FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Նոա» - «Արարատ-Արմենիա»
13 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
2 խաղ, որոնցից մեկում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել է «Նոան», մյուսում հիմնական ժամանակում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-8
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Հայաստանի գավաթի խաղարկությունների պատմության մեջ 2-րդ անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը կվիճարկեն «Նոան» և «Արարատ-Արմենիան»: 5 տարի առաջ՝ 2020թ. հուլիսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպումը յուրահատուկ էր իր դրամատիզմով և գրանցված գոլերի առատությամբ:
Առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արմենիան» խաղը շահում էր 4-1 հաշվով և թվում էր, թե գավաթի բախտը վճռված է: Վարդան Մինասյանի սաներից դուբլի հեղինակ էր դարձել Լուիս Ուգոչուկվու Օգանան, մեկ գոլ խփել էր Յուսուֆ Օտուբանջոն, մրցակցի պաշտպան Ալան Տատաևն էլ գրավել էր սեփական դարպասը: «Նոայից» աչքի էր ընկել Մաքսիմ Մայրովիչը:
Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում պատկերն ամբողջովին փոխվեց: Իգոր Պիկուշչակի սաները Վլադիմիր Ազարովի, Միխայիլ Կովալենկոյի և Դանու Սպատառուի խփած գոլերի շնորհիվ հավասարեցրին հաշիվը՝ 4-4:
Լրացուցիչ ժամանակում էլ հանդիպման ելքը չվճռվեց: 115-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը հաշվի մեջ առաջ մղեց «Նոային», սակայն 2 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն վերականգնեց հավասարակշռությունը՝ 5-5:
Գավաթի բախտը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: Վճռորոշ եղավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանի վրիպումը 6-6 հաշվի ժամանակ: Նրա հարվածը բարձր ստացվեց: Իսկ Ռոկաս Կրուշնաուսկասը դիպուկ իրացնելով 11մ հարվածը, «Նոային» գավաթակիր դարձրեց:
Հետաքրքիր է, որ «Նոայում» գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ոչ մեկը ներկայումս թիմի կազմում չէ: Էդգար Գրիգորյանը խաղում է «Արարատ-Արմենիայում», Միխայիլ Կովալենկոն՝ «Փյունիկում», Վալերիո Վիմերկատին և Բենիկ Հովհաննիսյանը հանդես են գալիս «Ալաշկերտում», Յուրի Գարեգինյանը «Վանում» է:
Գավաթի մրցաշարին մասնակցած «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից ներկայումս թիմում են Արմեն Համբարձումյանն ու Հովհաննես Հարությունյանը: Վերջինս եզրափակչին չէր մասնակցել:
2. «Նոան» գավաթի եզրափակչին կներկայանա Հայաստանի նորընծա չեմպիոնի կարգավիճակով՝ տիտղոսը նվաճելով 30-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Ռուի Մոտայի գլխավորած թիմը կձգտի ոսկե դուբլ ձևակերպել՝ նվաճելով նաև Հայաստանի գավաթը:
«Նոան» փետրվարի 19-ին «Ալաշկերտի» հետ մրցավեճով է մեկնարկել գավաթի ընթացիկ խաղարկությունում: Գոնսալու Գրեգորիուի և Գոռ Մանվելյանի խփած գոլերի շնորհիվ Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Այդ փուլում «Գանձասարի» հետ երկխաղյա դիմակայությունում առաջնության առաջատարը կրկին խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 3-0 և 4-0 խոշոր հաշիվներով: Առավել արդյունավետ գործեցին Մաթեուս Այասն ու Բրունո Ալմեյդան՝ դառնալով 2-ական գոլի հեղինակ, մեկական գոլ խփեցին Հովհաննես Համբարձումյանը, Զավեն Խուդավերդյանն ու Էրալդ Չինարին:
«Վանի» հետ գավաթի կիսաեզրափակչի դիմակայությունը շատ լարված ստացվեց: Առաջին խաղում «Նոան» սեփական դաշտում Մաթեուս Այասի և Իմրան Օմարի խփած գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Չարենցավանում մրցակցին զիջեց նվազագույն հաշվով՝ կրելով գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունն ու առաջին գոլը բաց թողնելով:
3.«Արարատ-Արմենիան» գործող գավաթակիրն է ու կփորձի պահպանել իր տիտղոսը: Թիմն իր ճանապարհը դեպի եզրափակիչ սկսեց քառորդ եզրափակչից: «Արարատ-Արմենիան» հանձինս «Ուրարտուի» բավական լուրջ դիմադրության հանդիպեց, սակայն երկու խաղերում էլ հաղթեց: Առաջին խաղում հյուրընկալվելիս գործող գավաթակրին հաղթանակ պարգևեց Տենտոն Յենեի խփած միակ գոլը:
Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով: Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Ալվին Թերան: Իսկ հաշիվը բացել էր «Ուրարտուի» պաշտպան Դմիտրի Տիխին, սակայն Ալեքսանդր Պուսկոյի ինքնագոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը:
«Փյունիկի» հետ հյուրընկալվելիս կայացած կիսաեզրափակչի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին Էրիկ Օկանսիի և Մարիուս Նուբիսիի խփած գոլերը: Պատասխան խաղում փյունիկցիները նույնպիսի հաշվով հաղթեցին, սակայն 11մ հարվածաշարում ավելի դիպուկ էր «Արարատ-Արմենիան» (4-2), որն էլ իր պատմության մեջ 3-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց:
«Արարատ-Արմենիան» 2-րդ փորձից է գավաթակիր դարձել: 2024թ. մայիսի 12-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»: 31-րդ րոպեին Միքայել Միրզոյանը հաշվի մեջ առաջ էր մղել «Ուրարտուին»: 7 րոպե անց «Արարատ-Արմենիան» Արման Ղազարյանի ինքնագոլի շնորհիվ վերականգնել էր հավասարակշռությունը:
4. Գավաթի մրցաշարերում մրցակիցների միջև ևս մեկ խաղ է կայացել: 2024թ. մարտի 11-ին կայացած քառորդ եզրափակիչ խաղում «Նոան» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային»: «Նոայից» գոլերի հեղինակներ էին դարձել Արթուր Միրանյանն ու Իլիաս Ալհաֆտը, «Արարատ-Արմենիայից» աչքի էին ընկել Ալեքսիս Ռոդրիգեսը, Ջոնաթան Դուարտեն և Արթուր Սերոբյանը:
5. Գավաթի եզրափակիչը «Նոայի» համար կլինի 26-րդ խաղը պատվավոր մրցանակի խաղարկություններում: Թիմը տոնել է 11 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն: «Նոայի» ֆուտբոլիստները խփել են 35 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 33 գնդակ: Գավաթի մրցաշարերում 3-ական գնդակով «Նոայի» լավագույն ռմբարկուներն են Մաքսիմ Մայրովիչը, Վլադիմիր Ազարովն ու Մաթեուս Այասը:
6. «Արարատ-Արմենիայի» համար գավաթի եզրափակիչը կլինի հոբելյանական՝ 30-րդ խաղը: Թիմը տոնել է 17 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, 7-ում պարտվել է, խփել է 58 գոլ, բաց է թողել 35 գնդակ: Գավաթի մրցաշարերում թիմի լավագույն ռմբարկուն 8 գոլ խփած Լուիս Ուգոչուկվու Օգանան է:
7. Երկու թիմերի կազմերում հանդես եկող ֆուտբոլիստներից գավաթի մրցաշարերում ամենամեծ հաջողությանը հասել է Կամո Հովհաննիսյանը, որը վեցակի գավաթակիր է: «Արարատ-Արմենիայի» հաղթանակի դեպքում Կամոն կդառնա յոթակի գավաթակիր, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի գավաթի մրցաշարերում: Իսկ առայժմ նա Արթուր Յուզբաշյանի և Դավիթ Մանոյանի հետ բաժանում է ռեկորդակրի տիտղոսը: Կամոն 5 անգամ գավաթակիր է դարձել «Փյունիկում» (2009-2010, 2013-2015թթ.), վերջին տիտղոսը նվաճել է անցյալ տարի «Արարատ-Արմենիայում»:
Կամո Հովհաննիսյանից հետո ամենատիտղոսակիրը նրա թիմակից Կարեն Մուրադյանն է, որը պատվավոր մրցանակով 3 անգամ պատվո շրջան է կատարել տարբեր թիմերում («Շիրակ»՝ 2012թ., «Արարատ»՝ 2021թ., «Արարատ-Արմենիա»՝ 2024թ.):
Հենրի Ավագյանը, Էդգար Գրիգորյանն ու Տենտոն Յենեն կրկնակի գավաթակիրներ են: Ավագյանը 2019թ. գավաթակիր է դարձել «Ալաշկերտում», իսկ 3 տարի անց Տենտոնի հետ պատվավոր մրցանակը նվաճել է «Նորավանքի» կազմում: Գրիգորյանը 2020թ. «Նոայի» կազմում է առաջին անգամ վայելել գավաթի նվաճման բերկրանքը, իսկ անցյալ տարի Տենտոնի հետ «Արարատ-Արմենիայում» դարձել է կրկնակի գավաթակիր:
Անցյալ տարի «Արարատ-Արմենիայում» գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ներկայումս թիմում են նաև Խոսե Բուենոն, Ալվին Թերան, Արմեն Համբարձումյանը, Ջոնաթան Դուարտեն, Ամոս Նոնդին, Նարեկ Ալավերդյանը և Ժիրայր Շաղոյանը: Ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիա» վերադարձած Հակոբ Հակոբյանը 2016թ. գավաթակիր է դարձել «Բանանցում»:
«Նոայի» ֆուտբոլիստներից գավաթի նվաճման բերկրանքը վայելել են միայն Օգնյեն Չանչարևիչը («Ալաշկերտում»` 2019թ.) և Արտյոմ Ավանեսյանը («Արարատ-Արմենիայում»՝ 2024թ.):
8. Վարդան Մինասյանը մարզչական հարուստ կարիերայի ընթացքում 5-րդ անգամ է իր սաների հետ վիճարկելու Հայաստանի գավաթը: Եզրափակիչներից 3-ը փորձառու մարզչի և նրա սաների համար հաջողությամբ են ավարտվել: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 2009 և 2010թթ. դարձել է Հայաստանի գավաթակիր՝ երկու տարի անընդմեջ եզրափակչում հաղթելով «Բանանցին» (1-0, 4-0): Անցյալ տարի էլ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճեց գավաթը՝ հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով (հիմնական ժամանակում՝ 1-1) հաղթելով «Ուրարտուին»:
Միայն մեկ անգամ, 2020թ. եզրափակչում են Վարդան Մինասյանի սաները մրցանակը զիջել մրցակցին՝ հետխաղյա 11մ հարվածաշարում 6-7 հաշվով զիջելով «Նոային»:
Գավաթի եզրափակչում հաջողության հասնելու դեպքում Վարդան Մինասյանը կկրկնի Վարուժան Սուքիասյանի ռեկորդային ցուցանիշը, որի գլխավորած թիմերը 4 անգամ են գավաթակիր դարձել:
Ֆուտբոլիստի կարիերայում էլ Վարդան Մինասյանը հաջողակ է եղել գավաթի մրցաշարերում: «Փյունիկի» կազմում 4 անգամ մասնակցելով գավաթի եզրափակչին, Մինասյանը դարձել է կրկնակի գավաթակիր (1996, 2002թթ.):
9. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած երկու խաղերում էլ հաղթել է «Նոան» (1-0, 2-1): 3-րդ շրջանի հանդիպումը կայանալու է մայիսի 24-ին Աբովյանում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Լուիս Ուգոչուկվու Օգանա, Յուսուֆ Օտուբանջո – 2-ական գոլ:
2 դեղին քարտի պատճառով հանդիպմանը չի մասնակցի Գոռ Մանվելյանը: