Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ և վստահ հաղթանակ տարավ 3-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով ուժեղ գտնվեց Շաքրիյար Մամեդյարովից, իսկ 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջաթ Աբասովին։
Մյուս 2 պարտիաներում հաղթող չեղավ։ Հրանտ Մելքումյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ, իսկ երրորդ համար Մանուել Պետրոսյանը սև խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Վասիֆ Դուրարբայլիի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և Ուզբեկստանի թիմի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով ուզբեկներն առաջինն են։ 3-5-րդ տեղերը բաժանում են ԱՄՆ-ի հավաքականն ու Հնդկաստանի 1-ին և 2-րդ թիմերը, որոնք հավաքել են 16-ական միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4-0), Անդորրային (3-1), Եգիպտոսին (2,5-1,5), Ավստրիային (3-1), Անգլիային (2,5-1,5), Հնդկաստանի 2-րդ (2,5-1,5) և առաջին (2,5-1,5) թիմերին, ոչ-ոքի էր խաղացել ամերիկացիների հետ (2-2) ու պարտվել Ուզբեկստանին (1-3):
Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը կանցկացվի օգոստոսի 9-ին։


