Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Ինդոնեզիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Մալութ Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:
Անգուլոն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Երևանի «Ալաշկերտում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Արարատ-Արմենիային», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է:
Անգուլոն 2021 թվականի հունվարին Կապանի «Գանձասարից» էր տեղափոխվել «Արարատ-Արմենիա»: Կիսապաշտպանը «Գանձասարի» գույները պաշտպանել էր 2015 թվականի հուլիսից:
Հիշեցնենք, որ Վբեյմար Անգուլոն 2020 թվականի սեպտեմբերին էր ստացել Հայաստանի քաղաքացիություն և հրավիրվել ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել երկու գոլ:

