
Հայկական ակումբները մեկնարկեցին եվրոգավաթների 2017/18թթ. մրցաշրջանում՝ անցկացնելով առաջին 4 հանդիպումները: VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 փաստ, որոնք առանձնացել են դիմակայությունների առաջին խաղերից:
1. Եվրոգավաթների 2017/18թթ. խաղարկության մեկնարկն ընդհանուր առմամբ անհաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Ասպարեզ դուրս եկած հայկական 4 ակումբներից 3-ը պարտվեցին և միայն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց: 4 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 2 գոլ խփեցին, սեփական դարպասը 7 գնդակ բաց թողեցին:
Համեմատության համար նշենք, որ եվրոգավաթների նախորդ խաղարկությունում մեկնարկն ավելի հիասթափեցնող էր: «Փյունիկը», «Բանանցն» ու «Շիրակը» պարտությամբ էին սկսել Եվրոպա լիգայի մրցաշարը, իսկ «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայում մեկնարկել էր գոլազուրկ ոչ-ոքիով: Մեր 4 թիմերը 360 րոպե շարունակ այդպես էլ չէին կարողացել գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ սեփականն ընդունելով 4 գնդակ:
2. Երրորդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրոգավաթների մրցաշարերում, «Ալաշկերտը» 2-րդ անգամ մեկնարկեց հաղթանակով: Հիշեցնենք, որ 2015/16թթ. մրցաշրջանում «Ալաշկերտը» եվրոգավաթներում նորամուտը նշել էր հաղթանակով՝ Եվրոպա լիգայի մրցաշարի մեկնարկային խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին»:
Հայաստանի չեմպիոնն առայժմ վստահ է հանդես գալիս սեփական հարկի տակ՝ անցկացրած 5 հանդիպումներից 4-ում հաղթելով, մեկն ավարտելով ոչ-ոքի: «Ալաշկերտը» եվրոգավաթների մասնակից հայկական 16 թիմերից միակն է, որի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը բացասական չէ: Ալաշկերտցիներն անցկացրած 9 հանդիպումներում խփել և բաց են թողել 9-ական գնդակ:

3. «Փյունիկը» եվրոգավաթներում խոշոր հաշվով 8-րդ պարտությունը կրեց: Սեփական հարկի տակ փյունիկցիները 2-րդ անգամ պարտվեցին 1-4 հաշվով: Առաջին անգամ դա պատահել էր 2014/15թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում, ղազախական «Աստանայի» հետ մրցախաղում:
Սեփական հարկի տակ «Փյունիկն» ավելի խոշոր հաշվով պարտվել է 2011/12թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ զիջելով Պլզենի «Վիկտորիային» (0-4): Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը փյունիկցիները կրել են նորվեգական «Մոլդեից»՝ մրցակցի հարկի տակ 5 անպատասխան գնդակ բաց թողնելով սեփական դարպասը:
18-րդ անգամ մասնակցելով եվրոպական գավաթների խաղարկություններին, «Փյունիկը» 9-րդ անգամ մրցաշարը սկսեց պարտությամբ: Միայն 5 անգամ են փյունիկցիները մեկնարկային հանդիպումներում հաղթել, 4 անգամ էլ խաղն ավարտել են ոչ-ոքի: Եվրոգավաթների մրցաշարերում «Փյունիկը» 47-րդ խաղն անցկացրեց ու 26-րդ պարտությունը կրեց:
4. Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունը 15-րդն է «Շիրակի» համար: Գյումրեցիները 9-րդ անգամ մեկնարկեցին պարտությամբ: Նրանք 4 անգամ մրցաշարը սկսել են հաղթանակով, 2 անգամ մեկնարկային խաղն ավարտել են ոչ-ոքի: Շիրակցիները 6-րդ տարին անընդմեջ եվրոպական ասպարեզ դուրս եկան:
«Շիրակը» 3-րդ անգամ մրցաշարը պարտությամբ սկսեց: Մյուս 3 մեկնարկները թիմի համար հաղթական էին:
4. «Գանձասար Կապանը» 4-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ եվրոգավաթներում: Եվ կրկին մեկնարկն անհաջող էր. գանձասարցիները մեկնարկային բոլոր հանդիպումներում էլ պարտվել են: Վերջին անգամ կապանցիները եվրոգավաթներում հանդես էին եկել 2013/14թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում՝ երկու հանդիպումներում էլ միևնույն 1:2 հաշվով պարտվելով ղազախական «Ակտոբեին»:
5. «Գորիցան» Սլովենիայի երկրորդ ներկայացուցիչն էր, որ մրցեց հայկական ակումբի հետ: Հայ-սլովենական առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2002/03թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Այն անհաջող էր Հայաստանի ներկայացուցիչ Երևանի «Զվարթնոցի» համար, որը երկու խաղերի ընդհանուր արդյունքով (1:6, 2:0) հաջորդ փուլի ուղեգիրը զիջեց «Պրիմորիեին»:
6. Բրատիսլավայի «Սլովանը» Սլովակիայի 4-րդ ներկայացուցիչն էր, որ հանդիպեց հայկական թիմի հետ: Մեր թիմերը սլովակների հետ անցկացրած 7 հանդիպումներում 4-րդ պարտությունը կրեցին:
Հիշեցնենք, որ 2000/01թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Արարատը» երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել էր «Կոշիցեին» (2:3, 1:1): 2007/08թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում նույն բախտին էր արժանացել «Միկան»՝ չկարողանալով հաղթահարել «Արտմեդիայի» արգելքը՝ 2:1, 0:2: Անցած մրցաշրջանում էլ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակը» պայքարից դուրս մնաց Տրնավայի «Սպարտակի» հետ մրցավեճում (1:1, 0:2):
8. Հայաստանի և Չեռնոգորիայի ակումբների ճանապարհները եվրոգավաթներում 4-րդ անգամ հատվեցին: Հայկական ակումբները չեռնոգորցիների հետ մրցավեճում 3-րդ պարտությունը կրեցին:
Հիշեցնենք, որ չեռնոգորցիների հետ առաջին ծանոթությունը կայացել է 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում, որում միանգամից երկու թիմերի՝ «Շիրակին» և «Փյունիկին» բաժին էին հասել այդ երկրի ներկայացուցիչները: «Փյունիկը» շատ անհաջող անցկացրեց «Զետայի» հետ երևանյան առաջին հանդիպումը՝ պարտվելով 0:3 խոշոր հաշվով: Պատասխան խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակը «Փյունիկի» համար այլևս ոչ մի նշանակություն չուներ:
Իսկ ահա «Շիրակին» հաջողվեց հաղթահարել «Ռուդարի» արգելքը (1:0, 1:1) ու մտնել հաջորդ փուլ: Հաջորդ մրցաշրջանում «Ռուդարի» հետ Եվրոպա լիգայի մրցաշարում մրցավեճի բռնվեց «Միկան», որին չհաջողվեց կրկնել «Շիրակի» հաջողությունը (0:1, 1:1):
9. Ալաշկերտցի Ուրոշ Նենադովիչը և «Փյունիկի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը բացեցին գոլերի հաշիվը եվրոգավաթներում: Նենադովիչը եվրոգավաթներում «Ալաշկերտում» գոլի հեղինակ դարձած երկրորդ լեգեոնականն է: Մինչ այդ աչքի էր ընկել բրազիլացի Հեբեր Արաուխոն՝ դառնալով 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Կայրաթի» դարպասը խփած հաղթական գոլի հեղինակը:
10. Վահագն Մինասյանն ու Արտակ Գրիգորյանն «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից միակն են, ովքեր մասնակցել են եվրոգավաթներում թիմի անցկացրած բոլոր 9 հանդիպումներին: Գրիգորյանն «Ուլիսում», «Գանձասար Կապանում» և «Ալաշկերտում» եվրոգավաթներում ընդհանուր առմամբ 17 խաղ է անցկացրել: Մինասյանի համար հերթական հանդիպումը 16-րդն էր: Բացի «Ալաշկերտից», նա եվրոգավաթներում կրել է նաև «Արարատի» և «Փյունիկի» մարզաշապիկները:
Գործող ֆուտբոլիստներից բոլորից շատ խաղ է անցկացրել եվրոգավաթներում «Գանձասար Կապանի» կազմում նորամուտը նշած Արթուր Յուսպաշյանը՝ 22: Իսկ ռեկորդակիրն Աղվան Մկրտչյանն է, ով մասնակցել է 32 խաղի:
Աշոտ Հայրապետյան

