Logo

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահի հետ

15:47 / 14.07.2024Ֆուտբոլ
null

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանում ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործակցությամբ աշխատանքներ են տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ անցկացնելու նպատակով: Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի և հավելել, որ ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում: Ալեքսանդր Չեֆերինն էլ ընդգծել է, որ ՈւԵՖԱ-ն աջակցում է հայ-վրացական համատեղ հայտին:

Չեֆերինը նաև նշել է, որ ՈւԵՖԱ-ն սերտորեն գործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ կառավարության՝ ենթակառուցվածքների բարելավման քայլերը ևս նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում ֆուտբոլի առաջընթացին: 

Փաշինյանն ու Չեֆերինը նաև խոսել են Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջության մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում Եվրո-2024-ի եզրափակիչում կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները: Վարչապետ Փաշինյանն ՈւԵՖԱ-ի նախագահի հետ ներկա կգտնվի հանդիպմանը:

Ֆոտո՝ ՀՀ կառավարություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ