Logo

Հոլիվուդյան ֆիլմեր, որոնցում հնչում է հայկական դուդուկը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 17.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

1988 թվականին համաշխարհային կինոն բացահայտեց հայկական դուդուկի հնչյունները։ Սա, իհարկե, դուդուկահար Ջիվան Գասպարյանի շնորհիվ։ 

Այսօր VNews Culture-ը կներկայացնի այն հայտնի ֆիլմերը, որոնցում հնչել է հայկական դուդուկը՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Գլադիատոր», «Ալեքսանդր», «Քրիստոսի չարչարանքները», «Դա Վինչիի ծածկագիրը», «Հալկ», «Քսենա. ռազմիկ արքայադուստր», ինչպես նաև «Ռուսական տուն», «Օնեգին», «Ագռավը», «Օրացույց», «Բժիշկ Ժիվագո»։ Դուդուկի ձայնը կարող եք լսել նաև Ալեքսանդր Գուտմանի «Ֆրեսկոներ» ֆիլմում:

1980-ականների վերջին Ջիվան Գասպարյանը մեկնեց ԱՄՆ ու սկսեց աշխատել այնտեղ, որտեղ էլ գրեց ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի երաժշտության թեման։ Այս ֆիլմը հույն գրող Նիկոս Կազանձակիսի «Վերջին գայթակղությունը» (1951) վեպի ադապտացիան է, որն ընդգրկված էր Կաթոլիկ եկեղեցու արգելած գրքերի ցանկում։ Ֆիլմն, իր հերթին, նույնպես հակասական արձագանքների արժանացավ։

Սկորսեզեի ֆիլմի երաժշտության հարցում Ջիվան Գասպարյանը համագործակցեց բրիտանացի երաժիշտ և կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելի հետ։ 

2000 թվականին էկրան բարձրացավ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմը։ Այն արժանացավ 5 «Օսկար» և 2 «Ոսկե գլոբուս» մրցանակների, որոնցից մեկը՝ լավագույն երաժշտության համար։

Ջիվան Գասպարյանը նույնպես մասնակցեց սաունդթրեքի գրմանը։ Աշխատանքը տարվեց գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերի և ավստրալացի երաժիշտ ու կոմպոզիտոր Լիզա Ջերարդի հետ, որի արդյունքում ստեղծվեց զարմանալի երաժշտություն այս պատմական կինոէպոսի համար: 

«Հանս Ցիմերն ինձ ստուդիա հրավիրեց,- պատմել է Ջիվան Գասպարյանը,- միացրեց «Գլադիատորի» համար գրված երաժշտությունն ու ասաց. «Այ սա պետք է նվագես: Երկու անգամ լսեցի այն ու ասացի. «Կարող ենք ձայնագրել»։

Հանս Ցիմերի հիշողությունները. «Ես միշտ ցանկացել եմ երաժշտություն գրել Ջիվան Գասպարյանի համար։ Կարծում եմ՝ նա աշխարհի ամենահիասքանչ երաժիշտներից է։ Նա ստեղծում է յուրահատուկ հնչողություն, որն անմիջապես մնում է հիշողության մեջ»:

Գասպարյանի մեկ այլ ստեղծագործություն էր 2004 թվականին ստեղծված «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի սաունդթրեքը։ Ֆիլմի ռեժիսորն է Մել Գիբսոնը։ 

«Օսկար 2022»-ի անվանակարգերի քանակով առաջատարներից էր Դենիս Վիլնյովի «Dune» ֆիլմը: Սաունդթրեքի հեղինակը Հոլիվուդի ամենապահանջված կոմպոզիտոր Հանս Ցիմերն է։ Վերջերս տված հարցազրույցում Ցիմերը պատմել է, որ «Dune»-ի համար երաժշտություն ստեղծելիս օգտագործվել են տարբեր փողային գործիքներ, այդ թվում՝ հայկական դուդուկ:

Հանս Ցիմերի խոսքով՝ ինքը 14 տարեկանից երազել է գրել «Dune»-ի երաժշտությունը, երբ կարդացել է Ֆրենկ Հերբերտի վեպը։ Երբ սկսեց աշխատել Դենիս Վիլնյովի ֆիլմի վրա, կոմպոզիտորը հասկացավ, որ սաունդթրեքը չպետք է նման լինի գիտաֆանտաստիկ այլ ֆիլմերի մեղեդիներին, որտեղ հիմնականում օգտագործվում է եվրոպական նվագախմբային երաժշտություն։ Ցիմերն այլ ճանապարհով գնաց. սաունդթրեքի հիմքը դարձավ մարդկային ձայնը, ինչպես նաև՝ տարբեր փողային գործիքներ։

Հանս Ցիմերը ֆլեյտահար Պեդրո Յուստաշին հանձնարարեց նվագել այնպես, կարծես քամին ոռնում է անապատում: Երաժշտի խոսքով՝ ֆլեյտահարը կոմպոզիտորին 89 մեղեդի է ուղարկել հաստատման համար, որոնք միայն դուդուկով են հնչել։ Հայկական փողային գործիքից բացի, երաժիշտներն օգտագործել են պարկապզուկ, հնդկական բամբուկից պատրաստված ֆլեյտա, մարտական ​​շչակ և շատ այլ բաներ։ Բացի այդ, թիմը զրոյից ստեղծել է բոլորովին նոր գործիքներ։ Օրինակ՝ Պեդրո Յուստաշը հորինել է «կոնտրաբաս դուդուկ»՝ բնօրինակ հայկականի ընդլայնված տարբերակը։

Այս ֆիլմերն իրենց ուրույն տեղն ունեն միջազգային կինեմատոգրաֆում, իսկ հայկական ծիրանափողի հանրահռչակման հարցում ահռելի է Ջիվան Գասպարյանի դերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ