Logo

Հայաստանը մասնակիցներ կունենա «Ապագայի խաղեր» մրցաշարում

21:16 / 19.02.2024Այլ մարզաձևեր
null

Վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա խառը մենամարտերի և ֆուտբոլի մրցումներում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «Ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում: Ֆիջիթալ սպորտը ձգտում է պահպանել իրական սպորտային խաղերի արդիականությունը՝ համատեղելով վիրտուալն ու իրականը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա՝ իրական դաշտում։

«Ապագայի խաղերը» լայնածավալ մրցաշար է, որը կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ Այն կանցկացվի փետրվարի 23-ից մարտի 3-ը Ռուսաստանի Կազան քաղաքում և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։

Մրցաշարի մեկնարկից առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի Ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, նաև հետևել «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:

Կազան այցի շրջանակում Գիլոյանը հանդիպում է ունեցել նաև Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ գործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները:

Ֆոտո՝ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ