
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:
Նոյեմբերի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ առաջիկա ընկերական խաղերին: Հավաքականն անցկացրել է առաջին թեթև մարզումը: Հենրիխ Մխիթարյանը թիմակիցներին միացել է երեկոյան, իսկ Ռուսլան Կորյանը, Գեղամ Կադիմյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և Մարկոս Պիզելին դա կանեն այսօր:
«Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա Հայաստանի հավաքականին վնասվածքի պատճառով: Նույն պատճառով ընտրանու ճամբար նախնական հայտացուցակից չեն ժամանելու նաև «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը և «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Հայաստանի Մ-21 հավաքականն էլ սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Սերբիայի ընտրանիների հետ առաջիկա պաշտոնական հանդիպումներին: Ընտրանու հայտացուցակում կատարվել են փոփոխություններ: Հավաքականին նախնական հայտացուցակից չեն միանա Հայկ Գալստյանը («Շտուտգարտ») և Նարեկ Ասլանյանը («Փյունիկ»):
Երիտասարդական հավաքական են հրավիրվել «Շիրակի» 2 ֆուտբոլիստներ՝ Ռուդիկ Մկրտչյանը և Արթուր Ամիրյանը, ինչպես նաև կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանը («Փյունիկ») և Աշոտ Ադամյանը («Բանանց»): Ռուբեն Փիլումյանը հավաքականի ճամբար կժամանի այսօր: Կախված ազգային հավաքականում ստացած խաղաժամանակից՝ Մ-21 ընտրանու խաղերին կարող է մասնակցել նաև Էրիկ Վարդանյանը:

Յուրա Մովսիսյան. «Այս տարիքում ես չեմ պատրաստվում վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» և կրկին նստել պահեստայինների նստարանին: Իհարկե, ես կարող եմ մնալ, բայց այսպես չի կարող տեղի ունենալ: Նրանք իմ ներկայացուցիչների հետ միասին պետք է որոշում կայացնեն: Այս իրավիճակն անկասկած չի կարող գոհացնել ինձ»:
Հայաստան – Բելառուս և Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները: Առաջին խաղի գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, երկրորդինը՝ Գեորգի Վադաչկորիան:
Հայաստանի Առաջին խումբ, 11-րդ տուր. «Փյունիկ-2» 1-2 «Լոռի». հյուրերից աչքի են ընկել Վարդան Մովսիսյանը և Վիգեն Ավետիսյանը, իսկ դաշտի տերերից պատասխանել է Վիգեն Բեգոյանը:
«Էրեբունի» 3-0 «Արարատ-2». հաջողության են հասել Իվան Ռուդնիցկին, Դավիթ Զախարյանն ու Սոս Թադևոսյանը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
