Logo

Արմեն Գյոզալյան. «Արդյունքները գնահատելիս պետք է հաշվի առնենք վերջին երկու տարիների առանձնահատկությունները»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:08 / 08.09.2022• Հեծանվասպորտ
Բացառիկ
null

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ընդհանուր առմամբ գոհ է ընթացիկ մրցաշրջանի միջազգային մեկնարկներում հայ մարզիկների գրանցած արդյունքներից։ VNews-ի հետ զրույցում նա նշեց, որ ցուցանիշները կարող էին ավելի բարձր լինել, եթե չզգացվեր հայ հեծանվորդների մրցափորձի պակասը։

2022 թվականին Հայաստանի հեծանվորդները մասնակցել են Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։

«Արդյունքները գնահատելիս պետք է հաշվի առնենք, որ վերջին երկու տարիներին հայ հեծանվորդները համավարակի և պատերազմի պատճառով գործնականում զրկված են եղել միջազգային մրցափորձը հարստացնելու հնարավորությունից։ Այս տարի էլ մեր ծրագրերը խախտեցին Ռուսաստանի և Բելառուսի դեմ միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների կիրառած պատժամիջոցները, քանի որ մեր փորձամրցումները հիմնականում նախատեսված էին հենց այդ երկրներում, բայց մասնակցել այդպես էլ չկարողացանք։

Կարելի է ասել՝ հընթացս մասնակցեցինք պաշտոնական մրցումների, և դա չէր կարող չանդրադառնալ արդյունքներին։ Նույնիսկ այդ պարագայում Վահե Վիրաբյանը հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության միավորներով խմբակային մրցավազքում 24 մասնակիցների հաշվարկում 12-րդ արդյունքը գրանցեց։ Իսկ նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությունում Վահեն 16-րդն էր։ Հասկանում եմ, որ տարիներ առաջ Էդգար Ստեփանյանի նվաճած ոսկե և արծաթե մեդալներից հետո հիմա Վահեի արդյունքները համեստ են թվում։ Բայց դա այդպես է մարզասերների տեսանկյունից, իսկ որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ արդյունքը շատ լավն է»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ասպարեզ է դուրս գալիս խոստումնալից հեռանկարային երիտասարդ հեծանվորդների նոր սերունդ, որի առաջընթացի ապահովման կարևոր նախապայմաններից է միջազգային մրցաշարերին հաճախակի մասնակցությունը։

«Տեսե՛ք, այս տարվա օրացուցային պլանով նախատեսել էինք մասնակցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մինսկում անցկացվելիք բավական ուժեղ 6 մրցաշարի, սակայն փետրվարի 24-ից հետո մեր ծրագրերը լիովին խախտվեցին, քանի որ միջազգային կառույցները խստիվ արգելեցին պատժամիջոցների ենթարկված երկրներում մրցումների մասնակցել։ Չես կարող մեկ օրում որոշել, գնալ ու մասնակցել միջազգային մրցաշարերի։ Այդպիսով՝ մնացինք առանց փորձամրցման և դա, ինչ խոսք, զգալ տվեց։ Մարզիչներս էլ զրկվեցինք հեծանվորդների նախամեկնարկային պատրաստականության աստիճանը հստակ գնահատելու, ժամանակային առումով համեմատություններ անելու, թերություններն առանձնացնելու ու շտկելու հնարավորությունից։ Առանց միջազգային մրցումների մասնակցության մարզիկները, թեկուզև ամբողջ տարի մարզվելով և հավաքներ անցկացնելով, չեն կարող բարձր արդյունքների հասնել։ Նման պայմաններում մեր մարզիկը 12-րդն էր Եվրոպայում։ Վստահ եմ՝ եթե մինչև Եվրոպայի առաջնությունը Վահեն միջազգային 4-5 մրցման մասնակցեր, ապա կլիներ ոչ թե երկրորդ տասնյակում, այլ առնվազն լավագույն հնգյակում։ Նա լավ ներուժ ունի, հատկապես ուժեղ է խմբակային մրցավազքում։ Հաջորդ տարվանից Վիրաբյանը լիարժեք կարող է մասնակցել մինչև 23 տարեկանների և մեծահասակների մրցումներին։ Նրանից լուրջ սպասելիքներ ունենք»,- հավաստիացրեց Արմեն Գյոզալյանը։

Նա հիշեցրեց, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Ստեփան Գրիգորյանը 16-րդ արդյունքն է գրանցել հրապարակային հեծանվավազքի խմբակային մրցավազքում և օմնիում մրցաձևում, իսկ խճուղային հեծանվավազքում եղել է 31-րդը։ Մարզիչը դժգոհ է պատանեկան օլիմպիական փառատոնում մեր մարզիկների գրանցած արդյունքից՝ նշելով, որ ավելին էր ակնկալում։

Ամենայն հավանականությամբ՝ այս մրցաշրջանում հայ հեծանվորդների միջազգային վերջին մեկնարկը կլինի հոկտեմբերի 11-14-ն Իրանում կայանալիք խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Մասնակցության հարցը վերջնականապես կհստակեցվի հաջորդ շաբաթ։ Մրցմանը նախատեսվում է գործուղել Ալեքս Արամայիսյանին, Վահե Վիրաբյանին, Խաչատուր Չալյանին և, հավանաբար, պատանի հեծանվորդներ Նարեկ Դավթյանին ու Արթուր Բարևջյանին։

Սեպտեմբերի 24-ին և 25-ին էլ կանցկացվի ԿԳՄՍ նախարարության հաստատած և օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի օրացուցային պլանում ընդգրկված հանրապետական երկու մրցաշար՝ նվիրված Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի հիշատակին և Հայաստանի անկախության օրվան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ