Logo

«Հայկական» Ֆրանսիան․ 90-ականներին Ֆրանսիայի առաջնության ֆուտբոլիստներով կարող էր Հայաստանի հավաքական կազմավորվել

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
18:06 / 22.06.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ համալրվել են ֆրանսահայ ֆուտբոլիստներով: Մասնավորապես, «Մարսելի» սան Գաել Անդոնյանը խաղաց Հայաստանի ազգային հավաքականում, Վարանց Բզդիկյանը՝ Մ21 թիմում, Անտոնի Կազարյանն այժմ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, Մանուել Նազարեթյանը հրավիրվում էր Մ19 հավաքական, իսկ «Նանտի» հարձակվող Գոռ Մանվելյանը ՀՖՖ ուշադրության կենտրոնում է:

Հայերը մեծ ներդրում են ունեցել Ֆրանսիայի մշակութային, հասարակական, քաղաքական և սպորտային կյանքում: Ֆուտբոլը բացառություն չէ: 20-րդ դարի կեսերին ամենահայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստը դարպասապահ Ռենե Դոնոյանն էր, որը «Սենթ-Էտյենի» կազմում 1964-ին դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Եթե 60-ականներին լիներ Հայաստանի հավաքական, ապա Դոնոյանն Ալյոշա Աբրահամյանի և Նորայր Դեմիրճյանի հետ միասին միգուցե կլիներ ազգային թիմի դարպասապահներից մեկը: Սակայն Հայաստանի հավաքականը ձևավորվեց միայն 1992-ին, իսկ առաջինը Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնից հրավեր ստացավ Համլետ Մխիթարյանը՝ Հենրիխի հայրը, որը, սակայն, խորհրդային ֆուտբոլի սան էր: Այդ ժամանակ նա խաղում էր ֆրանսիական «Վալանսում», իսկ Վալանսը հայտնի է իր մեծ հայկական համայնքով:

Խորհրդային ֆուտբոլի սան էր նաև Արթուր Դեմիրճյանը, որը նույնպես կարճ ժամանակ խաղաց «Վալանսում», սակայն Ֆրանսիայի Լիգա 2-ում այս ֆուտբոլիստները երկար ելույթ չունեցան: Իսկ Լիգա 1-ում և Լիգա 2-ում կային բավականաչափ քանակությամբ հայ ֆուտբոլիստներ, որոնցից նույնիսկ կարող էր ամբողջ հավաքականի հիմնական կազմ ձևավորվել: VNews-ը ներկայացնում է այդ ֆուտբոլիստներին։

Դարպասապահ

Վենսան Յազմաջյան («Վալանս»)

Սկսելով կարիերան «Ստադ Ֆրանս» ակումբում՝ Յազմաջյանը 1986-ին տեղափոխվեց «Ռեդ Սթար», իսկ 1994-ին հայտնվեց երկու տարի առաջ Լիգա 2-ի ուղեգիր նվաճած «Վալանս», որտեղ դարձավ առաջնության լավագույն դարպասապահներից մեկը: Այդ տարիներին Լիգա 2-ում էր խաղում նաև Մարսելի «Օլիմպիկը», որի կազմում ելույթ էին ունենում համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Ֆաբյեն Բարտեզը, Տոնի Կասկարինոն, հետագայում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դարձած Բեռնար Կազոնին, ՊՍԺ-ի այժմյան գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն: Ընդհանրապես, Լիգա 2-ում Յազմաջյանը հանդիպել է հետագայում Ֆրանսիայի առաջնությունում մեծ անուն հանած բազմաթիվ ֆուտբոլիստների՝ Ժերոմ Ռոտեն, Մուստաֆա Հաջի, Ուիլյամ Գալաս, Էրիկ Ռաբեզանդրատանա, Պասկալ Վահիրուա և այլն…

«Վալանսը» հրաշալի ելույթներ ունեցավ 1996թ. Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում՝ պայքարից դուրս թողնելով Լիգա 1-ում խաղացող «Լավալին» ու դուրս գալով քառորդ եզրափակիչ, և դրանում մեծ էր Յազմաջյանի դերը: «Լավալին» հաղթելուց հետո հայ դարպասապահը ֆրանսիական հեռուստաընկերության եթերում երգում էր՝ «Գարուն Երևան, սիրուն Երևան» իր աֆրիկացի թիմակիցների զարմացած հայացքների ներքո: Յազմաջյանը մնաց «Վալանսի» հիմնական դարպասապահը մինչև 1998-ը, երբ թիմը գլխավորեց Բրյունո Մեթսյուն: Այդ ընթացքում «Վալանսը» դարձել էր Լիգա 2-ի ամուր միջակ թիմերից մեկը, 1997/98 մրցաշրջանում էլ պայքարում էր Լիգա 1-ի ուղեգրի համար, և ի վերջո զբաղեցրեց 7-րդ տեղը: Հայ դարպասապահի հեռանալուց հետո «Վալանսը» միանգամից դարձավ առաջնության հետնապահներից մեկը, և երկու տարի անց դուրս մնաց Լիգա 2-ից: Վենսան Յազմաջյանը ևս 7 տարի խաղաց ցածր լիգաներում, 2002-ին վերադարձավ հարազատ «Վալանս», որտեղ էլ, 2005-ին ավարտեց կարիերան՝ անցնելով մարզչական աշխատանքի: Այժմ նա բնակվում է Ֆրանսիայում, բայց ֆուտբոլային գործունեություն չի ծավալում:

Պաշտպաններ

Միշել Թերզյան («Վալանս»)

Թերզյանը ծնվել է Երևանում, սակայն բավականին վաղ տարիքում հայտնվել Ֆրանսիայում: Չկարողանալով իր տեղն ունենալ ֆրանսիական «Մարսելի» հիմնական թիմում՝ Թերզյանը 1988-ին հայտնվեց նույն «Վալանսում», որտեղ, խաղալով Համլետ Մխիթարյանի հետ միասին, 1992-ին Լիգա 2-ի ուղեգիր նվաճեց: Մխիթարյանը հեռացավ «Վալանսից» 1994-ին, իսկ ահա Թերզյանը մնաց մինչև 1997-ը՝ լինելով թիմի հիմնական պաշտպաններից մեկը: Թե՛ Յազմաջյանը, թե՛ Թերզյանը 1996-ին ցանկություն էին հայտնել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում, որտեղ ավելի վաղ հրավիրվել էր իրենց նախկին թիմակից Համլետ Մխիթարյանը: Սակայն հավաքականի մարզիչներից ոչ մեկը չի տեսել նրանց ազգային թիմի կազմում, և ՀՖՖ-ից հրավերներ չեն եղել:

Ֆրեդերիկ Թաթարյան («Օլիմպիկ» Մարսել, «Նիցա»)

Թաթարյանի ազգանունը հատկապես ծանոթ է ֆրանսիական երկու թիմերի՝ Մարսելի «Օլիմպիկի» և «Նիցայի» երկրպագուներին: «Օլիմպիկի» սանը խաղում էր ակումբի հիմնական թիմում, երբ վերջիններս պայմանավորված խաղերի սկանդալից հետո հայտնվել էին Լիգա 2-ում: 1994/95 և 1996/97 մրցաշրջանները Թաթարյանն անցկացրեց «Նիցայում»՝ խաղալով Լիգա 1-ում: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում անցկացրեց 67 խաղ, դարձավ երեք գոլի հեղինակ, իսկ 1997-ին նվաճեց կարիերայի ամենաարժեքավոր տիտղոսը՝ դառնալով Ֆրանսիայի գավաթակիր: Ընդ որում, հայ ֆուտբոլիստն իր մեծ ներդրումն ունեցավ հաղթանակում՝ դիպուկ գտնվելով հետխաղյա 11-մետրանոցի հարվածաշարի ժամանակ: Թաթարյանը կարիերայի ընթացքում նաև հասցրեց խաղալ արտասահմանում՝ 2003/04 մրցաշրջանում 16 խաղ անցկացնելով շվեյցարական «Սիոնի» կազմում: Կարիերան ավարտեց «Կաննում»՝ 2005-ին: Հայտնի է, որ 90-ականներին Թաթարյանը գտնվել է ՀՖՖ ուշադրության կենտրոնում, բայց դժվար է ասել՝ ինչ պատճառով չի խաղացել հավաքականի կազմում:

Միշել Տեր-Զաքարյան («Մոնպելյե»)

Ի տարբերություն նախորդների՝ Միշել Տեր-Զաքարյանը 90-ականներին ընդունեց իր պատմական հայրենիքի հրավերն ու 1996-ին համալրեց Հայաստանի հավաքականի կազմը: Ճիշտ է, դա արդեն հայտնի պաշտպանի կարիերայի մայրամուտն էր, բայց նրա ժամանումը մեծ իրադարձություն էր: 

Տեր-Զաքարյանը ֆրանսիական երկու ակումբի՝ «Նանտի» և «Մոնպելյեի» լեգենդ է, ընդ որում՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Ծնունդով երևանցի Տեր-Զաքարյանը մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվեց «հայկական» Մարսել, որտեղ սկսեց զբաղվել ֆուտբոլով, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերը 1979-ին կատարեց «Նանտի» կազմում, որի հետ 1983-ին դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Ֆրանսիայում ուժեղ պաշտպանների պակաս երբեք չի եղել, և Տեր-Զաքարյանի համար դժվար էր ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականում, թեև «Նանտում» նա հիմնական կազմի խաղացող էր: «Նանտում» ընդհանուր առմամբ 140 խաղ անցկացնելուց հետո հայ ֆուտբոլիստը 1988-ին հայտնվեց «Մոնպելյեում», որտեղ անցկացնում է 10 տարի, դառնում Ֆրանսիայի գավաթակիր:

1996-ին Տեր-Զաքարյանը հրավիրվեց Հայաստանի հավաքական, և նորամուտը նշեց Պորտուգալիայի հետ երևանյան մրցավեճում, ու իր վստահ խաղով մեծապես նպաստեց թիմի դրական արդյունքին (0-0):

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Ֆիգուն վնասվածք ստացավ հյուրանոցում, իսկ Պորտուգալիան թանկարժեք 2 միավոր կորցրեց Երևանում

Այդ շրջափուլում պաշտպանը ևս 4 հանդիպում անցկացրեց հավաքականի կազմում, օգնեց թիմին ոչ-ոքի խաղալ Հյուսիսային Իռլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հենց Ուկրաինայի հավաքականի հետ խաղն էլ վերջինը եղավ հավաքականի կազմում: Շրջափուլի մյուս խաղերը նա բաց թողեց վնասվածքի պատճառով, իսկ մեկ տարի անց 35-ամյա պաշտպանն ավարտեց կարիերան՝ միանգամից անցնելով մարզչական աշխատանքի հարազատ «Մոնպելյեում»: Հավանաբար, մի օր Տեր-Զաքարյանը կվերադառնա Հայաստանի հավաքական՝ արդեն մարզիչի կարգավիճակում: 

Մարսելո Ջյան (Կիրեմիջյան) («Լիոն»)

Մարսելո Ջյանն այս ցուցակում առանձնանում է, քանի որ նա ֆրանսահայ չէ, բայց կարիերայի կարևոր տարիներն անցկացրել է ֆրանսիական «Լիոնում»: Հայրենիքում՝ Բրազիլիայում, Ջյանը խաղացել է «Կորինտիանսում», «Կրուզեյրոյում» և «Աթլետիկո Մինեյրոյում», բոլոր թիմերում եղել է առաջատար խաղացողներից մեկը, հրավիրվել է Բրազիլիայի հավաքական, որի կազմում մասնակցել է երկու հանդիպման, 1990-ին դարձել է Բրազիլիայի չեմպիոն և առաջնության երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Նույն կոչմանն արժանացել է նաև 1998-ին: 1993-1997թթ. եղել է «Լիոնի» հիմնական կենտրոնական պաշտպանը, դարձել է Ֆրանսիայի փոխչեմպիոն: Սակայն Բրազիլիայի հավաքականում ամրապնդվել չի ստացվել: 1996-ին Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված էր ՀՖՖ-ն, սակայն ֆուտբոլիստը, հավանաբար, իր համաձայնությունը չտվեց, իսկ մեկ տարի անց վերադաձավ Բրազիլիա ու այնտեղ ավարտեց կարիերան։ Այժմ Մարսելո Կիրեմիջյանը աշխատում է «Լիոնում»՝ որպես սկաուտ: Ֆրանսիական ակումբը հենց նրան է պարտական Ժունինյո Պերնամբուկանոյի, Էդմիլսոնի, Կասապայի, Կլեբեր Անդերսոնի և Ֆրեդի տրանսֆերների համար:

Ժիլ Համբարձումյան («Կան», «Լիլ»)

90-ականների Լիգա 1-ի ամենակոլորիտային դեմքերից մեկը: 176 սմ հասակով և 80 կգ քաշով աջ եզրային պաշտպանը հեշտությամբ տարբերվում էր խաղադաշտում: 1989-1997-ին Համբարձումյանը ելույթ է ունեցել «Կանում», որտեղ ականատես է եղել իր թիմակից Զինեդին Զիդանի աստղի ծագմանը:

«Ես գեր չէի, մի սկսեք: Պարզապես, ես ֆիզիկապես հրեշ էի: 100 մետրը 10,97 վայրկյանում էի վազում: 20 տարեկանում Լիզարազյուն չէր կարող հետս ոտք գցել: Եթե մրցակցի կազմում էին Կոկարը, Դյուգարին կամ Ժինոլան, Լուիս Ֆերնանդեսն ինձ էր դնում իրենց դեմ: Ոչ մեկից չէի վախենում»,- նշել է Ժիլ Համբարձումյանը։ 

Համբարձումյանին շատ էին խանգարում վնասվածքները: 6 անգամ ծնկի վնասվածք է ստացել, իսկ 1995-ի հոկտեմբերին նա երկու ամսով որակազրկվել է մարիխուանա օգտագործելու համար: Մեկ մրցաշրջան «Լիլում» անցկացնելուց հետո Ժիլը վերադարձավ «Կան», 2000-ականների սկզբում էլ, մի քանի տարի անցկացնելով Մարսելի սիրողական թիմերում, ավարտեց կարիերան:

«Եթե ես հիմա խաղայի, միլիոնատեր կլինեի: Հիմա երիտասարդներին վստահում են, այն ժամանակ փորձառուներին էին տեղ տալիս: Երբ տեսնում եմ Ֆրանսուա Կլերի նման պաշտպանների… Մեկ ոտքով էլ նրանից ուժեղ էի: Ես իմ ունակություններով Լիլիան Թյուրամի պես ուժեղ էի: Բայց ես ինձ ամենևին էլ նրա հետ չեմ համեմատում»,- ասում է Համբարձումյանը։

Հայտնի չէ՝ արդյոք Ժիլ Համբարձումյանը երբևիցե հայտնվել է ՀՖՖ ուշադրության կենտրոնում, թե` ոչ: 

Կիսապաշտպաններ

Ալեն Պողոսյան («Մարսել», «Նապոլի», «Պարմա»)

Մարսելից 140 կմ հեռավորության վրա գտնվող Դին Լե Բեն քաղաքում ծնված Ալեն Պողոսյանը հայտնի դարձավ 90-ականների սկզբում «Օլիմպիկի» կազմում ունեցած ելույթներով, գրավեց «Յուվենտուսի» ուշադրությունը, բայց Թուրին մեկնեց իր խաղընկեր Դիդյե Դեշամը, մինչդեռ ինքը հայտնվեց Նեապոլում: 1996-ին ՀՖՖ-ն ակտիվ բանակցություններ էր վարում Պողոսյանի հետ, բայց ֆուտբոլիստը չէր շտապում ընդունել հրավերը՝ նշելով, որ կմիանա Հայաստանի հավաքականին, եթե Ֆրանսիայի հավաքականից հրավեր չստանա: Չնայած ակումբային հաջող կարիերային, Ֆրանսիայի հավաքականի մարզիչները համառորեն չէին նկատում տաղանդավոր կենտրոնական կիսապաշտպանին, ինչից փորձում էր օգտվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բայց Պողոսյանը վստահ էր, որ Ֆրանսիայի հավաքականից հրավեր է ստանալու, և 27 տարեկանում վերջապես ստացավ Էմե Ժակեի նամակը:

Ալեն Պողոսյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցեց տնային աշխարհի առաջնությանը, դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 1999-ին արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում առաջին անգամ ժամանեց պատմական հայրենիք՝ մասնակցելու Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: 

1999-ին Պողոսյանն իտալական «Պարմայի» կազմում նվաճեց ՈւԵՖԱ-ի գավաթը, իսկ կարիերան ավարտեց 2003-ին՝ անցնելով մարզչական աշխատանքի: Հայտնի ֆուտբոլիստը չի մոռանում հայրենիքի մասին և հաճախ է մասնակցում տարբեր բարեգործական ակցիաների, ակտիվ է սփյուռքի կյանքում:

Բեռնար Պարդո («Մարսել»)

80-ականներին Բեռնար Պարդոն փայլուն կարիերա ստեղծեց՝ խաղալով «Բրեստում», «Սենթ-Էտյենում», «Տուլոնում», «Բորդոյում», 28 տարեկանում հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական, հաստատվեց հիմնական կազմում և 1990-ին տեղափոխվեց «Մարսել», որի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն ու հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ: Նրան շատ բարձր էր գնահատում հավաքականի այն ժամանակվա մարզիչ Միշել Պլատինին։

«Մարսելի» հետագա հաջողոթյուններն ու դաժան պատիժը Պարդոն չտեսավ, քանի որ 1991-ին խաչաձև կապանների վնասվածք ստացավ: Ապաքինվելուց հետո «Մարսելը» նրան ուղարկեց ՊՍԺ՝ փոխանակելով Ժոզելին Անգլոմայի հետ: Կարիերայի վերջին տարիները լի էին սկանդալային պատմություններով: Պարդոն 6 ամիս անցկացրեց կալանքի տակ կոկաինի տարածման համար (ինքն ասում է, որ միամտորեն խաբվել է), փորձեց վերադառնալ մեծ ֆուտբոլ, սակայն «Տուլոնում» կարճ ժամանակահատված անցկացնելուց հետո 1995-ին ավարտեց կարիերան:

Կարիերայի ավարտից հետո էլ անհաջողությունները չդադարեցին․ 90-ականների վերջին անհասկանալի վիրուսի պատճառով նա 13 ատամ կորցրեց, հետո սրտի վիրահատություն տարավ:

Պարդոն երբեք չի մոռացել իր արմատների մասին։ Նրա մայրը հայ էր, և Պարդոն մշտապես կապի մեջ է եղել հայկական համայնքի հետ, իսկ 2004-ին նաև հնարավորություն ստացավ մասնակցել հայկական սպորտային կյանքին՝ դառնալով Բեռնար Կազոնիի օգնականը Հայաստանի հավաքականում: Այժմ Բեռնար Պարդոն իր ծննդավայր Գարդան քաղաքում զբաղվում է բիզնեսով, աշխատում է նաև համայնքապետարանում:

Յուրի Ջորկաեֆ («ՊՍԺ», «Ինտեր»)

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդին Հայաստանի հավաքականում տեսնելու ցանկությունը չափազանց մեծ էր, բայց նման հնարավորություն երբեք չի եղել: Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից էր, տնային աշխարհի առաջնությունում գլխավոր հույսերից մեկը: ՀՖՖ-ն 1990-ականներին բազմիցս արտահայտվել է Ջորկաեֆին Հայաստանի հավաքականում տեսնելու անիրական ցանկության մասին, ծրագիր է եղել նույնիսկ որևիցե մի ցուցադրական խաղում թեկուզ մեկ խաղակես դաշտում տեսնել Յուրիին, բայց նույնիսկ այդ ծրագրերը չեն իրականացել: Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 1999-ին ժամանեց Հայաստան, ստացավ Հայաստանի պատվավոր քաղաքացու անձնագիրը, և մինչև օրս սերտ կապեր է պահում պատմական հայրենիքի հետ՝ տարվա մեջ մի քանի անգամ ժամանելով Հայաստան, որպես ՖԻՖԱ-ի դեսպան ֆուտբոլային ծրագրեր իրականացնում: Վերջերս նա ներկա էր նաև Հայաստան - Լատվիա (2-1) Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպմանը։

Հարձակվողներ

Պասկալ Պետրոսյան («Կան», «Ռեն», «Լորյան»)

Մարսելում ծնված Պասկալ Պետրոսյանը պատանի տարիքում ընդունվեց «Կանի» ակադեմիա: 1992-ին «Կանից» հեռացավ Զինեդին Զիդանը, և ակումբի մարզչական կազմը երկրորդ թիմից հիմնական կազմ տեղափոխեց Ֆրանսիայի Մ19 հավաքականի անդամներ, հարձակողական ոճի կիսապաշտպաններ Յոհան Միկուին և Պասկալ Պետրոսյանին: Նույն տարի «Կանում» իրենց նորամուտը նշեցին նաև Ժիլ Համբարձումյանն ու ֆրանսիացի հայտնի հարձակվող Միկայել Մադարը: Մեկ տարի անց «Կանի» հիմնական կազմում հայտնվեց նաև Պատրիկ Վիեյրան, որի հետ Պետրոսյանը խաղում էր երկրորդ թիմի կազմում: Երկու տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստը դարձավ հիմնական կազմի խաղացող, մասնակցեց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ «Կանում» անցկացրեց 95 հանդիպում և դարձավ 9 գոլի հեղինակ:

1997-ին տեղափոխվեց «Ռեն», բայց չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում, և մեկ տարի անց համալրեց «Լորյանի» շարքերը: Վերջինիս կազմում նա մեկ մրցաշրջան անցկացրեց Լիգա 1-ում, բայց թիմը անհաջող ելույթների պատճառով դուրս մնաց ուժեղագույնների դիվիզիոնից: Մինչև 2004-ը Պետրոսյանը մնաց «Լորյանում», Լիգա 2-ում մասնակցեց 101 հանդիպման, դարձավ 4 գոլի հեղինակ: 2002-ին «Լորյանը» սենսացիոն կերպով նվաճեց Ֆրանսիայի գավաթը ու մասնակցեց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Պետրոսյանը թիմի առաջատարներից էր մինչև 2005-ը, երբ ավարտվեց պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, և նա մեկնեց ԱՄՆ ու երկու տարի խաղաց MLS-ում ելույթ ունեցող «Չիկագո Ֆայրի» կազմում: Կարիերան ավարտեց 2009-ին՝ ֆրանսահայերի հիմնած «Արձիվ» ակումբում: Այժմ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում՝ աշխատելով Չիկագոյի ֆրանսիական լիցեյում և FC Hawks ակումբում, որտեղ ելույթ է ունենում իր որդին:

Պատանեկան տարիքում Պետրոսյանը խաղացել է Ֆրանսիայի Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում, որոնց կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 26 հանդիպման ու դարձել 10 գոլի հեղինակ: 1990-ականներին խաղացել է նաև Ֆրանսիայի բանակային հավաքականի կազմում: 90-ականների վերջին և 2000-ականների սկզբում խոսակցություններ կային, որ ՀՖՖ-ն հետաքրքրված է նրա ծառայություններով, բայց ֆուտբոլիստը ցանկություն չէր հայտնել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:

Էրիկ Ասադուրյան («Լիլ», «Լիոն»)

Ասադուրյանի ազգանունն առաջիններից էր, որ շոշափվում էր 1996-ին, երբ ՀՖՖ-ն իրավունք ստացավ հրավիրել սփյուռքահայերին ազգային հավաքական: Հայաստանի հավաքականում կենտրոնական հարձակվողի խնդիր կար, ու Ասադուրյանին տեսնում էին որպես այդ խնդրի լուծումներից մեկը: 1996-ին ֆուտբոլիստն արդեն մեծ անուն էր ձեռք բերել Ֆրանսիական Լիգա 1-ում: 1986-ին նա նորամուտն էր նշել Լիգա 1-ում ելույթ ունեցող «Թուլուզի» կազմում, դարձել հիմնական կազմի խաղացող, 1988-1990թթ. Լիգա 1-ում դարձել էր 9 գոլի հեղինակ ու տեղափոխվել «Լիլ», որտեղ դարձել էր առաջատարներից մեկը: 5 մրցաշրջանում Ասադուրյանը մասնակցեց 186 հանդիպման, դարձավ 27 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ ու տեղափոխվեց «Լիոն»: 1994-ին հրավիրվեց Ֆրանսիայի երկրորդ հավաքական, սակայն դա չէր խանգարում նրան 1996-ին ընդունել ՀՖՖ հրավերը ու միանալ Հայաստանի հավաքականին: Այնուամենայնիվ, Ասադուրյանը Մարսելո Ջյանի հետ միասին սկզբում մերժեց ՀՖՖ հրավերը, սակայն մեկ տարի անց, ի վերջո, միացավ ազգային թիմին:

Ցավոք, հարձակվողի կարիերան արդեն անկման փուլում էր, «Լիոնում» նա երկու մրցաշրջան անցկացրեց, 41 խաղում խփեց երեք գոլ, որից մեկը՝ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: 1998-2001-ին Ասադուրյանը խաղաց Լիգա 2-ում՝ «Լուան Կուզո» և «Բովե» ակումբներում, 100 խաղում դարձավ 27 գոլի հեղինակ, իսկ կարիերան ավարտեց հայկական «Վալանսում»: 

Հայաստանի հավաքականում ֆուտբոլիստը նորամուտը նշանավորեց խփած գոլով ու օգնեց ոչ-ոքի խաղալ Հյուսիսային Իռլանդիայում: Խորեն Հովհաննիսյանի ժամանակ Ասադուրյանը հիմնական կազմի ֆուտբոլիստ էր, սակայն հաջորդ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հարձակվողին արնեն այդքան էլ չէր վստահում: Ինքը՝ Ասադուրյանը, մտադիր էր ավարտել միջազգային կարիերան դեռևս 1998-ին, բայց նշում է, որ Բարսեղյանը զանգեց իրեն ու ասաց, որ հույսեր է կապում իր հետ:

Իսլանդիայի և Ուկրաինայի հետ հանդիպումներում Բարսեղյանը փոխարինեց Ասադուրյանին երկրորդ կեսում, իսկ Ռուսաստանի հավաքականի հետ տնային խաղում թողեց պահեստայինների նստարանին, չնայած ամբողջ երկրորդ կեսի ընթացքում ֆուտբոլիստին ուղարկել էր նախավարժանքի: 4 օր անց ազգային թիմը պետք է խաղար Ֆրանսիայում, սակայն ֆուտբոլիստը Ռուսաստանի հետ խաղից հետո ցանկություն հայտնեց հեռանալ հավաքականից: Ըստ Էրիկ Ասադուրյանի՝ Բարսեղյանը զրուցեց իր հետ, ասաց, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում թողել է պահեստայինների նստարանին, քանի որ հույսեր է կապում իր հետ Ֆրանսիայի հետ խաղում, ու, հասկանալով, որ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղն առանձնահատուկ է Ասադուրյանի համար, որոշել է հանգիստ տալ նրան, որպեսզի այդ խաղում նա 100 տոկոսով պատրաստ լինի: Սակայն Ֆրանսիայի հետ խաղից երկու ժամ առաջ Բարսեղյանը հայտնում է մեկնարկային կազմը, որտեղ Ասադուրյանի ազգանունը բացակայում էր: Զայրացած ֆուտբոլիստը չի սպասում հանդիպման սկզբին, և առանց տրիբունաներում գտնվող իր հարազատներին ինչ-որ բան ասելու, հեռանում է ստադիոնից ու խաղը դիտում տանը: Դրանից հետո Ասադուրյանն այլևս ելույթ չի ունենում Հայաստանի հավաքականի կազմում: 

2014-ին կայացած Ֆրանսիա - Հայաստան ընկերական խաղից առաջ հայկական մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց Ասադուրյանի՝ ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցը, որտեղ ֆուտբոլիստը նշում էր, որ ինքը հայ չէ, իսկ Հայաստանի հավաքականի մակարդակը բավականին ցածր է: 2021-ին ՀՖՖ-ին տված հարցազրույցում Ասադուրյանը պարզաբանեց իր խոսքերը. «Այո, ես ֆրանսիացի եմ և հպարտ եմ, որ ունեմ հայկական ծագում։ Հայրս հայ է, մայրս՝ իտալացի։ Եթե ասեմ, որ հայ եմ, մայրս կսպանի, եթե ասեմ, որ իտալացի եմ, հայրս կսպանի։ Ես ֆրանսիացի եմ և շատ հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Իմ երկրից՝ Ֆրանսիայից, հրաժարվել չեմ կարող։ Այն ինձ տվել է հաջողության հասնելու, զարգանալու, բացառիկ մարդկանց հանդիպելու հնարավորություն։ Դաստիարակվել եմ որպես ֆրանսիացի, բայց հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Հպարտ եմ, որ երկու տարի եղել եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ։ Իմ մեջ հոսում է հայկական արյուն, ես դա չեմ ժխտում, բայց չեմ կարող ասել, որ ֆրանսիացի չեմ։ Ձեր առջև հիմա ֆրանսիական, հայկական և իտալական արժեքներ կրող անձնավորություն է»։

Այժմ Էրիկ Ասադուրյանը զբաղեցնում է ֆրանսիական «Լանսի» ֆուտբոլային ակադեմիայի տնօրենի պաշտոնը, հաճախ է ժամանում Հայաստան, քանի որ «Լանսը» համագործակցում է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ Ասադուրյանն այդ ծրագրի ղեկավարներից մեկն է:

Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 1. Ռուսաստան

Ֆուտբոլիստներ «Այաքսից», «Լիոնից» և «Բավարիայից». Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 2. Եվրոպա

Հավաքականի լեգենդ ու չօգտագործված հնարավորություններ․ Հայկական օրիունդոների պատմությունը. նախկին ԽՍՀՄ, Ամերիկա, Մերձավոր Արևելք

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ