Logo

Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
05 18 - Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

Ժեստերը սեփական մտքերի, վերաբերմունքի արտահայտման յուրահատուկ ձև են, որոնք երբեմն ավելին կարող են ասել, քան բառերը։ Մարդկության պատմության ընթացքում ձևավորվել, կիրառվել ու մոռացվել են բազմահազար ժեստեր, որոշներն էլ ակտիվ գործածության մեջ են մինչ օրս: Այսօր կխոսենք հայտնի ժեստերի, դրանց նշանակության ու ծագման մասին:

Օկ

3 - Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

«Օկ» ձեռքի շարժումը կազմված է բութ մատից և ցուցամատից. այն նշանակում է, որ ամեն ինչ կարգին է կամ ճիշտ է: Ֆրանսիայում ժեստը նշանակում է «զրո» կամ կիրառվում է, երբ որևէ մեկը մյուսին ուզում է հասկացնել, որ ինչ-որ բան «անտեղի է»: Հունաստանում և Թուրքիայում այս ժեստը գռեհիկ, վիրովորական նշանակություն ունի, դե իսկ Միջին Արևելքի երկրներում, օրինակ՝ Քուվեյթում, «ՕԿ» նշանակում է չար աչք:

Ցուցամատի և բութ մատի հպման շնորհիվ օղակ ստանալու, իսկ մյուս մատները երկարաձգելու միջոցով ձևավորված ժեստերը հայտնվել են Հունաստանում դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Դրանք կարելի է տեսնել հունական նկարազարդ ծաղկամանների վրա՝ որպես սիրո դրսևորում. հետաքրքիր է, որ բութ մատի և ցուցամատի հպումը համբուրվող շուրթերի խորհուրդ է ունեցել: Մեզ հայտնի նշանակությամբ ժեստը սկսել է գործածվել արդեն մ.թ.ա. 1-ին դարի Հռոմում՝ տեղացի ականավոր հռետոր  Քվինտիլիանուսի կողմից: Միաժամանակ նշանն օգտագործվել է բուդդայականության և հինդուիզմի մեջ՝ որպես ներքին կատարելության խորհրդանիշ։

Էթոլոգ Դեսմոնդ Մորիսը պնդում է, որ միացված բութ մատը և ցուցամատը նշանակում են ճշգրտություն՝ որևէ բանի ընկալման մեջ, ինչպես նաև ձևավորված շրջանը ընկալվում է, որպես կատարելության մարմնավորում, այդպիսով, ըստ վերջինիս, ժեստի միջմշակութային իմաստը այն է, որ ամեն ինչ «միանգամայն ճիշտ է» կամ «կատարյալ»:  Անգլալեզու աշխարհում ժեստերի օգտագործման մասին վաղ վկայությոնները թվագրվում է 1644 թվականից, երբ բրիտանացի բժիշկ-փիլիսոփա Ջոն Բուլվերը գրեց իր «Հիրոլոգիան»։ Բուլվերի նկարագրած բազում ձեռքի ժեստերի շարքում նկարագրվում է հետևյալը. «Ցուցամատի վերևի մասը տեղափոխվում է այնպես, որ այն կապվում է կողքի բութ մատի եղունգին, իսկ մյուս մատները մնում են թուլացած», Բուլվերը նշել է, որ դա «հարմար է նրանց համար, ովքեր գոհունակություն են հայտնում կամ հավանություն են տալիս»:

19-րդ դարի սկզբին այս ժեստը ԱՄՆ-ում ասոցացվում էր «O» (շրջանից) և «K» (երկարաձգված մատներից) տառերի հետ։ Թեև հայտնի չէ, թե ինչպես են «OK» ժեստը և համապատասխան բանավոր արտահայտությունը միաձուլվել, լեզվաբան Ալան Մետքալֆը դրա արմատները տեսնում է 1839 թվականին «The Boston Post»-ում հրապարակված հումորային հոդվածում, որտեղ «OK»-ն օգտագործվում է, իբրև «orl korrek» արտահայտության հապավում. արտահայտությունն ինքնին հումորային հղում է «all correct» բառակապակցության ներգաղթյալների արտասանությանը:

Խաչված մատներ

8 - Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

Խաչված մատների ժեստը սովորաբար օգտագործվում է հաջողություն մաղթելու համար։ Երբեմն մեկնաբանվում է, որպես աղոթք առ Աստված՝ պաշտպանություն ստանալու նպատակով։ Այս ժեստը հայտնի է «խաչի՛ր մատներդ», «մատներդ խաչված պահի՛ր» կամ պարզապես «խաչված մատներ» տարածված արտահայտություններով։ Մատները խաչելու գործողությունը հիմնականում կապված է քրիստոնեության հետ։  Քրիստոնյաները մատները խաչում էին Քրիստոսի խաչից զորություն, օրհնություն ստանալու համար։ 16-րդ դարի Անգլիայում մարդիկ մատները խաչում էին կամ խաչի նշան անում՝ չարից խուսափելու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ հազում էին կամ փռշտում։

Ժեստը ծագել է Իսրայելի թագավորությունում։ Մովսեսի իրավունքի դատարանները հաճախ վճիռներ էին կայացնում «Թող Աստված գթա Ձեր հոգուն» արտահայտությամբ՝ վերահաստատելու Աստծո գերագույն իշխանությունն օրենքի նկատմամբ։ Դատավորների մեծ մասը կարծում էր, որ չնայած մարդկանց մահվան դատապարտելու իրենց  իրավասությանը, անձամբ նրանք չունեն հոգիներ ոչնչացնելու լիազորություն և միայն Աստված կարող է դա անել։ Արդյունքում, որոշ դատավորներ արտահայտությունը ասելիս խաչում էին իրենց մատները՝ համարելով այն աղոթք հանցագործի հոգու հանգստության համար։

Վիետնամում «խաչված մատները» համարվում է կոպիտ ժեստ դիմացինի նկատմամբ, իսկ գերմանախոս երկրներում, ինչպես նաև Շվեդիայում, այն ստախոսության նշան է։ Դե իսկ աշխարհի շատ երեխաներ հաճախ են ժեստն օգտագործում իրենց սուտը արդարացնելու համար։ Համոզմունք կա, որ մատները խաչելը անվավեր է դարձնում տված խոստումը։

 

Այծ

6 - Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

«Այծ» կամ «եղջյուրներ» ժեստը հաճախ օգտագործվում է երաժիշտների կամ նրանց երկրպագուների կողմից: Սակայն չարժե այն ցույց տալ Իտալիայում՝ հատկապես տղամարդկանց, քանի որ այն ակնարկում է կնոջ անհավատարմությունը:

«Այծը» հին հունական և հռոմեական հռետորների դասական ժեստն է: Այն նկարագրված է հռետորության ամենահին հեթանոսական դասագրքում ՝ Ֆաբիուս Մարկուս Քվինտիլյանի «Հռետորի կրթությունը»: Քվինտիլյանի նկարագրած ինը ժեստերի շարքում սա երկրորդն է, որն օգտագործվում է հռետորաբանների կողմից: Ժեստը նաև մոգական նշանակություն ունի. այն պաշտպանում է չարիքից և այս իմաստով կիրառվում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայ առավել սնահավատ մարդկանց կողմից՝  չար աչքից և կախարդներից պաշտպանվելու համար: Այս կոնտեքստում «այծը» հիշատակվում  է Բրեմ Ստոկերի «Դրակուլա» վեպում:

Այդուհանդերձ, արդեն այսօր ժեստը առավելապես ասոցացվում է ռոքի ու ռոք երաժիշտների հետ: «Այծը» ռոքի սիմվոլ է դարձել շնորհիվ անգլիական լեգենդար Black Sabbath-ի երբեմնի վոկալիստ Ռոնի Ջեյմս Դիոյի, որն էլ համերգներից մեկը ընթացքում բեմից «այծ» ցույց տվեց. արդյունքում երկրպագուներին դուր եկավ ժեստն ու նրանք սկսեցին դա կիրառել՝ ի նշան հավանության արտիստի կամ խմբի հանդեպ: Ռոնիին այս ժեստը սովորեցրել էր իր տատիկը՝ մի սնահավատ իտալուհի: Ռոնիի հիշողությունների համաձայն, տատիկն այս նշանն էր ցույց տալիս, երբ հանդիպում էր գնչուների կամ այլ կասկածելի մարդկանց և թոռանը բացատրում էր, որ հակառակ դեպքում իրենց «աչքով կտան»: Ժոստը բավականին համահունչ էր Black Sabbath-ի առեղծվածային երգերի հետ: Ռոնիից հետո ժեստը լայն կիրառության մեջ մտավ հատկապես մետալիստների շրջանում. ժամանակի հետ այն սկսեցին կրառել նաև այլ ռոք աստղեր, օրինակ՝ Kiss-ի Ջին Սիմոնսը և Parliament-Funkadelic-ի երաժիշտները:


«Չեմ կարծում, որ ես առաջին մարդն եմ, ով օգտագործել է այս ժեստը. դա նույնն է, ինչ հեծանիվ հայտնաբերելը: Թեև, կարելի է ասել, որ ես այն մոդայիկ դարձրի: Դա մի սիմվոլ էր, որն արտացոլում էր այն ամենն, ինչ կապված էր մեր խմբի հետ: Դրանում «սատանայական» ոչինչ չկա, ինչպես ասում են ոմանք: Իտալացի տատս ասում էր, որ դա վախեցնում է «չար աչքին»: Ընդամենը խորհրդանիշ, որն ունի մոգական իմաստ և կարծում եմ, որ այն չափազանց համահունչ էր Black Sabbath-ի հետ: Այժմ այս ժեստն օգտագործում է՝ ով պատահի, և այն կարծես թե կորցրել է իր նախնական իմաստը»

Ռոնի Ջեյմս Դիո

 

Վիկտորիա

5 - Հայտնի ժեստերն ու դրանց իրական նշանակությունները

«Վիկտորիա» ժեստը ձեռքի ցուցամատի և միջնամատի օգնությամբ V տառի պատկերումն է, որը շատ երկրներում խորհրդանշում է հաղթանակ կամ խաղաղություն: Սակայն Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ավստրալիայում, եթե Ձեր ձեռքի ափը V նշանով թեքված լինի դեպի զրուցակիցը, ապա այն կունենա «հեռու մնա ինձանից, քանի հարցերդ չեմ լուծել» նշանակությունը: 60-ականների երկրորդ կեսին ժեստը լայն տարածում գտավ հիպիների շրջանում. այս կոնտեքստում V նշանակում էր Վիետնամ և արտահայտում պատերազմը դադարեցնելու պահանջ ՝ դառնալով պացիֆիզմի խորհրդանիշ:

«Վիկտորիա» ժեստի ծագման վերաբերյալ գոյություն ունի միջնադարյան քաղաքային լեգենդ, համաձայն որի հարյուրամյա պատերազմի ժամանակ կտրում էին ֆրանսիացիներին սարսափ պատճառող անգլիացի և ուելսեցի նետաձիգների աջ ձեռքի հենց այդ երկու մատները, որպեսզի նրանք հետագայում չկարողանան օգտագործել իրենց աղեղները։ Նետաձիգները, իմանալով այդ մասին, մարտից առաջ բարկացնում էին ֆրանսիացիներին՝ ցույց տալով իրենց անվնաս մատները՝ «Վախեցե՛ք, թշնամինե՛ր»։ Սակայն այդ վարկածը պատմական աղբյուրներում չի հաստատվում։ Ենթադրաբար այդ պատմությունը, այսպես կոչված, քաղաքային լեգենդ է, և հորինվել է բոլորովին վերջերս՝ 1980-ական թվականներից ոչ շուտ։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ