն էլ իր օգտին գրանցեց ներկայումս «Նոայում» հանդես եկող Արտակ Դաշյանը: Այդ հաղթանակը պատվավոր մրցանակի մրցաշարերում մինչև օրս ամենախոշորն է «Ալաշկերտի» համար: «Նոայի» համար էլ դա գավաթի խաղերում մինչև օրս կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր:
Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» առաջին անգամ մտավ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով պարտվեց «Գանձասար Կապանին»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր 1-1 հաշիվ:
3. Գավաթի հաջորդ խաղարկությունում մրցակիցները կրկին հանդիպեցին քառորդ եզրափակչում: Թեև «Արցախն» արդեն խաղում էր Բարձրագույն խմբում, սակայն Ռաֆայել Նազարյանի սաները կրկին երկու խաղերում էլ զիջեցին գործող չեմպիոնին (1-2, 0-1): Վերջինս գավաթի այդ խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին», առաջին ու առայժմ միակ անգամ նվաճեց մրցանակը:
4. 2020/21թթ. խաղարկության կիսաեզրափակչում մրցակիցների գավաթային 3-րդ դիմակայությունն էլ ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով (1-1, 3-1): Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներում «Նոայի» դարպասը պաշտպանած Վալերիո Վիմերկատին ներկայումս «Ալաշկերտում» է, իսկ պատասխան խաղում «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն այժմ «Նոայում» է:

3-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճելով, ալաշկերտցիները գավաթի վճռորոշ խաղում 1-3 հաշվով պարտվեցին «Արարատին»:
5. Միայն մրցակիցների 4-րդ դիմակայության ժամանակ «Նոային» վերջապես հաջողվեց հաղթահարել «Ալաշկերտի» արգելքը: Գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթողին որոշելու համար ընդհանուր առմամբ 20 հարված կատարվեց:
Առաջինը 11մ նշակետին մոտեցավ «Ալաշկերտի» ռմբարկու Լևանի Կուտալիան, որի հարվածը հետ մղեց Վալերիո Վիմերկատին: 3-3 հաշվի ժամանակ էլ «Նոայից» վրիպեց Սեզար Վարելան, որի հարվածը բարձր ստացվեց: Վճռորոշ եղան վերջին երկու հարվածները: 8-8 հաշվի ժամանակ ալաշկերտցի Աննան Մենսահի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, իսկ ահա Վալերիո Վիմերկատին խոցեց Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասն ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց «Նոային», որը հաղթեց 9-8 հաշվով:

6. Եթե գավաթի մրցաշարերում «Նոան» դեռ չի հաղթել «Ալաշկերտին», ապա Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև կայացած 24 հանդիպուներից 11-ն ավարտվել է «Նոայի» հաղթանակով, 10-ում հաջողությունն ուղեկցել է ալաշկերտցիներին: Իսկ ընթացիկ առաջնությունում «Նոան» երկու խաղերում էլ ջախջախել է մրցակցին՝ 6-0, 4-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ալաշկերտ»՝ Արթուր Եդիգարյան - 4 գոլ:


