Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանի տարածքում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծարման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրված էր այն խաղացողներին, որոնք 2024/25 մրցաշրջանում իրենց ակումբների կազմում տիտղոս են նվաճել: Տվյալ ֆուտբոլիստները մրցանակ են ստացել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից:
Արարողությանը մասնակցել են նաև ֆուտբոլիստների ծնողները, մարզիչները: Միջոցառումից հետո ֆուտբոլիստները ճեպազրույցներ են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հաղորդում է FastNews-ի թղթակիցը:
Գոռ Մանվելյան («Նոա»` Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր). «Երկար ու բարդ մրցաշրջան էր, բայց կարողացանք «Նոայի» կազմում նվաճել չեմպիոնական տիտղոսն ու գավաթը: Ամեն ինչ կանենք՝ Չեմպիոննների լիգայի Լիգայի փուլ մտնելու համար: Եթե չստացվի, կփորձենք խաղալ Եվրոպա լիգայում կամ Կոնֆերենցիաների լիգայում»:
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»` Ռուսաստանի չեմպիոն). «Բավական դժվար մրցաշրջան էր: Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Երազանք ունեինք, երկար ժամանակ ձգտում էինք իրականացնել այն: Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացանք դառնալ Ռուսաստանի չեմպիոն:
Սա իմ առաջին մարզական հավաքն է ազգային թիմի նոր մարզչի գլխավորությամբ: Ամեն ինչ կարգին է, հավաքը լավ է ընթանում: Շատ կարևոր են առաջիկա ընկերական մրցավեճերում հաղթելը և լավ խաղ ցուցադրելը:
Եվրոպական ակումբ տեղափոխվելու համար դեռ ժամանակ կա, հստակ առաջարկ չկա: Բոլորը գիտեն, որ ուզում եմ հեռանալ, տեսնենք` ինչ կլինի: «Լիդսի» կողմից հետաքրքրվածության մասին ձմռանը տեղեկություն կար, «Պորտուի» մասին կարդում եմ մամուլից: Նախընտրելի առաջնություն չկա»:
Արթուր Սերոբյան («Շերիֆ»` Մոլդովայի գավաթակիր). «Շատ հաճելի էր Մոլդովայի գավաթը նվաճելը, բայց տխուր եմ, որ առաջնությունը չկարողացանք հաղթել: Մոլդովայի և Հայաստանի առաջնությունների խաղամակարդակները նման են»:
Վահան Բիչախչյան («Լեգիա»` Լեհաստանի գավաթակիր). «Մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրի «Պոգոնում», երկրորդը` «Լեգիայում»: Մրցաշրջանի երկրորդ հատվածում վնասվածքս խորացավ. քիչ խաղաժամանակ էի ստանում: Երեք շաբաթ է` բուժվում են, կեսն անցել եմ: Կարծում եմ` հաջորդ մրցաշրջանն ավելի լավ կդասավորվի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, երեք օր անց էլ՝ հյուր կգնա Չեռնոգորիայի թիմին: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով: