Հայկական ֆուտբոլի առանձնահատկություններից մեկն ազգային հավաքականում սփյուռքի ներկայացուցիչների մեծ քանակությունն է: Սփյուռքի խաղացողների ներգրավումն ազգային հավաքականում նոր բան չէ ֆուտբոլում, իտալացիներն ու իսպանացիները «լծված» են այդ գործին դեռևս 1930-ականներից: Նման ֆուտբոլիստներին Իտալիայում անվանում են օրիունդո:
Լատինական Ամերիկայում գրեթե յուրաքանչյուրն ունի իտալական կամ իսպանական արմատներ, ինչը ՖԻՖԱ-ի օրենքներով թույլատրում է նրանց ընտրել իրենց նախնիների հայրենիքի ազգային հավաքականը: Արգենտինացիներ Ռայմունդո Օրսին և Լուիս Մոնտին մեծ դերակատարում ունեին Իտալիայի հավաքականի 1934թ. չեմպիոնությունում։ Իտալացիների թիմում նրանց հետ միասին հանդես էին գալիս ևս մեկ արգենտինացի Ատիլո Դեմարիան ու բրազիլացի Ֆիլոն: 50-ականների իտալացիները իրենց կազմը համալրեցին ուրուգվայական ֆուտբոլի լեգենդեր, աշխարհի չեմպիոններ Խուան Սկյաֆինոյով ու Ալսիդես Գիջայով: Վերջին սերնդի հայտնի օրիունդոներից են Մաուրո Կամորանեզին ու Ժորժինյոն, իսկ այժմ Իտալիայի հավաքականն ընդհանրապես իր հայացքն ուղղել է դեպի Լատինական Ամերիկա: Եթե առաջ իտալացիներն իրենց կազմում ընդգրկում էին արդեն Իտալիա տեղափոխված օրիունդոներին, ապա այժմ թեկնածուներ են դիտարկում հենց Արգենտինայից, Ուրուգվայից և այլ երկրներից։ Ռոբերտո Մանչինին վերջին հավաքներին ազգային հավաքական հրավիրեց արգենտինացի հարձակվող Մատեո Ռետեգիին, որը երկու խաղում երկու գոլի հեղինակ դարձավ: Վերջինիս օրինակն այնքան ոգևորիչ էր, որ այժմ խոսում են ևս 10 օրիունդոների մասին, որոնք խաղում են Արգենտինայում:
Հայաստանի հավաքականի համար այդ առումով շրջադարձային եղավ 1996 թվականի սկիզբը, երբ ՖԻՖԱ-ն պաշտոնապես թույլատրեց ազգային թիմում ելույթ ունենալ այն սփյուռքահայ ֆուտբոլիստներին, որոնք 1994թ․ սեպտեմբերի 7-ից որևէ հավաքականի կազմում չէին մասնակցել պաշտոնական խաղի: Մինչև այդ Հայաստանի հավաքականը համալրվում էր բացառապես Հայաստանի քաղաքացիներով: Այդ որոշումից հետո հավաքականի դռները բացվեցին մեծ քանակությամբ հայ ֆուտբոլիստների համար, և օրիունդոների թիվը Հայաստանի հավաքականում տարեցտարի սկսեց աճել: Բնական է, որ ամենատարածված ուղղությունը Ռուսաստանի առաջնությունն էր, որտեղ բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ էին խաղում:
Առաջին ֆուտբոլիստները, որոնք օգտվեցին այդ իրավունքից, դարձան Սարատովի «Սոկոլի» հարձակվող Կարապետ Միքայելյանը, որը ռուսական ֆուտբոլում հայտնի դարձավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» կազմում ելույթներով: Միքայելյանը հրավիրվեց հավաքական 1996թ. օգոստոսին՝ պատրաստվելու Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը, սակայն նորամուտն ազգային թիմում նշեց միայն հոկտեմբերին՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում: Միքայելյանը հաջորդ 3 տարիների ընթացքում 20 հանդիպման մասնակցեց հավաքականի կազմում, միանում էր ազգային թիմին նույնիսկ, երբ խաղում էր Հարավային Կորեայի «Պուչհոն» ակումբում, և թիմի գլխավոր մարզիչ Վալերի Նեպոմնյաշչին ֆուտբոլիստին կանգնեցրել էր երկընտրանքի առջև՝ կամ հավաքականը, կամ ակումբը: Միքայելյանը հավաքականում չկարողացավ լիարժեքորեն դրսևորել գոլահարի իր հատկությունները՝ 20 խաղում դառնալով միայն երկու գոլի հեղինակ, բայց հաջողացրեց այդ գոլերը խփել Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոններին՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականներին:

«Կռիլյա Սովետովի» ևս մեկ հարձակվողի` Գառնիկ Ավալյանին որոշ ժամանակ ակումբը թույլ չէր տալիս ընդունել հավաքականի հրավերը: Թեև Ավալյանին լիարժեք օրիունդո անվանել չի կարելի. նա ծնվել է Իջևանում, տեղում էլ ստացել ֆուտբոլային կրթությունը, խաղացել «Բենտոնիտում», հետո 22 տարեկանում հայտնվել Սմոլենսկի «Իսկրայում», խաղացել ԽՍՀՄ, հետո էլ Ռուսաստանի ցածր լիգաներում: Սակայն Ավալյանը հավաքականին միանալու պահին իր ակտիվում մի քանի հանդիպում ուներ Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում: Ավալյանը բավականին ուշ տարիքում սկսեց խաղալ Ռուսաստանի ուժեղագույնների դիվիզիոնում, բայց հասցրեց իր անունը մեծ տառերով գրել Սամարայի թիվ մեկ ակումբի պատմության մեջ: Հավաքականում նա առաջին հանդիպումն անցկացրեց միայն 35 տարեկանում, այդ պատճառով մեծ քանակությամբ խաղերի չհասցրեց մասնակցնել, բայց այդ 9 խաղերում աչքի ընկավ իր վարպետությամբ ու գոլերի հեղինակ դարձավ Ալբանիայի և Անդորրայի հավաքականների հետ խաղերում:

Նույն շրջափուլում հավաքականում նորամուտը նշեց Նալչիկում ծնված Ալբերտ Սարգսյանը, որն այդ ժամանակ խաղում էր իր հարազատ քաղաքի «Սպարտակ» թիմում: Սարգսյանը դարձավ հավաքականի, հետագայում նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» առաջատարներից մեկը, ազգային թիմում խաղաց մինչև 2005-ը, 33 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ (ընդ որում, երեք անգամ էլ տուժողը Ուկրաինայի հավաքականն էր) և խփեց հավաքականի պատմության, երևի, ամենագեղեցիկ գոլը:
Իհարկե, ոչ բոլոր նորեկների կարիերան էր հաջող դասավորվում հավաքականում: 1997-ին հավաքական հրավիրվեց Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արամայիս Եպիսկոպոսյանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատվել էր Նովոռոսիյսկում և խաղում էր տեղի «Չեռնորոմեցում»: Նա միայն երկու հանդիպում անցկացրեց հավաքականի կազմում՝ խաղալով Պարագվայի հետ ընկերական և Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընտրական խաղերում, սակայն դրանից հետո խնդրեց ՀՖՖ-ին իրեն այլևս չհրավիրել: Հետագայում Եպիսկոպոսյանը պատմում էր, որ նման որոշում նրան ստիպել է կայացնել «Չեռնոմորեցի» գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովը: Եպիսկոպոսյանը հավաքականից թեթև վնասվածքով էր վերադարձել, և մարզիչը նրան դրել էր երկընտրանքի առջև՝ կամ հավաքականը, կամ ակումբը: Ֆուտբոլիստն ընտրեց ակումբը, ինչի համար հետագայում զղջում էր:
1999-ին հավաքական հրավիրվեց Սոչիի «Ժեմչուժինայի» կիսապաշտպան Մանուկ Կակոսյանը, որը Ռուսաստանում հայտնի էր որպես առաջնության պատմության ամենակարճահասակ ֆուտբոլիստներից մեկը: Կակոսյանը ֆանտաստիկ տեխնիկա ուներ, սակայն ֆիզիկապես ամենաամուր ֆուտբոլիստը չէր: Հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը չէր շտապում նրան մեկնարկային կազմում ընդգրկել: 25 րոպե Լեհաստանի հետ ընկերական խաղում և 12 րոպե Ռուսաստանի հետ ընտրական փուլի մրցավեճում անցկացնելուց հետո Կակոսյանը նեղացած հեռացավ հավաքականից՝ խնդրելով իրեն այլևս չհրավիրել:
«Ես ու «Ժեմչուժինայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Քալայջյանը (խոսքը «Ժեմչուժինայի» հարձակվող Արտաշես Քալայջյանի մասին է, որը նույնպես հրավիրվել էր հավաքական, բայց ոչ մի հանդիպման չէր մասնակցել - խմբ.) եկանք հավաքական, տեսանք, որ այնտեղ խաղում են Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներ, որը Ռուսաստանի առաջնությունից հինգ անգամ թույլ էր: Բայց նրանք խաղում էին, իսկ ես նստում պահեստայինների նստարանին: Ես էլ ասեցի՝ ո՞րն է իմ այստեղ գալու իմաստը, ես ակումբում կարող եմ տեղս կորցնել, էլ ինձ չզանգեք: Բայց գլխավոր մարզիչ Բարսեղյանը նորից զանգեց ու վստահեցրեց, որ կխաղամ մեկնարկային կազմում: Չէի ուզում գնալ, բայց համոզեց»,- պատմում էր ֆուտբոլիստը:
Սակայն Ռուսաստանի հավաքականի հետ արտագնա խաղում Կակոսյանը նորից 35 րոպե ժամանակ ստացավ, ինչից հետո հավաքեց իրերն ու Ֆրանսիայի հետ հանդիպման նախօրեին հեռացավ, այս անգամ՝ վերջնական:
Նույն տարիներին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում սկսեց խաղալ հարձակվող Անդրեյ Մովսեսյանը: Վերջինս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր, և Հայաստանից ստացած հրավերը չէր ընդունում: Սակայն երիտասարդ հարձակվողի կարիերան վերելք չունեցավ, 2000-ին նա հայտնվեց հետնապահներից մեկի՝ «Սատուրնի» կազմում, որտեղ արագորեն դարձավ թիմի առաջատարներից մեկը, և նույն թվականին էլ որոշում կայացրեց ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում: Հենց նորամուտի խաղում Մովսեսյանը գրավեց Լիտվայի հավաքականի դարպասը ու հաղթանակ պարգևեց թիմին: Նա արագորեն դարձավ հավաքականի հիմնական հարձակվողը, սակայն հաջորդ խաղերում միայն մեկ անգամ դարձավ գոլի հեղինակ՝ գեղեցիկ հարվածով գրավելով Ուելսի հավաքականի դարպասը, թեև խաղադաշտում իր գործողություններով մեծ օգուտ էր բերում հավաքականին: 2003-ին Միխայ Ստոյկիցան վերադարձեց Անդրեյին հավաքական, ռումինացի մարզչի օրոք նա նորից կարևոր ֆուտբոլիստ դարձավ, բայց վերջինիս հեռանալուց հետո այլևս չհրավիրվեց: Խոսակցություններ կային, որ Ալբերտ Սարգսյանն ու Անդրեյ Մովսեսյանը հավաքականից հեռացել են Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտից հետո։

Ռուսաստանի առաջնությունում խաղացող առաջին ֆուտբոլիստը, որը բացահայտորեն մերժեց Հայաստանի հավաքականի առաջարկը, Կարեն Օհանյանն էր: 19 տարեկանում նա մեծ շուքով ներխուժեց «Տորպեդոյի» հիմնական կազմ, մերժեց Հայաստանի հավաքականի առաջարկը՝ նշելով, որ երազում է խաղալ Ռուսաստանի հավաքականում, հրավիրվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքական: 2001 թվականն Օհանյանի համար մնաց լավագույնը կարիերայում: Նա այդպես էլ չկարողացավ հաստատվել Ռուսաստանի ուժեղագույնների դիվիզիոնում, շատ թե քիչ դրսևորեց իր որակները միայն Առաջին դիվիզիոնի «Կամազ» ակումբում, բնական է, որ Ռուսաստանի հավաքականից երբեք հրավեր չստացավ, մոռացվեց նաև պատմական հայրենիքում: Հետագայում հավաքականին տարբեր առիթներով մերժեցին Դենիս Թումասյանը և Արթուր Մալոյանը, ու թեև երկուսն էլ հետո զղջացին իրենց որոշման համար, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը փակեց հավաքականի դռները նրանց առջև, թեև նույն Թումասյանը կարող էր 2010-ականների սկզբում օգտակար լինել ազգային թիմին: 2011-ին, այնուամենայնիվ, Թումասյանը հրավիրվեց, բայց չժամանեց՝ հայտարարելով, որ փաստաթղթերի հետ խնդիրներ են առաջացել, ինչի համար խիստ քննադատության արժանացավ ՀՖՖ նախագահի կողմից: 2019-ին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ», բայց այդ ժամանակ նա արդեն 34 տարեկան էր, և հեռու էր լավագույն մարզավիճակից:
Իսկ առաջին ու առայժմ միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Ռուսաստանի հավաքականում, Արսեն Զախարյանն է, որը 2011-ին երկու անգամ մերժեց ՀՖՖ առաջարկը: Հայկական արմատներ է ունեցել նաև Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը, որի մայրը հայուհի է, բայց Գաբուլովը երբեք չի հրավիրվել Հայաստանի հավաքական:

Դարպասապահ օրիունդոները, ընդհանրապես, առաձին թեմա են: Կարեն Իսրայելյանը, Արամ Հայրապետյանը, Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Դավիդ Յուրչենկոն և Ստանիսլավ Բուչնևը՝ բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացի են եղել, հետագայում տեղափոխվել են հայկական ակումբներ և, բացառությամբ Յուրչենկոյի, այդտեղից հրավիրվել Հայաստանի հավաքական: Յուրչենկոն առաջին անգամ հրավիրվեց հավաքական 2015-ին, երբ ՀՖՖ-ն ակտիվ փոխարինող էր փնտրում Ռոման Բերեզովսկու համար, սակայն ռուսաստանցի դարպասապահը երազում էր խաղալ Ռուսաստանի հավաքականում: Ընդ որում, Յուրչենկոն կարող էր խաղալ նաև Թուրքմենստանի հավաքականում, քանի որ ծնվել էր այդ երկրում: 2020-ին դարպասապահը ընդունեց ՀՖՖ հրավերը, դրանից հետո միայն միացավ «Ալաշկերտին»:

2000-ականների կեսերից օրիունդոները սկսեցին ներգրավվել ոչ միայն ազգային, այլև երիտասարդական ու պատանեկան հավաքականներում, այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս, ճիշտ է՝ քչերին է հետագայում հաջողվել հասնել ազգային հավաքական: 2000-ականների կեսերին ռուսական «Ավտոդորի» հեռանկարային պաշտպան Բարսեղ Կիրակոսյանն այնքան լավ էր խաղում երիտասարդական հավաքականի կազմում, որ Միխայ Ստոյկիցան նկատեց ու հրավիրեց նաև ազգային թիմ, 2004-ին նա 4 հանդիպման մասնակցեց, սակայն ակումբային կարիերայում աճ չունեցավ, հիմնականում խաղում էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, ու հավաքականից այլևս հրավեր չեղավ:
Մոսկվայի «Սպարտակի» սան Արտակ Ալեքսանյանը, որը ծնունդով երևանցի է, սակայն երկու տարեկանից ապրում է Ռուսաստանում, նույնպես իրեն լավ էր դրսևորել Հայաստանի պատանեկան հավաքականում, 2009-ին էլ տեղափոխվեց «Փյունիկ» ու մեկ տարի անց հրավիրվեց ազգային հավաքական, բայց մասնակցեց ընդամենը երկու հանդիպման: Ալեքսանյանի ակումբային կարիերան չստացվեց, նա խաղաց հայկական ու ռուսական մի շարք ակումբներում, ու եթե հայկական թիմերում կարողանում էր իրեն դրսևորել, ապա ռուսական ակումբներում հիմնականում պահեստային խաղացող էր, ինչն էլ անդրադարձավ նրա՝ հավաքականի կարիերայի վրա:
Մեծ հույսեր էին կապվում նաև «Զենիթի» սան Արտյոմ Սիմոնյանի հետ: Կիսապաշտպանը 16 տարեկանում մեծ ուրախությամբ ընդունեց ՀՖՖ հրավերը ու միացավ Հայաստանի Մ17 հավաքականին, առաջատար ֆուտբոլիստ էր Հայաստանի բոլոր պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, բայց ազգային թիմում չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն՝ մասնակցելով 10 հանդիպման: Բեռնար Շալանդը Սիմոնյանին վստահեց, երբ նա դեռ 19 տարեկան էր: Բայց ակումբային կարիերայում Արտյոմը չէր կարողանում հաստատվել շվեյցարական «Ցյուրիխի» հիմնական կազմում, հետո տեղափոխվեց ու մի քանի տարի խաղաց Հայաստանում, բայց Ռուսաստան վերադառնալուց հետո դադարել է հրավիրել ազգային հավաքական: Այս մրցաշրջանում Սիմոնյանը չկարողացավ հաստատվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահ «Տորպեդոյում», ու վերադաձավ Առաջին դիվիզիոն:

Սերոբ Գրիգորյանը, Ռոբերտ Դարբինյանն ու Դավիթ Արշակյանը խաղացել են պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում, սակայն՝ առանց լուրջ հաջողությունների:
Սպասելիքները չարդարացրին նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» սաներ Հովհաննես Գոհարյանն ու Արշակ Կորյանը: Գոհարյանը ձախողված ակումբային կարիերա ունեցավ, իսկ Կորյանը, որը ժամանակին խաղացել էր Հայաստանի պատանեկան ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում, վերջին տարիներին հետընթաց է ապրում: Նա 2020-ին ընդունեց ՀՖՖ հրավերը, փոխեց սպորտային քաղաքացիությունը, մի քանի լավ հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում, բայց հետագայում վնասվածքի պատճառով կորցրեց իր տեղը ռուսական «Խիմկիի» հիմնական կազմում, և այժմ պահեստային ֆուտբոլիստ է առաջին լիգայի «Ալանիայում»:

Կորյանի հետ միասին Ռուսաստանի երիտասարդական հավաքականում էր խաղում նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Արմեն Համբարձումյանը, և նա էլ, Արշակի պես, սկզբում հրաժարվում էր Հայաստանի հավաքականի հրավերից․ այժմ կիսապաշտպանը խաղում է «Արարատ-Արմենիայում», հավաքականի թեկնածու է, սակայն դժվար թե կարողանա ընդգրկվել հիմնական կազմում:
Հավաքականի մեկ այլ խնդրահարույց՝ կենտրոնական հարձակվողի դիրքում նույնպես լուծումներ էին փնտրվում արտերկրում: Անդրեյ Մովսեսյանից հետո Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռոբերտ Զեբելյանը: Բարձրահասակ ֆուտբոլիստը 2006-ին 23 գոլ խփեց Առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող «Կուբանի» կազմում, ու թեև նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու էր, բայց ընդունեց հրավերը պատմական հայրենիքից ու միացավ ազգային թիմին, որն այն ժամանակ գլխավորում էր Յան Պորտերֆիլդը՝ միանգամից դառնալով հիմնական կազմի խաղացող: Ցավոք, Զեբելյանը չարդարացրեց հույսերը, և նրա ամենահիշարժան դրվագները հավաքականի մարզաշապիկով Սերբիայի հավաքականի հետ տնային խաղում մահացու դիրքերից վրիպումներն էին, որոնք կարող էին հաղթանակ պարգևել հավաքականին: 2006-ը Զեբելյանի կարիերայում լավագույնն էր, հետագայում նա չկարողացավ հասնել այդ տարվա խաղամակարդակին․ խանգարում էին վնասվածքները: 2011-ին, թվում էր, վերադառնալով «Ժեմչուժինա», կարողացավ վերակենդանացնել կարիերան, նույնիսկ հրավիրվեց հավաքական Ռուսաստանի հետ խաղից առաջ, տեղափոխվեց Մինսկի «Դինամո», որտեղից էլ՝ ղազախական «Տոբոլ», բայց վերջինիս կազմում 2011-ին մեջքի ծանր վնասվածք ստացավ, որի պատճառով 27 տարեկանում ավարտեց կարիերան, ու այժմ զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով:

Ռոստովցի Եղիա Յավրույանը պատանեկան տարիքում տեղափոխվել էր Հունգարիա, որտեղ էլ սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան, 2001-ին էլ հրավիրվել էր Ռուսաստանի երիտասարդական հավաքական: Յավրույանը ռմբարկուի համբավ ձեռք բերեց Հունգարիայում և Իսրայելում, որտեղ 2006-2010 թվականներին դարձավ 32 գոլի հեղինակ: ՀՖՖ հրավերը Յավրույանը 28 տարեկանում ընդունեց 2009-ին, երբ թվում էր, որ գտնվում է մարզավիճակի գագաթնակետին, բայց մեկ տարի անց տեղափոխվեց Իսրայելի՝ եվրագավաթներում խաղացող «Բնեյ Յեհուդա» ակումբ, որտեղ չկարողացավ ամրապնդվել, ու սկսվեց կարիերայի անկումը: Հավաքականում Յավրույանն անցկացրեց 4 հանդիպում ու չկարողացավ դրսևորել իր ռմբարկուական որակները:
Նույնը չի կարելի ասել Արթուր Սարկիսովի մասին: Արագավազ ֆուտբոլիստը բավականին ուշ էր սկսել ֆուտբոլային կարիերան, բայց իր բարձր արագության շնորհիվ կարողացել էր գրավել Մոսկվայի «Լոկոմոտիվի» սկաուտների ուշադրությունը, ու թեև հիմնական կազմում չէր խաղացել, բայց դարձել էր «Լոկոմոտիվ-2»-ի ֆուտբոլիստ: 2011-ին Սարկիսովը վարձավճարով տեղափոխվեց Յարոսլավլի «Շիննիկ» և այդ ժամանակ էլ հրավեր ստացավ Վարդան Մինասյանից, որը փոխարինող էր փնտրում որակազրկված Յուրա Մովսիսյանին: Սարկիսովն արագորեն մերվեց հավաքականին, իր երրորդ խաղում գրավեց Սլովակիայի հավաքականի դարպասը, մեկ ամիս անց գոլ խփեց Մակեդոնիային ու ռուս մեկնաբանի կողմից կնքվեց որպես «չորրորդ գոլերի լավագույն վարպետ Եվրոպայում»: Հավաքականում վստահ ելույթների շնորհիվ Արթուրը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա, մինչև 2019-ը խաղաց հավաքականում, որի կազմում անցկացրեց 41 հանդիպում ու դարձավ 6 գոլի հեղինակ:

Ռուսլան Կորյանը ևս հրավիրվեց հավաքական Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից՝ «Լուչ-Էներգիայից»: Կորյանի հրավերը մի փոքր անսպասելի էր, քանի որ շատերը հավաքականում 2015-ին սպասում էին մյուս Կորյանին՝ Արշակին, բայց Ռուսլանն ազգային թիմում նորամուտը նշեց իր ազգակցականից 5 տարի շուտ: Այդ ժամանակ հավաքականը նորից խնդիրներ ուներ կենտրոնական հարձակվողի դիրքում. Յուրա Մովսիսյանը վատ մարզավիճակում էր, Սարկիսովը վնասվածք ուներ, և Կորյանը նույնիսկ ընդգրկվեց հիմնական կազմում: Ռուսլանը 3 տարվա ընթացքում մասնակցեց 14 հանդիպման, դարձավ երեք գոլի հեղինակ ու, ընդհանուր առմամբ, թողեց լավ տպավորություն:
Իհարկե, կային ֆուտբոլիստներ, որոնց ներկայությունը հավաքականում գրեթե նկատելի էլ չէր, որոշ դեպքերում նույնիսկ զարմանք էր առաջացնում: Կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Պարցիկյանը 2003-ին Սոչիի «Ժեմչուժինայից» տեղափոխվեց Երևանի «Փյունիկ» ու միանգամից հրավիրվեց ազգային հավաքական՝ իր ակտիվում ունենալով 11 հանդիպում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (1999-ին): Պարցիկյանը հավաքականում երեք խաղի մասնակցեց 2003-ին, հաջորդ տարի հեռացավ «Փյունիկից» ու այլևս չհրավիրվեց՝ նույնիսկ 2006-ին, երբ վերադարձել էր «Փյունիկ»:
Էլ ավելի տարօրինակ էր Դենիս Թումասյանի եղբոր՝ Ալեքսանդրի հրավերը 2014-ին: Կիսապաշտպանն այդ ժամանակ խաղում էր ֆիննական «Յարոյում»: Թումասյանը երկու ընկերական խաղի մասնակցեց: Եզրային պաշտպան Սերգեյ Ավագիմյանն էլ հայտնի էր Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հեռահար հարվածներով խփած գոլերով։ 2016-ին Ավագիմյանը «Բայկալից» տեղափոխվեց Երևանի «Արարատ», և Վարուժան Սուքիասյանը հրավիրեց նրան Հայաստանի հավաքական: Սալվադորի հավաքականի հետ ընկերական խաղում Ավագիմյանն իր միակ հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում:
Այժմ Հայաստանի հավաքականում ելույթ են ունենում Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Դավիդ Դավիդյանը, նախորդ տարի հրավեր էին ստանում Արտյոմ Ավանեսյանը, Իշխան Գելոյանն ու Արթուր Գալոյանը: Կասկած չկա, որ առաջիկա տարիներին ցուցակը կշարունակի համալրվել, քանի որ ռուսական առաջատար ակումբների մարզադպրոցներում հայ ֆուտբոլիստների թիվը շարունակում է աճել:


