Logo

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի, առաջին անգամ՝ ֆիջիթալ պարերի մրցաշար

17:15 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի, առաջին անգամ՝ ֆիջիթալ պարերի մրցաշար։ Եթե այս տարվա հունվարին ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշարը սիրողական էր, ապա այս անգամ՝ պրոֆեսիոնալ: Միջոցառմանն աջակցեցին Հայաստանում Midea բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Celsius ընկերությունը, Sparsis միջազգային մարքեթինգային ընկերությունը, «Մոսկվա» կինոթատրոնը, Bridge Technical Solutions ընկերությունը և Coffee House սրճարանային ցանցը։

Ֆիջիթալ ֆուտբոլին մասնակցում էր 8 թիմ։ Նրանք նախ ուժերը փորձեցին վիրտուալ տիրույթում, ապա նույն հաշվով հանդիպումը շարունակեցին մանրահատակին։ Դիմակայության վերջնական հաշիվն ամրագրելու համար մասնակիցներն ունեին 10 րոպե։ Եզրափակիչ հասան նախորդ մրցաշարի չեմպիոն «Սթրիթ Բոլն» ու «Երևան Իգլսը»։ Երկրորդ տարին անընդմեջ լավագույնը Հայկ Ֆրիսթայլն ու ընկերներն էին։ 2 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 1 միլիոնը ստացան չեմպիոնները, երկրորդ տեղը գրաված մասնակիցներին տրվեց 600.000, երրորդ տեղին՝ 400.000 դրամ։

Հաղթող թիմից Հայկ Ֆրիսթայլը պատմեց, որ մինչև մրցումները թիմակիցներով մարզվել են թե՛ կիբերսպորտով, թե՛ ֆուտզալով:

Sparsis միջազգային մարքեթինգային ընկերության փոխտնօրեն Արեգ Խաստուրեցին տեղեկացրեց՝ այս մրցաշարով մասնակիցները կարող են ստանալ միջազգային որակավորում:

«Մրցաշարին մասնակցած թիմերը համապատասխան որակավորում ունենալու դեպքում հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցաշարերի՝ ներկայացնելով Հայաստանը»,- ասաց Խաստուրեցին:

«Ապագայի խաղեր» նախագծի սպորտային տնօրեն Վլադիսլավ Երշովը պատմեց՝ ապագայի խաղերն առաջին անգամ անցկացրել են Կազանում, ապա տարածվել ամբողջ աշխարհում։ Այժմ ապագայի խաղեր կազմակերպում են 90 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Նախագծի սպորտային տնօրենը հետևել է մրցաշարի ամբողջ ընթացքին։ Վստահեցնում է՝ տղաները շատ մոտիվացված են։

«Հաճելի է տեսնել նման լեփ-լեցուն տրիբունաներ և նման բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար»,- նշել է Երշովը։

Իսկ Ֆիջիթալ պարերի Հայաստանի առաջին չեմպիոնը Մարգարիտա Բադոյանն է։ Երկրորդ տեղում Էլիզաբեթ Մինասյանն է, երրորդում՝ Միլեն Խաչատրյանը։ Պարուհիները ստացան համապատասխանաբար 200, 125 և 75․000-ական դրամ։

Ֆիզիկական և թվային միջավայրերի համադրությամբ ստեղծված հիբրիդային այս սպորտաձևը Հայաստանում դեռ նոր է զարգանում։ Թեպետ մեր երկիրը World phigital community-ի համահիմնադիր է։ Ֆիջիթալ սպորտի նպատակը մեկն է՝ հետաքրքրել նոր սերունդներին՝ վիրտուալ խաղերը ինտեգրելով իրական մարզաձևերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա