Ավելի քան 10 տարի Հայաստանի թենիսի ֆեդերացիան տաք օրերին գրեթե ամեն շաբաթ միջազգային պատանեկան մրցաշարեր է անցկացնում։ 2022 թվականին դրանց քանակը նախատեսվում է հասցնել 19-ի։ Մրցումների շարքի ընդլայնումը պայմանավորված է Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզահամալիրում թենիսի ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմամբ, այն ծրագրված է շահագործման հանձնել հոկտեմբերի սկզբին։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Հայաստանում մարզաձևի մասսայականացմանն ու հետագա զարգացմանը։
«Ծաղկաձորում կառուցվում է 9-ը բացօթյա և 2 ծածկած կորտ։ Շինարարությունն իրականացնում են գլխավոր մարզահամալիրի սեփականատերերը։ Դա ինքնանպատակ չէ. Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան ցանկանում է ամեն տարի իր պատանեկան հավաքականների մարզումներն անցկացնել Ծաղկաձորում, ինչը կապահովի կորտերի կայուն զբաղվածությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ հավաքներին կարող են միանալ նաև Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի թիմերը։ Եվ, իհարկե, նոր ենթակառուցվածքը կխթանի Հայաստանում թենիսի զարգացմանը, քանի որ հայ պատանի մարզիկ-մարզուհիները համատեղ հավաքների կմասնակցեն ռուսաստանցի հասակակիցների հետ։ Դա կնպաստի նաև մեր մարզիչների մասնագիտական աճին, քանզի փորձի փոխանակումը միշտ միայն դրական է անդրադառնում ընդհանուր զարգացմանը»,- VNews-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։
Նա ընդգծեց, որ թենիսի նոր համալիրը լինելու է Հայաստանի մարզերում առկա ամենախոշոր համանման կառույցը։
«Դա, իրոք, կլինի ամենամեծը։ Մարզերում թենիսի բազա ունենք նաև Գյումրիում, որտեղ գործում է 5 կորտ։ Ծաղկաձորյան համալիրը մեր ֆեդերացիային հնարավորություն կտա ծրագրել և անցկացնել ավելի խոշոր միջազգային մրցաշարեր»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Գևորգ Կարամանուկյանն նշեց, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան տարվա կտրվածքով ամենաշատ միջազգային պատանեկան վարկանիշային մրցաշարեր անցկացնող մարզական կառույցն է երկրում։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա էապես նպաստում է Հայաստանում թենիսի մասսայականացմանը, երկրի ճանաչելիության աճին, ինչու չէ, նաև համեստ ներդրում ենք ունենում զբոսաշրջության և, ընդհանրապես, տնտեսության զարգացման գործում։ Օրինակ, այս տարի արդեն անցկացված 14 մրցաշարերին մասնակցել է օտարերկրյա շուրջ 600 մարզիկ-մարզուհի։ Բնականաբար, նրանք ժամանում են մարզիչների կամ ծնողների ուղեկցությամբ, վարձակալում են բնակարաններ կամ հանգրվանում հյուրանոցներում, օգտվում են սննդի և առևտրի կետերից, այցելում տեսարժան վայրեր, ինչը հարկերի տեսքով դրամական որոշակի հոսք է ապահովում Հայաստանի բյուջե։ Ավելի կարևոր է, որ մեր երեխաները հնարավորություն են ստանում հայրենիքում մրցել ուժեղագույն հասակակիցների հետ, մրցափորձ ու վարկանիշ ձեռք բերել։ Մինչդեռ, արտասահմանյան մրցումների մեկնելը, անկեղծ լինենք, հասու է ոչ բոլորին։ Ուրախ եմ արձանագրել նաև, որ այս տարի ԿԳՄՍ-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մինչև 14 տարեկան տղաների Եվրոպայի ամառային թիմային գավաթի խաղարկության որակավորման մրցաշար, ինչը վկայում է մեր երկրի և ֆեդերացիայի նկատմամբ միջազգային մարզական կառույցների վստահության աճի մասին»,- ասաց Կարամանուկյանը։
Հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել միջազգային ևս 6 մրցաշար՝ մինչև 14 և 16 տարեկանների 3 մրցաշար («Tennis Europe»-ի հովանու ներքո), մինչև 18 տարեկանների ITF-ի 2 մրցում և վետերանների մասնակցությամբ սիրողական մեկ մրցաշար։ Իսկ սեպտեմբերի 17-ից Երևանում անցկացվելու են Հայաստանի պատանիների և մեծահասակների առաջնությունները։
Ընթացիկ մրցաշրջանում հայաստանյան մրցաշարերին հայ թենիսիստներից առավել հաջող է մասնակցել դրանցից մի քանիսի մենախաղում և զուգախաղում հաղթած Միքայել Ավանեսյանը։ Իսկ Դավիթ Պողոսյանը՝ ռուսաստանցի անվանի թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի զարմիկ Իվան Մոլգինի ընկերակցությամբ դարձել է 14 տարեկանների մասնակցությամբ վերջին մրցումներից մեկի զուգախաղի հաղթող։ Գյումրեցի Սամվել Աղայանը դարձել է զուգախաղի եզրափակիչի մասնակից։