Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, կանանց և տղամարդկանց ազգային թիմերի անդամները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով նրա շիրիմին:
Հունիսի 13-ն Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է, լեգենդը կդառնար 69 տարեկան:
«Յուրի Վարդանյանն այն քիչ մարզիկներից է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը: Արդեն ի պաշտոնե` ներկայանալով որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, միշտ տալիս են Յուրի Վարդանյանի անունը: Այն, ինչ արել է Վարդանյանը որպես մարզիկ, քչերին է հաջողվել` բարձրացնել անհնարինը, մեծ համբավ բերել ոչ միայն իրեն, այլ նաև Հայաստանին: Մենք պարտավոր ենք այսօր այստեղ լինել ոչ միայն մարզիկներով, այլ նաև մեր մյուս գործընկերներով` ցույց տալու, որ հիշում ենք նրա սխրանքը: Նա օրինակ պետք է լինի մյուսների համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` կրտսեր սերունդը պետք է իր հարգանքի տուրքը մատուցի անվանի մարզիկներին:
«Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծանուն մարզիկներին, որովհետև մեր մարզաձևը` ծանրամարտը, հենց նրանցով է զարգացել: Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական դարձնել ֆեդերացիայի կողմից»,- ասել է Գասպարյանը: