Logo

Ծանոթ մարզիչ, հայ ֆուտբոլիստների նախկին թիմ. Ինչ սպասել եվրագավաթներում հայկական ակումբների մրցակիցներից

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
17:50 / 25.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հաշված օրեր անց հայկական ակումբները կսկսեն պայքարը եվրագավաթային մրցաշարերի 2024/25 մրցաշրջանում: Նորընծա չեմպիոն «Փյունիկը» պայքարի մեջ կմտնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, արծաթե մեդալակիր «Նոան» և «Ուրարտուն» առաջին հանդիպումները կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում, իսկ գավաթակիր և բրոնզե մեդալները նվաճած «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի ԿԼ-ի երկրորդ փուլից:

FastNews-ն ուսումնասիրել է հայկական ակումբների առաջիկա մրցակիցներին:

«Դինամո Մինսկ» (Բելառուս)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը Բելառուսի գործող չեմպիոն Մինսկի «Դինամոն» է: Ի տաբերություն Հայաստանի Պրեմիեր լիգայի, Բելառուսում առաջնությունը գարուն-աշուն ձևաչափով է անցկացվում: Նախորդ տարի «Դինամոն» 7 միավորի առավելությամբ առաջ անցավ «Նեմանից» և 97-ամյա պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Բելառուսի չեմպիոն: Այդ նվաճումը շատ կարևոր էր մայրաքաղաքային ակումբի համար, քանի որ ԲԱՏԷ-ի հեգեմոնիան «Դինամոյին» թույլ չէր տվել չեմպիոն դառնալ նախորդ 19 տարիներին: Այդ 19 տարիներից 13-ում հենց Բորիսովը ներկայացնող ակումբն էր դարձել ոսկե մեդալակիր:

Բելառուսի ընթացիկ առաջնությունում էլ «Դինամոն» այս պահին զբաղեցնում է երրորդ տեղը և կրկին պայքարում է չեմպիոնության համար: Անկախացումից հետո Բելառուսում ամենատիտղոսակիր ակումբը ԲԱՏԷ-ն է, որը նախորդ 10-15 տարիներին մի քանի անգամ լրջորեն աղմկել է եվրագավաթներում, սակայն ԲԱՏԷ-ն վերջին տարիներին զգալիորեն իջեցրել է նշաձողը և անգամ ներքին առաջնությունում հաջողություններ չի գրանցում: Իսկ եթե ներառենք նաև նախկին ԽՍՀՄ-ի տարիներին «Դինամոյի» գրանցած հաջողություններն ու նվաճումները, ակումբը Բելառուսում հավասարը չունի: «Դինամոն» ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում 3 անգամ հասել է եվրագավաթային տարբեր մրցաշարերի քառորդ եզրափակիչ: Դրանք ակումբի պատմության լավագույն ցուցանիշներն են միջազգային ասպարեզում: Անկախացումից հետո 2 մրցաշրջան անընդմեջ (2014/15 և 2015/16) Մինսկը ներկայացնող ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ:

2014/15 մրցաշրջանում ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում և փլեյ-օֆֆում բելառուսական ակումբը պայքարից դուրս թողեց ռումինական «Կլուժին» և պորտուգալական «Նասիոնալին»: Խմբային փուլում «Դինամոն» մրցեց իտալական «Ֆիորենտինայի», ֆրանսիական «Գենգամի» և հունական ՊԱՕԿ-ի հետ: Չնայած բելառուսական ակումբը գրավեց վերջին տեղը՝ տանը ոչ-ոքի խաղաց «Գենգամի» հետ, իսկ արտագնա խաղերում մեկական հաղթանակ տարավ ՊԱՕԿ-ի և «Ֆիորենտինայի» նկատմամբ: Անխոս դա ակումբի պատմության մեծագույն հաղթանակներից մեկն էր: Այդ ժամանակ «Մանուշակների» կազմում խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն, Միկա Ռիչարդսը, Յասմին Կուրտիչը, Միլան Բադելը, Ջանլուկա Մանչինին, Մարիո Գոմեսը, Մարկո Մարինը, Խուան Կուադրադոն, Խուան Մանուել Վարգասը, Դավիդ Պիսարոն, Յոսիպ Իլիչիչը և Մարկոս Ալոնսոն, իսկ գլխավոր մարզիչը Վինչենցո Մոնտելան էր: Ի դեպ, «Գենգամի» դեմ արտագնա խաղն էլ եվրագավաթներում «Դինամոյի» 100-րդ հանդիպումն էր:

2015/16 մրցաշրջանում ԵԼ-ի որակավորման փուլում «Դինամոն» հաղթահարեց բուլղարական «Չեռնո Մորեի», շվեյցարական «Ցյուրիխի» և ավստրիական «Զալցբուրգի» արգելքները: Խմբային փուլում դինամոյականների մրցակիցներն էին իսպանական «Վիլյառեալը», ավստրիական «Ռապիդը» և Պլզենի «Վիկտորիան»: Կրկին խմբում վերջին տեղը «Դինամոյինն» էր, սակայն Բելառուսը ներկայացնող ակումբը կարողացավ մեկ հաղթանակ տանել՝ առավելության հասնելով «Վիկտորիայի» դեմ խաղում:

«Դինամոյում» ժամանակին խաղացել է 3 հայ ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Զեբելյանը 2011 թվականին բելառուսական ակումբում անցկացրած 9 խաղում խփել է 2 գոլ: Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն 2007-2008 մրցաշրջանում 11 հանդիպում է անցկացրել Մինսկի թիմում, իսկ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը 2015 թվականին «Դինամոյի» կազմում մասնակցել է 20 խաղի, խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Այս տարվա ընթացքում «Դինամոն» Բելառուսի առաջնությունում պարտություն չի կրել: Մայրաքաղաքային ակումբը միայն գավաթային 3 խաղում է պարտվել: «Դինամոյի» կազմում առանձնանում է 23-ամյա հարձակվող Ռայմոնդ Ադեոլան, որը ձմռանն է համալրել թիմի շարքերը և անցկացրած 15 խաղում 5 գոլ է խփել: 34-ամյա կենտրոնական պաշտպան Սերգեյ Պոլիտևիչը 46 խաղ է անցկացրել Բելառուսի հավաքականում: Ազգային թիմի ներկայացուցիչ են նաև կենտրոնական կիսապաշտպաններ Ալեքսանդր Սելյավան և Արտյոմ Բիկովը: 21-ամյա դարպասապահ Ֆյոդր Լապոուխովն էլ օրերս Իսրայելի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց հավաքականում: «Դինամոյում» է խաղում նաև 24-ամյա հարձակվող Գլեբ Ժերդևը, որը նախորդ տարի կարող էր տեղափոխվել «Ուրարտու», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: 

Բելառուսի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնում 2022 թվականի նոյեմբերից աշխատում է Վադիմ Սկրիպչենկոն: 48-ամյա բելառուս մասնագետը 2018 թվականին շատ կարճ ժամանակով գլխավորեց «Արարատ-Արմենիան»: Հենց Սկրիպչենկոյի գլխավորությամբ է «Արարատ-Արմենիան» առաջին հանդիպումն անցկացրել Հայաստանի Պրեմիեր լիգայում: Բելառուս մասնագետը հայկական ակումբի ղեկին անցկացրած 9 խաղում տարավ 4 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն, ինչից հետո վերադարձավ հայրենիք և մինչև այսօր աշխատում է այնտեղ:

Եթե համեմատենք «Դինամոյի» և «Փյունիկի» կազմերը, վստահ կարող ենք ասել, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առնվազն չի զիջում առաջիկա մրցակցին: Բելառուսի առաջնությունը վերջին տարիներին իջեցրել է մակարդակը, իսկ Հայաստանում պատկերն այլ է: Նման տենդենցի արդյունքում հիմա երկու երկրների առաջնությունները համեմատելիս ավելի բալանսավորված իրավիճակ ենք տեսնում: Ի դեպ, քանի որ Բելառուսը ֆուտբոլային խոշոր կառույցների կողմից պատժամիջոցների տակ է, «Դինամոն» տնային հանդիպումն անցկացնելու է Հունգարիայում, այն էլ՝ արհեստական խոտածածկով խաղադաշտում: Սա կարող է դրական նշանակություն ունենալ «Փյունիկի» համար, քանի որ Հայաստանի չեմպիոնն ավարտված մրցաշրջանում խաղում էր հենց արհեստական խոտածածկով խաղադաշտում: Իսկ Հայաստանում կայանալիք խաղում թիմերն ուժերը կչափեն «Ուրարտուի» ստադիոնում: «Փյունիկն» ունի բոլոր շանսերը «Դինամոյի» արգելքը հաղթահարելու համար։

Այս զույգի հաղթողը ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում հանդիպելու է բուլղարական «Լուդոգորեցի» և Բաթումիի «Դինամոյի» դիմակայության հաղթողի հետ, իսկ պարտվողը պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ հանդիպելու է «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ:

«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա)

Մակեդոնական «Շկենդիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի «Նոայի» մրցակիցը: Հայաստանի փոխչեմպիոնի առաջիկա մրցակիցը ԿԼ-ի փոխարեն կարող էր խաղալ Չեմպիոնների լիգայում: «Շկենդիան» և «Ստրուգան» մրցաշրջանն ավարտեցին 64-ական միավորով, բայց լրացուցիչ ցուցանիշներով Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն դարձավ «Ստրուգան»: «Շկենդիան» աչքի է ընկնում բավականին ամուր պաշտպանությամբ: Հս. Մակեդոնիայի ավարտված առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել բոլորից քիչ՝ 27 գնդակ: Այս տարվա հունվարին «Շկենդիան» գլխավորեց 42-ամյա մակեդոնացի մասնագետ Յետոն Բեկյիրին, որի առաջնորդությամբ թիմն անցկացրած 15 խաղում տարել է 8 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն:

«Շկենդիան» այս պահին որևէ ներկայացուցիչ չունի թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի, թե՛ այլ երկրների ազգային հավաքականում: Ավարտված մրցաշրջանում թիմի գլխավոր ռմբարկուն բոսնիացի հարձակվող Ալմիր Ագանսպահիչն է, որը 32 խաղում 12 գոլ է խփել: Սակայն 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, և վերջինս ամենայն հավանականությամբ ելույթները չի շարունակելու մակեդոնական ակումբում: Նախորդ 6 ամիսներին թիմի ավագի պարտականությունները կատարում էր 27-ամյա Էնուր Տոտրեն: Կենտրոնական կիսապաշտպանը 2020 թվականին 2 հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում: Տոտրեն 2020 թվականի հոկտեմբերին Ազգերի լիգայում նորամուտն է նշել Վրաստանի հավաքականի դեմ խաղում՝ ստանալով 2 րոպե խաղաժամանակ, սակայն 1 ամիս անց Հայաստանի հավաքականի դեմ խաղադաշտում անցկացրել է 84 րոպե: Դա մինչև օրս կիսապաշտպանի վերջին խաղն է իր երկրի ազգային թիմում:

Ի դեպ, առաջիկա խաղերից առաջ «Նոան» շարունակում է ակտիվ սելեկցիոն աշխատանքը և ձեռք բերեց նախորդ 2 մրցաշրջաններում «Շկենդիայի» հարձակման գծի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկին՝ 27-ամյա Էրալդո Չինարիին: Ալբանացի աջ վինգերը, որը կարող է խաղալ նաև հարձակման ձախ եզրում և կենտրոնում, ունի բավականին լավ դրիբլինգ, հուժկու հարվածներ և գրոհը եզրափակելու բարձր որակներ:

Նախորդ 8 տարիներին «Շկենդիան» 3 անգամ հասել է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ, սակայն վերջին կարևոր քայլը չի կարողացել կատարել: Երազանքի ճանապարհին մակեդոնական ակումբին խանգարել են բելգիական «Գենտը», իտալական «Միլանը» և նորվեգական «Ռուսենբորգը»:

2020/21 մրցաշրջանում էլ «Շկենդիայի» ճանապարհը ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում փակեց Լոնդոնի «Տոտենհեմը»: 2022/23 մրցաշրջանում «Շկեդնիան» Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում հաղթահարեց Երևանի «Արարատի» արգելքը, սակայն երրորդ փուլում պարտվեց շվեդական ԱԻԿ-ին: Նախորդ մրցաշրջանում էլ ԿԼ-ի առաջին փուլում «Նոայի» առաջիկա մրցակիցը պարտվեց Ուելսը ներկայացնող «Հեյվրֆորդուեստ Քաունթիին»: «Շկենդիան» վերջին տարիներին մշտապես Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր հույսերից մեկն է լինում եվրագավաթային մրցաշարերում:

«Նոան» խաղերին մոտենալու է նոր գլխավոր մարզչով և կազմում մի շարք փոփոխություններով, սակայն կարելի է ակնկալել, որ Հայաստանի փոխչեմպիոնը կհաղթահարի առաջիկա մրցակցի արգելքը: ԿԼ-ի երկրորդ փուլում այս զույգի հաղթողը հանդիպելու է Մալթան ներկայացնող «Սլիեմա Ուոնդերեսի» հետ:

«Կալև» (Էստոնիա)

Կոնֆերենցիաների լիգայում «Ուրարտուի» առաջիկա մրցակիցն էստոնական «Կալևն» է: Տալինը ներկայացնող ակումբը նախորդ տարվա առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր և նվաճել եվրագավաթի ուղեգիր, սակայն ընթացիկ մրցաշրջանում անբավարար ելույթներ է գրանցում: 10 թիմերի պայքարում «Կալևը» զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ նախորդ 4 խաղում պարտություն է կրել՝ բաց թողնելով 14 գնդակ: 2017 թվականին «Կալևի» նախագահի պաշտոնը ստանձնեց անգլիական «Լիվերպուլի» և Էստոնիայի հավաքականի նախկին պաշտպան Ռագնար Կլավանը: 38-ամյա Կլավանը 2023 թվականի ամռանը տեղափոխվեց իր իսկ ակումբ և որոշակի քանակով խաղերի մասնակցեց, չնայած նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել այս տարվա ապրիլին:

Առաջին անգամ եվրագավաթային ուղեգիր նվաճած «Կալևը» կազմով զիջում է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող գրեթե բոլոր ակումբներին: Դժվար է որևէ մեկին առանձնացնել: 24-ամյա պաշտպան Կասպար Լաուրն Էստոնիայի ազգային հավաքականում մարտին նորամուտն է նշել ֆինների դեմ խաղում՝ ստանալով ընդամենը 2 րոպե ժամանակ: «Կալևի» կազմում ընդամենը 3 լեգեոնական է խաղում, մյուս բոլորն էստոնացիներ են: Չնայած այն հանգամանքին, որ «Ուրարտուն» Հայաստանում շատ է քննադատության արժանանում սելեկցիոն աշխատանքի առումով, այնուամենայնիվ Դմիտրի Գունկոյի թիմը շատ ավելի մարտունակ և որակյալ կազմում ունի և, եթե անակնկալներ չգրանցվեն, երևանյան ակումբին կտեսնենք ԿԼ-ի երկրորդ փուլում, որտեղ առաջիկա մրցակցին սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»:

«Զիմբրու» (Մոլդովա)

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» հանդիպելու է մոլդովական «Զիմբրուին»: Քիշնևը ներկայացնող ակումբը Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիրն է: «Զիմբրուն» իրենից առաջ թողեց «Պետրոկուբին» և «Շերիֆին», իսկ գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվեց նույն «Պետրոկուբին»: Մոլդովայի անկախացումից հետո «Զիմբրուն» 8 անգամ դարձել է երկրի չեմպիոն, բայց նախորդ չեմպիոնությունը նվաճել է հեռավոր 1999/2000 մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանում 7 տարվա դադարից հետո ակումբին կրկին հաջողվեց դառնալ մեդալակիր: «Զիմբրուն» եվրագավաթներում երբեք լուրջ հաջողություններ չի գրանցել: Նախորդ մասնակցությունը եղել է 2016/17 մրցաշրջանի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ մոլդովական ակումբը երկու խաղերի արդյունքում 2-7 հաշվով պարտվել է թուրքական «Օսմանլիսփորին» և լքել պայքարը:

Քիշնևը ներկայացնող ակումբում այժմ գերակշիռ մաս են կազմում մոլդովացի ֆուտբոլիստները: Կան նաև մի քանի աֆրիկացիներ, ռուսներ և ուկրաինացիներ: Հարձակման գծում աչքի են ընկնում Կաբո Վերդեն ներկայացնող ձախ վինգեր Ժոաու Պաուլինյուն և նիգերիացի հարձակվող Էմանուել Ալարիբեն: Երկուսն էլ Մոլդովայի ավարտված առաջնությունում 7-ական գոլ են խփել: Դարպասապահ Նիկոլաե Չեբոտարին մարտին նորամուտն է նշել Մոլդովայի ազգային հավաքականում, կան նաև հավաքականի մի քանի թեկնածուներ: «Զիմբրուի» կազմում է խաղում նաև «Արարատի» և «Նոայի» նախկին կիսապաշտպան 36-ամյա Դենիս Դեդեչկոն:

Եթե համեմատենք «Զիմբրուի» և «Արարատ-Արմենիայի» կազմերը, կարող ենք փաստել, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմում որակապես ավելի բարձրակարգ խաղացողներ են հանդես գալիս: Մոլդովայի առաջնությունն էլ այս պահին, անկասկած, կարգով չի գերազանցում Հայաստանի Պրեմիեր լիգային, չնայած ունի «Շերիֆի» նման բարձրակարգ ներկայացուցիչ: «Արարատ-Արմենիայի» շանսերն առաջիկա դիմակայությունում ավելի բարձր են գնահատվում, և եթե անակնկալներ չգրանցվեն, Հայաստանի գավաթակրին կտեսնենք ԿԼ-ի երրորդ փուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա