Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի 4 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ ունեցավ Հայկ Մարտիրոսյանը, որը 9 մրցախաղերում վաստակած 6 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիից:
Մարտիրոսյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց արծաթե և բրոնզե մեդալների արժանացած ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանին և հնդիկ Դոմարաջու Գուկեշին: Ի դեպ, Հայկը միակ պարտությունը կրել էր հենց Գուկեշից: Մարտիրոսյանն ու Սևյանը կստանան 5083-ական դոլար պարգևավճար:
5-ական միավորով Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զբաղեցրին համապատասխանաբար 20-րդ և 28-րդ տեղերը: Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 4 միավորով 55-րդն էր:
Շարժայում անցկացված 2-րդ մրցաշարում Էմին Օհանյանը 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով եգիպտոսցի Ադհամ Ֆաուզիի հետ ցույց տվեց լավագույն արդյունքը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով ոսկե մեդալը զիջեց եգիպտոսցուն՝ բավարարվելով արծաթե մեդալով: Էմինը կստանա 2250 դոլար պարգևավճար:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը:


