Երկար տարիներ Չարենցավանի «Վանի» քաղաքականությունը կարելի էր որակել որպես «կայուն, անկայուն», սակայն հույս կա, որ այդ ամենն անցյալում է: 1 տարի առաջ մարզային թիմը սկսել է համագործակցել ռուսական «Վիստա» և բուլղարական «Բոտև» ակումբների հետ՝ որպես մեկ ընդհանուր ակումբային ցանց: Այդ երեք ակումբների աշխատանքը համակարգում է «Վիստայի» հիմնադիր Տիգրան Մկրտչյանը, որը «Վանի» ղեկավար խորհրդի անդամն է:
FastNews-ը զրուցել է Մկտչյանի հետ, որը ներկայացրեց չարենցավանյան ակումբի զարգացման տեսլականը:
- Ինչպե՞ս առաջացավ «Վանի» հետ համագործակցելու միտքը:
- Ակումբի սեփականատեր Սերգեյ Ղուկասովի հետ ծանոթացանք, հանդիպեցինք նրա ու Սևադա Արզումանյանի հետ, որին արդեն ծանոթ էինք: Մինչև այդ մենք հասկացել էինք՝ մեր նախագծում պրոֆեսիոնալ մակարդակում խաղալուն պատրաստ ֆուտբոլիստներն այնքան շատ են, որ մեկ ակումբով չի հաջողվում բոլորին տեղավորել: Մեզ համար կարևոր էր նրանց չուղարկել տարբեր ակումբներ, որովհետև այնտեղ յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի, իսկ երիտասարդներին առաջընթացի համար կարևոր է միջավայրը, մարզիչը և խաղաժամանակը: Մենք տարբերակներ դիտարկեցին և, հաշվի առնելով մեր կապերը Հայաստանում, լեգեոնականների սահմանափակման տեսակը, որոշեցինք այստեղ համագործակցության համար ակումբ փնտրել: Երկար զրույցից հետո սկսեցինք համագործակցությունը «Վանի» հետ:
- Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ գործակցությունը:
- 2024-ի սկզբին «Վանն» առաջնությունում նախավերջին տեղում էր: Մեր պայմանավորվածությունն էր, որ մարզչական շտաբով ու ֆուտբոլիստներով օգնում ենք թիմին դուրս չմնալ Fatsex Պրեմիեր լիգայից: Տեղը պահել հաջողվեց ու ամռանը հանդիպեցինք արդեն ավելի երկարաժամկետ համագործակցության համար թե՛ սպորտային, թե՛ ֆինանսական հարցերում:
- Ինչպե՞ս եք բաշխել ակումբի կառավարումը:
- Ակումբի սպորտային հարցերով զբաղվում եմ ես, իսկ մյուս բոլոր հարցերով Սևադա Արզումանյանը: Սերգեյ Ղուկասովի հետ էլ մենք անընդհատ կապի մեջ ենք, բոլոր որոշումները միասին ենք կայացնում:
- Միասին ինչպիսի՞ տեսլական եք նախագծել «Վանի» համար:
- Սկսել ենք նախնական 2 տարվա հաշվարկով, որպեսզի այդ ընթացքում տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել համագործակցությունը և ինչի կհասնի թիմը: Կոնկրետ մարզական տեսանկյունից այդ 2 տարում պետք է հասկանանք, թե ինչպիսին կլինի մեր երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացումը: Առաջինը լիարժեք, այսինքն՝ ընթացիկ մրցաշրջանում, փոխել նաև կառավարման մեթոդները, ենթակառուցվածքային հարցերը, սպորտային մոտեցումները: Դա նրա համար, որ արդեն հաջորդ մրցաշրջանում «Վանը» և նրա երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն հասած լինեն այնպիսի խաղամակարդակի, որպեսզի թիմը պայքարի եվրագավաթների ուղեգրի համար:
- Բայց հիմա էլ «Վանը» 5-րդ տեղում է և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ասում էր, որ ակումբի ղեկավարության հետ պայմանավորվածություն ունի՝ եթե ձմեռային արձակուրդի դրությամբ թիմը մոտ լինի եվրագավաթային գոտուն, ապա հունվարին ավելի կուժեղացվի, որ հասնի այդ նպատակին: Հնարավո՞ր է սպասվածից շուտ նման խնդիր դնեք թիմի առջև:
- Սկզբնական շրջանում մենք Գևորգյանի առջև եվրագավաթների ուղեգիր նվաճելու խնդիր չենք դրել, որովհետև դա ճիշտ չէր լինի՝ հաշվի առնելով, թե ինչ բյուջեով ու որտեղից ենք սկսում: Ամառվա դրությամբ ակումբում պայմանագրով ֆուտբոլիստ չկար: Մենք շատ արագ սկսել ենք սելեկցիայով զբաղվել և առաջնության մեկնարկից 10 օր առաջ նոր ֆուտբոլիստները միացել են ակումբին: Բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչ մարզիչ ունենք, ինչպիսի շտաբով, միասին վաղուց ենք աշխատում, և գիտենք ինչ որակի ֆուտբոլիստներ ունենք: Այնպես որ, հասկանում էինք, որ հնարավոր է արդեն առաջին մրցաշրջանում բարձր տեղ գրավել: Մենք բոլորս «Վանում» հավակնոտ մարդիկ ենք, մի փոքր հնարավորությունը փորձելու ենք օգտագործել եվրագավաթում հայտնվելու համար: Բայց դրա համար ակումբի ռազմավարությունը չենք փոխելու:
Մեկ օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի: Մենք ունենք կենտրոնական պաշտպան Յարոսլավ Մատյուխին, որը 18 տարեկան է և առաջին քայլերն է կատարում մեծ ֆուտբոլում: Գիտեք, որ ամբողջ մրցաշրջանը երիտասարդ պաշտպանով խաղալը դժվար է, բայց մենք տեսնում ենք, որ նա խաղից խաղ աճում է, կարող է դառնալ լավ ֆուտբոլիստ և առաջ գնալ: Հիմա տեսնում ենք, որ այդ դիրքում կարող ենք ավելի փորձառու, քիչ սխալվող պաշտպան բերել և պայքարել եվրագավաթների ուղեգրի համար ու լինել ավելի մրցունակ: Բայց մենք նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ չենք բերելու, խաղալու է Մատյուխինը և նրա առաջընթացի միջոցով ենք փորձելու եվրագավաթ դուրս գալ:
- Դուք նաև «Վիստայի» ղեկավարն եք: Ո՞րն է այդ ակումբի գլխավոր նպատակը։
- Այն ավելի շուտ բարեգործական, ուսուցողական, ուսանողական նախագիծ է, որի հիմնադիրը ես եմ: Մենք փորձում ենք օգնել Աֆրիկայում բնակվող երիտասարդներին, ընդ որում, ոչ միայն ֆուտբոլով, այլ նաև ուսմամբ: Շատերը մնում են Գելենջիկում, լեզուներ են սովորում, աշխատում, ընտանիքներ կազմում:
- Բայց զուգահեռ նաև կառավարում եք «Վանի» սպորտային հատվածը: Ինչպե՞ս եք հասցնում համատեղել:
- Շատ դժվար է: «Վիստան» նաև մանկապատանեկան թիմեր ունի, որտեղ 300 երեխա կա: Ես նրանց բոլորին անուններով ճանաչում եմ, գիտեմ ինչպես են խաղում։ Մենք մինչև այժմ խաղում էինք Ռուսաստանի մարզային առաջնությունում, իսկ 2025-ից կլինենք նաև Ռուսաստանի առաջնությունում: Գելենջիկում մեր մարզադպրոցից բացի, ակադեմիա ունենք նաև Նիգերիայում, հունվարից ակադեմիա կունենանք նաև Կոտ դ՛Իվուարում և փորձում ենք կապերն ամրապնդել նաև Հարավային Ամերիկայում:
«Վանի» գործերը կառավարելն այդ ամենի հետ շատ դժվար է, բայց եթե մի նպատակի ուզում ես հասնել, ֆուտբոլում ինչ-որ բան փոխել, պետք է շատ աշխատես: Ես նաև շատ լավ թիմ ունեմ, որն օգնում է ինձ:
- Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր նախագծում առաջընթացի այսպիսի աստիճան կա՝ «Վիստա» - «Վան» - «Բոտև»:
- Ընդհանուր առմամբ՝ այո, որովհետև շատ լավ հարաբերությունների մեջ ենք «Բոտևի» սեփականատերերի հետ: Միասին կարողանում ենք կառավարել ֆուտբոլիստների զարգացումը և համագործակցել:
- Իսկ եթե ֆուտբոլիստը կայանա նաև «Բոտևում», հետո արդեն նրա ապագան ի՞նչ է լինելու:
- «Բոտևից» հետո կամ մի օր նոր նախագիծ կլինի, կամ կշարունակվի ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքն այլ ակումբներ:
- Իսկ քանի՞ տարի եք սովորաբար նախատեսում ֆուտբոլիստի համար այդ երեք ակումբների ճանապարհն անցնելիս:
- Մինչև «Բոտև» հասնելը 4 տարի:
- Այսպիսի նախագծի անդամ լինելով՝ վստահաբար դիտում եք Հայաստանի ու Բուլղարիայի առաջնությունում «Վանի» ու «Բոտևի» մասնակցությամբ բոլոր խաղերը:
- Նաև նրանց մրցակիցների:
- Բոլո՞ր խաղերը:
- Գրեթե բոլորը: Իսկ եթե որևէ խաղ բաց եմ թողնում, մեր սկաուտները հատուկ տեսանյութ են պատրաստում, որում բոլոր կարևոր իրադարձություններն են: Դա խաղի վտանգավոր պահերն ու գոլերը չեն, այլ ամբողջ հանդիպման դրվագներն առանց խաղի ժամանակ եղած դադարների:
- Ինչո՞ւ եք այդքան ուշադիր մյուս թիմերի խաղերին:
- Եթե քո թիմը մասնակցում է առաջնությանը, պետք է տեղյակ լինես՝ ինչ է կատարվում մրցակիցների մոտ, ինչ ֆուտբոլիստներ ունեն, որպեսզի պատրաստ լինես տարբեր իրավիճակների: Կոնկրետ Հայաստանի առաջնության բոլոր խաղերը դիտում եմ ամբողջությամբ և հիմնականում ուղիղ եթերում:
- Եթե համեմատենք Հայաստանի ու Բուղարիայի առաջնությունները, ի՞նչ պատկեր կստանանք:
- Եթե բոլոր ակումբների միջին մակարդակով նայենք, Բուղարիայի առաջնությունն ավելի ուժեղ է: Եթե առանձնացնենք «Լուդոգորեցին», որն ահամեմատ ուժեղ է, մեծ բյուջե ունի, քան նույնիսկ «Նոան», ապա Հայաստանի առաջնության 1-5-րդ տեղերի թիմերը Բուլղարիայում կարող են մեծ մրցակցություն ստեղծել 2-8-րդ տեղերի պայքարում:
- Ես այս տարի «Լուդոգորեցի» մեկ խաղի ներկա եմ եղել Բաթումիի «Դինամոյի» դեմ: Բուլղարական թիմն առանձնապես չտպավորեց, իսկ հետո 2-7 հաշվով պարտվեց մեր մեկ այլ հարևան երկրի թիմի: Մի՞թե նրանք Բուղարիայում այդքան ուժեղ են:
- «Լուդոգորեցը» տարիների ընթացքում է ապացուցել իր ուժն ու հնարավորությունները: Հետաքրքիր նախագիծ է՝ բրազիլացի ու հարավամերիկացի լավ ֆուտբոլիստներով, որոնք հետագայում ավելի ուժեղ լիգաներ են գնում: Այս պահին նրանք Բուլղարիայում մրցակցությունից դուրս են:
- Եթե «Վանը» մասնակցեր Բուղարիայի առաջնությանը, ո՞ր տեղը կգրավեր:
- «Վանը» մրցաշրջանի երկրորդ հատվածից ավելի փորձառու կլինի, ավելի շատ ժամանակ կունենա նախապատրաստվելու համար, չնայած այդ ամենին, առաջին հատվածում ինձ թվում է՝ մենք միայն մեկ խաղում ենք մրցակցին խաղով պարտվել...
- «Նոային»՝ 0:5...
- Այո: Մյուս հանդիպումներում՝ նույնիսկ, եթե պարտվել ենք, շանսերը հավասար էին, բայց որոշիչ էին փորձը և դրանից բխող անհատական սխալները: Ինչ վերաբերվում է Բուլղարիայի առաջնությանը, «Վանն» այնտեղ կլիներ լավագույն ութնյակում:
- Իսկ եթե «Նոան» խաղար Բուլղարիայում:
- Կպայքարեր 2-5 տեղերի համար:
- Այսինքն՝ «Լուդոգորեցի» հետ չեմպիոնական պայքարում շանս չէր ունենա:
- Կարծում եմ՝ երկար առաջնությունում՝ ոչ:
- Իսկ որքան է կազմում «Լուդոգորեցի» բյուջեն:
- Իմ տեղեկությամբ՝ 22 միլիոն եվրո:
- «Վանինը» որքա՞ն է:
- Չեմ ասի որքան, բայց կնշեմ, որ Հայաստանի առաջնությունում ավելի քիչ բյուջեն ունեն միայն «Գանձասարը» և ԲԿՄԱ-ն:
- Մինչև Բուլղարիայից «հեռանալը», խոսենք Էդգար Փիլոյանի մասին: Նա հիմա «Բոտևում» է: Հենց նա՞ է այն օրինակը, թե ինչպես ձեր երեք ակումբների ճանապարհը կարող է ֆուտբոլիստն անցնել:
- Կարևոր է, որ ձմեռային հավաքից Էդգարն արդեն գլխավոր թիմի հետ կլինի և կկարողանա ապացուցել՝ կարող է այնտեղ մրցունակ լինել: Մինչև նա Բուլղարիայի վիզա ստացավ, մինչև փաստաթղթերը պատրաստեցին, մրցաշրջանն արդեն մեկնարկել էր և շատ խաղեր էին կայացել: Դժվար է երիտասարդ տարիքում միանգամից խաղաժամանակի արժանանալ, երբ քո դիրքում են խաղում Իվելին Պոպովը և Ջեյմս Էտո՛Օ-ն: Երկրորդ թիմում Էդգարը կամաց-կամաց մարզավիճակ հավաքեց, դարձավ առաջատար, գոլեր խփեց և հիմա արդեն գլխավոր թիմի հետ է մարզվում:
- Հաշվի առնելով փաստաթղթային խնդիրները՝ ավելի նպատակահարմար չէ՞ր, որ նա խաղար ուժեղացած «Վանում» և առաջադիմեր այս երիտասարդ թիմի հետ:
- Որպեսզի Փիլոյանը ստանար բոլոր փաստաթղթերը, նա պետք է լիներ Բուլղարիայում: Էդգարը ռուսական անձնագիր ունի և բոլոր տեխնիկական լուծումները հնարավոր էին միայն, եթե նա չբացակայեր Բուլղարիայից:
- Հայաստանում լեգեոնականների սահմանափակում կա, իսկ ձեր նախագիծը հիմնականում արտասահմանցի ֆուտբոլիստների շուրջ է կառուցված: Ինչպե՞ս եք ընտրել հայ ֆուտբոլիստներին:
- Ինչպես նշեցի, մենք ուշ ենք սկսել սելեկցիան և ընտրել ենք այդ պահին հասանելի խաղացողներից: Կարեն Նալբանդյանը «Վիստայի» սան է: Մեզ միանալու հարցը քննարկվել է ընդամենը 5 րոպե և նա համաձայնություն է տվել: Մյուս ֆուտբոլիստների հարցում հաշվի ենք առել Վահե Գևորգյանի մեծ փորձը, նրա առաջարկով բանակցել ենք այդ խաղացողների հետ և համաձայնության հասնել:
- Կարեն Նալբանդյանին հիշատակեցիք: Նա պոտենցիալով ֆուտբոլիստ է և Հայաստանի հավաքականի հնարավոր անդամ լինելու պատճառով հայ երկրպագուներին ամենահետաքրքրող խաղացողն է ձեր թիմում: Ի՞նչ ապագա եք տեսնում նրա համար։
- Կարենը մեր թիմի առաջատարն ու ավագն է: Կարծում եմ՝ Հայաստանի առաջնության ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է: Նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներ կան, արդեն բազմաթիվ առաջարկներ ունենք, բայց մենք պայմանավորվել ու երկարաձգել ենք պայմանագիրը: Նա մեզ հետ է լինելու:
- Դուք ունե՞ք նախընտրելի խաղաոճ, որին մարզիչը պետք է հետևի, ինչպես նաև այն ամենահարմարը լինի երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար:
- Ժամանակակից ֆուտբոլն արագ, պրեսինգով և տեխնիկապես զարգացած խաղ է: Վահե Գևորգյանը հայ լավագույն մարզիչներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նրա ագրեսիվ, էներգատար ֆուտբոլը, 90 րոպե ինտենսիվ խաղալու բանալին է, հատկապես՝ մեր աֆրիկյան ուղղվածություն ունեցող նախագծի խաղացողների առաջընթացի համար:
- «Վանի» ստեղծման առաջին տարում թիմի տնային խաղերին միջինում 1000 երկրպագու էր ներկա լինում, սակայն նախորդ 4 տարիներին այդ ցուցանիշը նվազեց, և դա այն դեպքում, որ թիմը Պրեմիեր լիգայում էր խաղում: Ի՞նչ աշխատանք եք տանելու «Վանի» երկրպագուների հետ:
- Ես լսել եմ «Վանի» երկրպագուների քանակի մասին, բայց պետք է հաշվի առնել, որ թիմն այդ ժամանակ հաղթում էր Առաջին խմբի խաղերում: Իսկ Հայաստանում հաղթում` ես հերոս ես, պարտվում ես՝ թշնամի ես: Հետագայում Պրեմիեր լիգայում նույն արդյունքները չկային, թիմն էլ հենց հաղթանակներին էր սովորել, բայց արի «Արարատ-Արմենիային», «Նոային», «Փյունիկին» և «Ուրարտուին» հաղթի: Բացի այդ, եղել են մարզիչների ու ֆուտբոլիստների բազմաթիվ փոփոխություններ: Հիմա մենք տիտանական աշխատանքով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում ենք: Արդեն ժամանակ ունենք մյուս գործոններում էլ զարգանալու համար: Լինի դա մեդիայի աշխատանքը, հանդերձանքը, տեխնիկական մասը... Օրինակ՝ արդեն պայմանագիր ենք ստորագրել և կունենանք GPS համակարգ, «Մենեջեր 360», որը կօգնի մարզիչների ու ակադեմիայի աշխատանքը տեխնիկապես համակարգել: Երկրպագուների համար կխաղարկենք խաղաշապիկներ, նվերներ:
- «Բոտևից» վարձակալված ֆուտբոլիստները՝ Ջոն Բատիգին, Իզուչուկվու Օկոնկվոն ու Էմանուել Ջոնը, մնալո՞ւ են «Վանում»:
- Եթե «Բոտևում» որոշ տրանսֆերային վաճառքներ կատարվեն, հնարավոր է՝ միայն Բատիգին վերադառնա Բուլղարիա: Բայց այս պահի դրությամբ նրանք բոլորն էլ մնում են «Վանում»:
- Ինչպիսի՞ն է «Վանի» ֆուտբոլիստների նկատմամբ պահանջարկը:
- «Վանի» բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների հանդեպ մեծ հետաքրքրություն կա, բայց մենք ձմռանը չենք դիտարկելու այդ առաջարկները: Նրանք պետք է մինչև մրցաշրջանի ավարտը մնան թիմում:
- Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում եկամտաբեր ակումբ դառնալու ճանապարհը:
- Մենք չենք ուզում, որ «Վանը» լինի ակումբ, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցնում է իր առաջատարներին: Մենք այդպես չենք ուզում աշխատել: Առաջնությունը կվերջանա, հետաքրքրություն կլինի, իսկ ես վստահ եմ՝ կլինի, այդ ժամանակ կքննարկենք: Մենք բոլոր ֆուտբոլիստներին գնահատում ենք, գիտենք, թե որքան ենք նրանց համար գումար ու ժամանակ ծախսել, և ինչ ենք նրանցից սպասում:
- Փաստորեն վերջապես կայուն «Վան» կտեսնենք:
- Բոլորի մոտ տպավորություն է, որ նախկինի պես է լինելու, երբ վատ խաղացողին ճանապարհում են տուն, իսկ լավ ֆուտբոլիստները տեղափոխվելու են «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Նոա»... Մեր բոլոր ֆուտբոլիստներն ունեն նորմալ ժամկետով պայմանագրեր: Հնարավոր չէ, որ արտասահմանցի խաղացողը պետք լինի մեզ ու տեղափոխվի հայկական այլ ակումբ: Ջոն Բատիգիին մենք գնահատում են 1,3 միլիոն եվրո: Չկա Հայաստանում ակումբ, որն առաջիկա տարիներին այդպիսի գումարով ֆուտբոլիստ կգնի:
- Այսինքն՝ տրանսֆերներ չսպասե՞նք «Վանում»:
- Կան մի քանիսը, որոնք կհեռանան ակումբից, նրանք քիչ խաղաժամանակ են ստացել: Նրանց փոխարեն արդեն նորեկները ստորագրված են: Այսինքն՝ մեր ձմեռային սելեկցիան արդեն ավարտել ենք:
- Եվ վերջում, որտե՞ղ է «Վանը» նախապատրաստվելու առաջնության գարնանային հատվածին:
- Հունվարի 11-ից մինչև փետրվարի 7-ը թիմը հավաք կանցկացնի Ռուսաստանում: Հետո կվերադառնա Հայաստան, մի փոքր կհանգստանա և արդեն փետրվարի 26-ին կանցկացնի տարվա առաջին պաշտոնական խաղը: